Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
Հասարակություն
05.12.2025 | 18:41
Զովունու դպրոցի հարևանությամբ նախկին ամուսինը պայթեցրել էր կնոջը, ապա ինքնասպան եղել։ Ծնողների մարմինները տեսել ու ճանաչել էին նրանց երեխաները, որ սովորում էին նույն դպրոցում։ Այս ողբերգությունը, գուցե, չլիներ, եթե դեպքին նախորդած 1 տարվա ընթացքում իրավապահները պատշաճ արձագանքեին հնչած ահազանգերին․ կինը 7 անգամ դիմել էր իրավապահներին։
Ահազանգ 1-ին
2021 թվականի ապրիլի 6-ին կինը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը ծեծում է իրեն, սպառնում, որ կսպանի։ Հաղորդման կապակցությամբ ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում, որով նրան արգելվել է մոտենալ կնոջը։ Ամուսինը վերցվել է կանխարգելիչ քարտային հաշվառման:
Իսկ ի՞նչ է դա նշանակում․ Ոստիկանությունից հայտնում են, որ կանխարգելիչ հաշվառման մեջ գտնվելու ժամանակ ամուսինը հաճախակի հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ վերջինիս հետ տարվել են կանխարգելիչ բնույթի զրույցներ:
Ոստիկանությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են նաև, որ դեպքի կապակցությամբ տեղեկացվել է Զովունի գյուղը սպասարկող համայնքային ոստիկանության բաժնի տեսուչը, ստուգվել է ամուսնու անվամբ գրանցված մարտական որսորդական կամ գազային զենքի առկայությունը։ Պարզվել է, որ նրա անվամբ գրանցված զենք չկա: Գրություններ են ուղարկվել Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ Եղվարդի համայնքապետարան՝ ամուսնու նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
Այս դեպքի կապակցությամբ Ոստիկանության Նաիրիի բաժնում նախապատրաստվել են նյութեր 2003-ին ընդունված Քրեական օրենսգրքի՝ ծեծի և սպանության սպառնալիքների համար նախատեսված հոդվածներով, սակայն երկու հոդվածով էլ գործ չի հարուցվել․ ծեծի դեպքում՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ սպանության սպառնալիքի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ։ Այսինքն՝ Ոստիկանություն ահազանգած կինը հրաժարվել է ամուսնու դեմ բողոքից, իսկ 2021-ի օրենսդրական կարգավորումների համաձայն՝ եթե տուժողն այս հոդվածներով բողոք չուներ, գործ չէր հարուցվում։
2021 թվականի մայիսի 17-ին ամուսինը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում արտահիվանդանոցային պայմաններում զննվել է։ Զննման պահին հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բուժման կարիք չի ունեցել: Վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է եղել ստացիոնար հետազոտություն, որից նա հրաժարվել է։
Նույն թվականի hուլիսին կինն ու տղամարդն ամուսնալուծվել են, սակայն նախկին ամուսինը շարունակել է հետապնդել կնոջը։
Ահազանգ 2-րդ
2021 թվականի հոկտեմբերի 7-ին Ոստիկանության Երևանի վարչության Մաշտոցի բաժին է ներկայացել կինն և հաղորդում տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նախկին ամուսինն իր աշխատանքի վայրում՝ սուպերմարկետում, իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք, որը նա համարել է իրական․ իր մոտ առաջացել է վախի զգացողություն:
Մաշտոցի բաժնում ամուսնու նկատմամբ կրկին կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում․ արգելվել է մոտենալ կնոջը։ Փաստի առթիվ սպանության սպառնալիք հնչեցնելու հոդվածով հարուցվել է քրեական գործ։
Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ այս դեպքից 2,5 ամիս անց ամուսինը մեղադրյալ է ներգրավվել սպանության սպառնալիքի հոդվածով։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել։
Իսկ ինչ է արել Ոստիկանությունն այս անգամ․ կրկին գրություններ են ուղարկվել Եղվարդի համայնքապետարան և Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոն՝ տարածքը սպասարկող սոցիալական աշխատակցի կողմից ամուսնու նկատմամբ առավել ակտիվ և հաճախակի մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
Ահազանգ 3-րդ
«Առավել ակտիվ և հաճախակի» մշտադիտարկումն արդյունք չի տվել, քանի որ այս դեպքից ընդամենը 6 օր անց՝ հոկտեմբերի 13-ին, Ոստիկանության Մաշտոցի բաժնում կինը, արդեն նաև՝ որդին հաղորդում են տվել այն մասին, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում ամուսինը վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում հարվածներ է հասցրել իրենց մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ վերջիններիս մոտ առաջացնելով վախի և անհանգստության զգացողություն:
Մոտենալով կնոջը՝ ամուսինը խախտել է իր նկատմամբ հոկտեմբերի 7-ին անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշման պահանջները, որը ևս հանցագործություն է։ Դեպքի առթիվ հոկտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և ծեծի հոդվածներով։
Հոր կողմից որդու նկատմամբ բռնություն գործադրելու փաստով ևս կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ հերթական որոշումը, որով արգելվել է հորը մոտենալ որդուն։
Այս անգամ ևս բռնարարը հրավիրվել է բաժին, վերջինիս հետ տարվել են կանխարգելիչ բնույթի զրույցներ, նրան նաև զգուշացվել է բռնության կրկնման դեպքում հնարավոր իրավական հետևանքների մասին։
Ահազանգ 4-րդ
Անպատժելի ամուսինը, սակայն, կրկին ոտնձգություն է իրականացրել կնոջ նկատմամբ, այս անգամ՝ զենքով։ Դեկտեմբերի 13-ին Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որդուց այն մասին, որ չնայած առկա է մորը չմոտենալու որոշում, հայրը կրկին, այն էլ՝ զինված, հանդիպել է մորը։ Պարզվել է, որ դեկտեմբերի 13-ին ամուսինը նախկին կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ է հնչեցրել։
Դեկտեմբերի 13-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախկին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու փաստով ամուսնու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում: Դեկտեմբերի 24-ին Մաշտոցի բաժնում սպանության սպառնալիք հնչեցնելու՝ 137 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և հանձնվել է քննիչին: Սրան դեկտեմբերի 29-ին հաջորդել է 5-րդ դեպքը։
Ահազանգ 5-րդ
Դեկտեմբերի 29-ին Մաշտոցի բաժին է ահազանգել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի MG սուպերմարկետի մոտ կրակոց է հնչել, վիճաբանություն է անձնական հարցերի շուրջ։
Պարզվել է, որ ժամը 22:00-ի սահմաններում ամուսինը, խախտելով որպես ընտանիքում բռնություն գործադրած անձի՝ իր նկատմամբ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները՝ մոտեցել է կնոջ աշխատանքի վայր, վիճաբանել վերջինիս հետ՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և պատճառելով ծանր վիրավորանք։ Միևնույն ժամանակ, նա սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նաև որդու հասցեին և ծեծի է ենթարկել նրան, որի ժամանակ իր մոտ գտնվող ատրճանակը գցելով Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21-րդ շենքի բակային հատվածում՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով՝ 2 դրվագ, 137 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով, այսինքն՝ կնոջ և որդու նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշումը խախտելը, սպանության սպառնալիք հնչեցնելը և ծեծը։ Նույն օրը ժամը 21:00-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի 21-րդ շենքի դիմացից ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ամուսինը: Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվող նյութերով վերոնշյալ զենքն առգրավվել և կցվել է նյութերին:
Որդու նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ հերթական որոշումը, այն է՝ հարկադրել հորը 20 օր ժամկետով չմոտենալ որդուն:
Նշված դեպքի կապակցությամբ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից կրկին գրություններ են ուղարկվել Եղվարդի համայնքապետարան և Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոն՝ տարածքը սպասարկող սոցիալական աշխատակցի կողմից տղամարդու նկատմամբ «առավել ակտիվ և հաճախակի մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչպես նաև տղամարդը հրավիրվել է Նաիրիի բաժին և վերջինիս հետ տարվել է կանխարգելիչ բնույթի զրույց»։
Դեկտեմբերի 30-ին քրեական գործով տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի, 137 հոդվածի 1-ին մասով և 2 դրվագ 118 հոդվածով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ահազանգ 6-րդ

Բռնարարն իսկապես չի էլ փորձել հեռանալ, ավելին՝ մեկ ամիս անց հայտնվել է և այս անգամ սպառնացել կնոջը պայթեցնել։
2022 թվականի փետրվարի 2-ին կինը կրկին ահազանգել է Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հայտնելով, որ նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում նախկին ամուսինը մոտեցել է իր բնակության վայր, և սպառնացել, որ իրենց երկուսին էլ կպայթեցնի։ Կինը հայտնել է նաև, որ ելնելով նախկին դեպքերից՝ սպառնալիքն ընդունել է իրական:
Նույն օրը Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում տղամարդու նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշումը։ Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից կնոջն առաջարկվել է տեղափոխվել «Կանանց աջակցման կենտրոն» կամ «Լայթ Հաուս» Հ/Կ-ներ, սակայն նա հրաժարվել է։
Դեպքի կապակցությամբ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից կրկին գրություններ են ուղարկվել Նաիրիի համայնքապետարան և Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոն՝ տարածքը սպասարկող սոցիալական աշխատակցի կողմից ամուսնու նկատմամբ առավել ակտիվ և հաճախակի մշտադիտարկում իրականացնելու նպատակով, իսկ ամուսինը հրավիրվել է Նաիրիի բաժին, որտեղ վերջինիս հետ «անցկացվել է կանխարգելիչ բնույթի զրույց»:
Ահազանգ 7-րդ
2022 թվականի փետրվարի 7-ին Մաշտոցի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ նույն օրը ժամը 08:15-ի սահմաններում կնոջ նախկին ամուսինը խախտել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից կիրառած անհետաձգելի միջամտության մասին կայացված որոշումը: Փաստի առթիվ փետրվարի 15-ին Մաշտոցի բաժնում անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և հանձնվել քննիչին:
Ահազանգ 8-րդ, որը դարձավ վերջինը
2022 թվականի մարտի 11-ին ժամը 10:40-ին Ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զովունի գյուղի 40 փողոցում մահացած կնոջ և տղամարդու դիեր կան: Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են կնոջ և ամուսնու դիերը: Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պանությունը և ապօրինի զենք կրելը։ Այս գործին միացվել են նաև Քննչական կոմիտեում քննվող մյուս գործերը։ Քննությամբ պարզվել է, որ ամուսինը պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել։ Ինչպես սպանության, այնպես էլ մյուս բոլոր դեպքերով քրեական վարույթը կարճվել է՝ ամուսնու մահվան հիմքով։

Այսպիսով՝ 7 անգամ իրավապահներին ահազանգած կինը, միևնույն է, մնացել է անօգնական վիճակում և, ի վերջո, սպանվել։
Իսկ ով է պատասխանատու երկու անձի կյանք խլած դեպքի համար։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին փորձը հուշում է, որ նման ողբերգական դեպքերը հիմնականում տեղի են ունենում այն ժամանակ, երբ իրավապահ համակարգը ռիսկերը հստակորեն չի գնահատում և ամբողջական պաշտպանություն չի տրամադրում բռնության ենթարկված անձին։
«Եթե տղամարդը որոշել է իր կյանքին վերջ տալ, ապա կնոջ դեպքում մենք ակնհայտորեն ունենք մահ՝ իր կամքից անկախ։ Ունենք նաև տուժած երեխաներ, որոնք, փաստացի, մնացել են երկկողմանի ծնողական խնամքից դուրս, և այս դեպքում իրավապահ համակարգը մեծ անելիք ուներ՝ պաշտպանելու համար կյանքի իրավունքը։ Հստակ է, որ այստեղ պետք է առնվազն լիներ իրավապահ համակարգի ներսում գործողություն՝ հասկանալու, թե որտեղ է եղել բացը»,- նշում է Հովհաննիսյանը:
Ոստիկանությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ամուսնու կողմից կնոջն ու որդուն ծեծի ենթարկելու, սպառնալու, ինչպես նաև նրա նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումները խախտելու դեպքերի կապակցությամբ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց վերապահված գործառույթները ոչ պատշաճ կատարելու հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն, որով հիմնավորվել է, որ նրանք թույլ չեն տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգապահական խախտում, ուստի՝ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։
Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հարցում ենք ուղարկել նաև Քննչական կոմիտե՝ փորձելով պարզել, թե ինչու խափանման միջոցի պայմանը խախտած ամուսնու նկատմամբ որևէ դեպքով խափանման միջոց չի ընտրվել կալանավորումը։ Պարզվում է՝ բավարար հիմքեր չեն եղել։
«Ոչ մեծ ծանրության հանցանքներով քննող քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բավարար հիմքեր՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առումով»,- հայտնել են Քննչական կոմիտեից։
Նկատենք, որ ամուսինը 2 անգամ ընդհուպ զենքով է մոտեցել կնոջը, նրան պայթեցնելու սպառնալիք տվել և բազմիցս խախտել իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանը, բայց դրա մասին տեղեկացված Քննչական կոմիտեն չի գնացել նրան արգելանքի վերցնելու ճանապարհով, մինչև իրականացրել է սպառնալիքն ու պայթեցրել կնոջը։
«Այս դեպքում թե՛ կնոջ և երեխայի բազմաթիվ ահազանգերը, թե՛ անձի վարքագծի ռիսկը, երբ անընդհատ կրկնում է իր գործողությունները, ընդ որում՝ հրազենով կամ զենքի սպառնալիքով, մենք պետք է ունենայինք կալանք որպես խափանման միջոց։ Ընդ որում՝ Հայաստանում կալանքը՝ որպես խափանման միջոց, մասսայականորեն կիրառվում է»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ կնոջը պայթեցնելու սպառնալիք տալու առթիվ քրեական գործից հետո նշված դեպքով նախաքննական մարմնի աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին միջնորդություն է ներկայացվել։
Քննչական կոմիտե ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ արդյո՞ք ծառայողական քննություն նշանակվել է Քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ։
Ի պատասխան՝ հայտնել են, որ նշանակվել է ծառողական քննություն, որով հաստատվել է Քննչական կոմիտեի քննիչի մեղքը, և քննիչին հայտարարվել է խիստ նկատողություն։ Քննիչը, ըստ Քննչական կոմիտեի, խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին, 27-րդ և 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, այն է՝ օրինականության սկզբունքը, հանցագործությունը բացահայտելու պարտականությունը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելը։
Ինչ դասեր է քաղել պետությունն այս դեպքից մեկ տարի անց
Այս դեպքից մեկ տարի անց՝ 2023 թվականին, մեկ այլ բռնարարի կողմից կնոջը սպանելու դեպք է արձանագրվել։
2023 թվականի հանցավորության վերաբերյալ Դատախազության կողմից Ազգային ժողովին ներկայացված հաղորդման համաձայն՝ նախկին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրած հոգեբանական բռնությունն է սպանության վերաճել։ Բռնարարարը, ըստ գործի, նախկինում 84 անգամ ենթադրյալ հանցանք կատարած անձ է, որը գտնվել է ազատության մեջ։
«Նշված դեպքով հաշվի չէր առնվել ենթադրյալ բռնություն գործադրած անձի սոցիալական պատասխանատվության ցածր աստիճանը, հանցավոր վարքագիծ դրսևորելու բարձր հավանականությունը՝ նախկինում 84 անգամ հանցանք կատարելու, այդ թվում՝ անձի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու վերաբերյալ 3 քրեական վարույթի առկայությունը, տուժողի հետ միջանձնային լարված հարաբերությունները»,- գրված է Դատախազության հաղորդման մեջ։
Այսինքն՝ այս դեպքում ևս միայն ողբերգությունից հետո են իրավապահները բարձրացրել իրավասու անձանց պատասխանատվության հարցը։
«ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի հունվարի 19-ին դիմել է ներքին գործերի նախարարին՝ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների, ինչպես նաև նրանց նկատմամբ անմիջական վերադաս հանդիսացող պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու և վերջիններիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով»,- հայտնում են Դատախազությունից։
Ոստիկանությունից ստացված պատասխան գրության համաձայն՝ այս դեպքով իրականացված ծառայողական քննության արդյունքում պատասխանատու 3 աշխատակիցների գործողություններում կարգապահական խախտման փաստը հաստատվել է. Ոստիկանության երկու կապիտան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ 1-ը ծառայողական քննությունն իրականացնելու պահին ազատված է եղել ծառայությունից։
2024 թվականին ընտանիքում բռնության դեպքերի աճ է գրանցվել
Նույն հաղորդման մեջ Գլխավոր դատախազությունը ներկայացնում է․ «Դատախազությունը մշտապես կապ է ապահովել Ոստիկանության հետ՝ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կոնկրետ քրեական վարույթներով իրավիճակներն ու խնդիրները քննարկելու, ընդհանուր քրեական քաղաքականություն ապահովելու նպատակով»։
Հաջորդ տարվա վիճակագրությունը, սակայն ավելի խոսուն է, քան Դատախազության ջանքերի մասին ԱԺ-ին ներկայացված հաղորդումը։
Ըստ 2024 թվականի հանցավորության վերաբերյալ Դատախազության հաշվետվության՝ ավելի քան 4 անգամ աճել են ընտանեկան և կենցաղային բռնություն հանդիսացող սպանության դեպքերը։ Եթե 2023-ին արձանագրվել է այսպիսի սպանության 3 դեպք, 2024 թվականին դեպքերի թիվը հասել է 13-ի։

2023-ի համեմատ աճել է նաև ընտանեկան բռնության ենթադրյալ այլ դեպքերի թիվը։ 2024 թվականին արձանագրվել է ֆիզիկական ներգործության 934 դեպք՝ 2023-ի 372-ի դիմաց և հոգեկան ներգործության 166 դեպք՝ 2023 թվականի 46-ի դիմաց այսինքն՝ ֆիզիկական ներգործության դեպքերն աճել են 562-ով կամ 151%-ով, իսկ հոգեկան ներգործության դեպքերը՝ 120-ով կամ 261%-ով։
Նշենք, որ իրավապահները հանցագործությունների թվի աճի մասին խոսելիս հաճախ են պատճառաբանում, թե մարդիկ սկսել են ավելի շատ դիմել իրավապահներին, բայց այս բացատրությունն անտրամաբանական է այն դեպքում, երբ խոսքը սպանությունների մասին է։
Ի՞նչ է անում քաղաքականություն մշակող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայն 2024 թվականին 11 իրավական ակտ է մշակել՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար։ Օրինակ՝ այդ ակտերից մեկով նախատեսվում է, որ աջակցման կենտրոնների ծառայություն մատուցողները պետք է շարունակաբար մոնիթորինգ իրականացնեն առաջին անգամ բռնության ենթարկված և իրենց դիմած անձանց շրջանում։ Եթե անձը ենթարկվել է բռնության և դիմել աջակցության կենտրոն, ստացել համապատասխան աջակցություն, այնուհետև դադարել են նրա հետ աշխատանքները, աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը պարտավոր է առնվազն եռամսյակային կտրվածքով շարունակաբար մոնիթորինգ իրականացնել տվյալ դեպքի շրջանակում։
Օրինակ՝ մշակվել են հարցաթերթեր, որոնցով սոցաշխատողը կարող է եզրակացություն տալ, թե որքանով է հավանական այդ դեպքի կրկնությունը։
Շատ են դեպքերը, երբ բռնության ենթարկվող անձինք ծայրահեղ դեպքում են դիմում աջակցություն ստանալու համար՝ ընդհուպ 5-10 անգամ բռնության ենթարկվելուց հետո։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ իրենց ծրագրերի նպատակն է նաև կրթելը, հասարակությանն իրազեկելը, որ երբ առաջի անգամ հանդիպում եք բռնության, պետք է դիմել ինչպես աջակցություն ստանալու համար, այնպես էլ ոստիկանություն՝ պաշտպանություն ստանալու համար։
Իսկ արդյո՞ք պետք է աշխատանքներ տանել միայն բռնության ենթարկվող անձանց հետ։ Ի՞նչ հնարավոր աշխատանքներ է անհրաժեշտ տանել՝ հասնելու համար հնարավոր բռնարար վարքագծի չեզոքացմանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է ռեաբիլիտացման ծրագիր նաև բռնություն գործադրած անձի համար։
Այն անձը, որը կհանդիսանա ռեաբիլիտացման շահառու, պետք է անցնի նախատեսված մոդուլներով սահմանված ծրագիրը, որը, օրինակ, կարող է լինել զայրույթի կառավարում, բռնության գիտակցում և այլն։ Ընդ որում՝ այդ ծրագիրը բռնարարի հետ իրականացնելու ենք ինչպես անհատական, այնպես էլ խմբային տարբերակով։ Այն անձանց համար, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են նախազգուշացում կամ պաշտպանական որոշում, ծրագիրը պարտադիր է, իսկ մյուս դեպքերում ծրագիրը կամավորության սկզբունքով է։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարևորում է նաև հենց համակարգի ներսում ընտանեկան բռնության ճիշտ ընկալումը։
«Իրավապահ համակարգում ընտանեկան բռնությունը որպես ծանր հանցագործություն չի դիտարկվում: Ասում են՝ ընտանիքի անդամներ են, դե՝ լավ, իր կինն է, գնացել է, սպառնացել է, բայց դա այդքան էլ լուրջ չի»,- ասում է իրավապաշտպանը:
Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևոր է փոխել այս ընկալումը։
Արաքս Մամուլյան