Ալիևը «Զանգեզուրի միջանցք»-ը փոխարինում է Իրանով անցնող «Արաքսյան միջանցքո՞վ»

Լուրեր

09.05.2025 | 11:46
Ուկրաինական կողմը հայտնում է, որ ՌԴ-ն շարունակում է հրետակոծությունները՝ չնայած Պուտինի հրադադարին
09.05.2025 | 11:35
Բաքվում շինծու գործերով նիստում, իբր, «Քարվաճառի օկուպացիայի» հետ կապված տեսանյութեր են ցուցադրվել՝ Արշավիր Ղարամյանի մասնակցությամբ
09.05.2025 | 11:26
Մոսկվայում մեկնարկել է մայիսի 9-ի զորահանդեսը․ հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
09.05.2025 | 11:21
Մինչև Պրահա հասա. Երկրորդ աշխարհամարտի վետերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 11:07
Զելենսկիի հետ զրույցից հետո Թրամփը Մոսկվային ու Կիևին 30-օրյա հրադադարի կոչ է արել՝ այն չհարգելու դեպքում սպառնալով պատժամիջոցներով
09.05.2025 | 10:58
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ՝ ներկա գտնվելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 10:55
Ինքնիշխանությունը հարգելով․ Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 10:40
Խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել․ Վահագն Խաչատուրյան
09.05.2025 | 10:25
Այս պահին մեր դիրքորոշման փոփոխություն չկա. ԱԳ փոխնախարարը` այսպես կոչված, միջանցքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 10:10
Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Գարեգին Բ
09.05.2025 | 10:00
Բաքուն կրակոցների վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել, հետաքննել ենք և պարզել` խախտում չկա․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 09:54
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
09.05.2025 | 09:39
Այսօր խաղաղության ուղերձ ունեմ. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2025 | 09:14
Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը․ Փաշինյան
09.05.2025 | 08:58
Մայիսի 9-ի առթիվ պաշտոնյաներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգի. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվում այցով գտնվող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախօրեին երեկոյան մասնակցել է Հեյդար Ալիևի կենտրոնում տեղի ունեցած ադրբեջանա-իրանական գործարար ֆորումին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իր խոսքում, Ալիևը, մասնավորապես, խոսել է  համատեղ  նախագծերից ու տրանսպորտային միջանցքներից՝հատկապես կարևորելով Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդուղին՝ որևէ կերպ չանդրադառնալով Բաքվի կողմից առաջ մղվող այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

«Ադրբեջանն ու Իրանը ներգրավված են նաև կարևոր միջազգային նախագծերում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում, որտեղ մենք սերտորեն համագործակցում ենք։Մենք ցանկանում ենք, որ սա լինի ոչ միայն տրանսպորտային միջանցք, այլև հնարավորություններ ստեղծի նոր բիզնեսներ բացելու և ճանապարհի երկայնքով նոր արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու համար՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Իրանում։ Դրա համար կան բազմաթիվ հնարավորություններ»,-ասել  է Ադրբեջանի նախագահը՝ հրավիրելով իրանական ընկերություններին մասնակցել  երկրում ենթակառուցվածային նախգծերում (երկաթուղիներ, մայրուղիներ, կապի գծեր, էլեկտրահաղորդման գծեր), այդ թվում՝ Արցախի շրջաններում շինարարական աշխատանքներին։

Միաժամանակ, Ալիևը խոսել է «Արաքսյան միջանցքի» մասին։ Բաքուն հենց այսպիսի անվանում է տվել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։

«Միաժամանակ, «Արաքսի միջանցք» նախագիծը մեծ ուշադրություն է գրավում, և այս նախագծի շուրջ տարբեր հիպոթեզներ ու լուրեր են շրջանառվում ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում։ Իրականում դրա համար որևէ հիմք չկա։ Քանի որ դա պարզապես նոր տրանսպորտահաղորդակցական նախագիծ է, որը Իրանի տարածքով կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Միաժամանակ, այստեղ կստեղծվեն մեծ տարանցիկ հնարավորություններ։ Սա միայն այս տարածաշրջանի համար նախատեսված նախագիծ չէ։ Մենք կարծում ենք, որ սա պետք է լինի Ասիայից Եվրոպա ձգվող տրանսպորտային միջանցքի մի ճյուղ»,-ասել է Ալիևը՝ նշելով, թե պետք է ստեղծվի նոր տրանսպորտային միջանցք, որը մի կողմից կձգվի դեպի Միջերկրական ծով, մյուս կողմից՝ դեպի Պարսից ծոց, և դրանից կշահեն շատ երկրներ։

«Բնականաբար, այս նախագծի իրականացման գործում գլխավոր դերը դեռևս պատկանում է մեր երկրներին, և այս ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները գրեթե ավարտված են։ Ադրբեջանական կողմում Արաքս գետի վրայով կամրջի շինարարությունը գրեթե ավարտված է, այդ թվում՝ սահմանային անցակետի կառուցումը։ Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի՝ ճանապարհային կամուրջը կարող է շահագործման հանձնվել այս տարվա վերջին»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։ Ըստ նրա՝ երկաթուղային կամրջի հարցը նույնպես քննարկման առարկա է։ Բաքուն կարող է իր «երկաթուղին մինչև Իրանի հետ սահմանը՝ Զանգիլան-Աղբանդ ուղղությամբ հաջորդ տարի երկարացնել, և, բնականաբար, եթե Իրանում երկաթուղու կառուցում է նախատեսվում, ապա դա նույնպես միջազգային տրանսպորտային միջանցք կլինի»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում ևս անդրադարձել է հաղորդակցության ուղիներին։

«Ադրբեջանը և Իրանը, որպես տրանսպորտային ուղիների հատման կետում գտնվող երկրներ, կարող են իրականացնել մեր միջև հիմնական տրանսպորտային միջանցքներն ու երթուղիները՝ Հյուսիս-Հարավ, ինչպես նաև մեր և Ռուսաստանի միջև Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները։ Սա ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առևտրի, գիտության, առկա փորձի և տեխնոլոգիաների փոխանցման համար»,- ասել է նա՝ նշելով, որ կարող են ստեղծել  բարգավաճման, խաղաղության և կայունության, զարգացման և ազատության ապագա իրենց համար, տարածաշրջանի և հասարակությունների համար։

«Մենք կարող ենք ինքներս ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Մեզ պետք չէ, որ ուրիշ մեկը գա և մեզ  ապահովի մեր անվտանգությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև երկար ժամանակ գոյություն ունեցող առողջ հարաբերությունները խաթարվեն և վատթարանան ինչ-որ մեկի կողմից՝ տարբեր պատրվակներով»,-ընդգծել է Իրանի նախագահը։

«Մեր տարածքը և Ադրբեջանի տարածքը կարող են դառնալ խաչմերուկ, որը կապում է Արևելքը Արևմուտքի և Հյուսիսը՝ Հարավի հետ։ Մենք գտնվում ենք այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ կարող ենք այդ կապերը հաստատել։ Դրանք  բնականաբար, պահանջում են մայրուղիների, երկաթուղիների, նավահանգիստների, առևտրային ճանապարհների և սահմանների առկայություն, որոնք մենք կարող ենք հատել։ Մենք կարող ենք միասին նստել և պլանավորել այս բաները»,- ասել է Փեզեշքիանը՝ հավելելով, որ «պետք է բացարձակապես և անվերապահորեն հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքականությունը և անվտանգությունը, չպետք է մտադրություն ունենան միջամտել միմյանց ներքին գործերին»։

Իրանի նախագահի Ադրբեջանի պաշտոնական այցը նախօրեին ուշ երեկոյան ավարտվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի