Ինչպես միլիոններ գրպանել և մնալ անպատիժ․ «Նաիրիտի» թալանն ու ռուսական հետքը․ ՓաստաՔՆՆՈւԹՅՈՒՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

«Նաիրիտ» գործարանը Խորհրդային միության քիմիական արդյունաբերության առաջատարներից  էր, իր տեսակի մեջ 6-րդն աշխարհում։ 1980-ականներին այն արտադրում էր ռեկորդային՝ տարեկան 75 հազար տոննա կաուչուկ, ապահովում խորհրդային Հայաստանի եկամտի 40%-ը։ 

Այժմ կառավարությունը մտադիր է «Նաիրիտ»-ը քանդել և տարածքը ռեկուլտիվացնել։ Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցագրեր են ստացել աշխատանքից ազատվելու մասին։ 

Ինչո՞ւ և ինչպե՞ս Նաիրիտ գործարանը հասավ այս վիճակին։

Դեպի սնանկացում

«Նաիրիտ»-ը հիմնադրվել է դեռևս 1933 թ-ին, կաուչուկի արտադրությունն այստեղ սկսվել է 1940-ին։ 1989 թ-ին էկոլոգիական շարժման ճնշման ներքո գործարանը փակվեց։ 3 տարի անց վերագործարկվեց, սակայն ատադրության նախկին  ծավալներն այդպես էլ հնարավոր չեղավ վերականգնել Հայաստանի շրջափակման, խորհրդային միասնական շուկայի վերացման և պարապուրդի մատնված գործարանի սարքավորումների թալանի հետևանքով։  

Այնուամենայնիվ՝ 2007 թ-ին գործարանն արդեն արտադրում էր 8000 տոննա քլորոպրենային կաուչուկ, որը կիրառվում էր կենցաղից մինչև ռազմական արդյունաբերություն։ Կողմնակի արտադրվում էին նաև ավելի քան 30 տեսակի նյութեր՝ կաուստիկ սոդա, չհանգած կիր, ջրածին, ժավել և այլն։ Արտադրանքի իրացման խնդիր չկար․ կաուչուկն արտահանվում էր ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Իսրայել և այլն։ Այսինքն՝ սա գործարան էր, որի արտադրանքի պահեստը միշտ դատարկ էր։   

Եվ չնայած դրան՝ 2010-ին գործարանի աշխատանքը դադարեցվեց։ Թե ինչու՝ մինչ օրս էլ չկա հստակ պատասխան։ Փոխարենը կան Նաիրիտի հետ կապված փողերի լվացման, օֆշորային գործարքների, սնանկացման մասին  բազմաթիվ հրապարակումներ, որոնք մատնացույց են անում պատասխանաատուների կոնկրետ շրջանակ։ Եվ այսպես․ 2006 թ-ին Նաիրիտի բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է ընդամենը 40 մլն դոլարով՝ բրիտանական օֆշորային Rhinoville Property Limited կոնսորցիումին, 10 %-ի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն էր։ 40 մլն-ով ձեռք բերված Նաիրտի գույքը ԱՊՀ Միջպետական բանկում գրավ դնելով՝  Rhinoville-ը հաջողացրել է ստանալ 30 միլիոնով ավելի՝ 70 մլն դոլարի վարկ՝ կառավարության երաշխիքով։ 70 մլն-ից 39 մլն-ը Rhinoville-ը վճարել է ՀՀ պետական բյուջե՝ որպես գործարքի գին, գումարի մնացած մասը՝ 31 մլն դոլարն անհետ կորել է։ Այդ ժամանակ Միջպետական բանկի խորհրդի նախագահը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր։ 

«Տիգրան Սարգսյանը, երբ Միջպետական բանկում նախագահ նշանակվեց, «Նաիրիտ»-ի արժեթղթերի դիմաց 70 մլն վարկ տվեց անհայտ ընկերության այն դեպքում, երբ գործարանը ծախել են ընդամենը 40 մլն-ով։ Սա «ռեյդերսկի զախվատ էր»»,- Factor TV-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։

Մինչև 2011 թ-ը Միջպետական բանկը մի քանի անգամ է վարկավորել Rhinoville-ին և «Նաիրիտ» գործարանին՝ ընդհանուր ավելի քան 170 մլն դոլարի չափով։ Ի վերջո, այդ ամբողջ պարտքը մնաց Նաիրիտի վրա, քանզի հետագայում գործարանն ինքը դարձել էր Rhinoville-ի բաժնետերը։ Իսկ թե ով էր այդ խորհրդավոր ընկերության իրական սեփականատերը, այդպես էլ չբացահայտվեց։

Մեկ այլ դրվագ․ ԱՊՀ միջպետական բանկի հայաստանյան ներկայացուցչության բացումից ի վեր՝ 1998 թ-ից, այն ղեկավարել է Վահան Մելքոնյանը, որը 2009-2011 թթ-ին միաժամանակ եղել է «Նաիրիտ»-ի գլխավոր տնօրենը, իսկ հետո՝ տնօրենների խորհրդի անդամ։ Նրա օրոք է գործարանը դադարել աշխատել՝ 2010 թ․ մարտի 10-ին։ Մելքոնյանը ներգրավված է եղել բազմաթիվ օֆշորային ընկերություններում, որոնց միջոցով յուրացվել են «Նաիրիտ»-ի փողերը։ Օրինակ՝ Վահան Մելքոնյանը 2009 թ-ին Նաիրիտի համար մոտ 10 մլն դոլարի վարկ է վերցրել Միջպետական բանկից և այդ գումարով գնել իր ու քրոջ ընտանիքին պատկանող «Մեգատեքս գրուպ» ընկերությունը՝ նախկին մահուդի գործարանը։ Իսկ մոտ 1 տարի անց «Մեգատեքս»-ը 1 մլն դոլարից պակաս գումարով վաճառել է բրիտանական օֆշորային «Ինթերնեշնլ կապիտալ գրուպ լիմիթիդ» ընկերությանը։ Դրանից հետո էլ «Նաիրիտ»-ը շարունակել է տարածք վարձակալել և միլիոններ վճարել «Մեգատեքս»-ին, թեև ինքն արդեն չէր աշխատում ու հսկայական պարտք ուներ։ 

Մեկ այլ աղմկահարույց գործ կապված էր իրանական օֆշորային «Նումարդ թրեյդինգ» ընկերության հետ, որը դիմել էր դատարան՝ պահանջելով Նաիրիտից բռնագանձել գրեթե 5 մլրդ դրամ ՝ կամ մոտ 16 մլն դոլար՝ որպես չկատարված պարտավորության փոխհատուցում (ԵՇԴ/0913/02/09)։ Գործը քննող դատավոր Արա Կուբանյանը, աչք փակելով, որ 98 մլն դրամ պետական տուրքը չեն վճարել, բավարարել էր հայցը: Միայն 2 տարի անց վերաքննիչ բողոքի արդյունքում Կուբանյանի վճիռը բեկանվեց։ 

Զարամանալի է, բայց փաստ․ մինչ օրս Վահան Մելքոնյանը Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչն է, այսինքն՝ այդ կառույցում ներկայացնում է մեր երկիրը։ Իսկ ահա դատավոր Արա Կուբանյանը ներկայում ամբաստանյալի աթոռին է կոռուպցիոն մեղադրանքով (ԵԴ/0544/01/22)։ 

Ի դեպ, կաուչուկը մշտապես վաճառվել է օֆշորային միջնորդ ընկերությունների միջոցով, իսկ գործարանը ստանում էր այդ գումարի միայն կեսը կամ նույնիսկ 1/3-ը։ Այս մասին պաշտոնյանները լռում էին և հայտարարում, թե «Նաիրիտ»-ը վնասով է աշխատել։

«2008-2010 թթ-ին, այն ժամանակ երբ գործարանն աշխատել է, վնասը եղել է 50 մլրդ դրամ։ Բոլոր 3 տարիներին ձևավորված ինքնարժեքը 1․5-2 անգամ ավելի է եղել, քան վաճառքի գները»,- 2015 թ-ին հայտարարել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

2016 թ-ին ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայցի հիման վրա դատարանը «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչել (ԵՇԴ/0031/04/15)։ Ընկերությունը ՀԷՑ-ին պարտք էր մոտ 3 մլն դոլար։ Գործարանի ընդհանուր պարտավորությունները 240 մլն դոլար էին։ 

Իսկ ինչո՞ւ էր աշխատող գործարանը պարտքեր կուտակում։ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում համալիր ստուգման արդյունքում 2011 թ-ին հայնաբերել էր մեծածավալ չարաշահումներ, որի ակտն ուղարկել էր դատախազություն։ Քրեական գործ, սակայն, այդպես էլ  չէր հարուցվել։

«Նաիրիտո»-ում չարաշահումների վերաբերյալ քրեական 1 գործ, այնուամենայնիվ, հարուցվել է՝ Քննչական կոմիտեում՝ 2017 թ-ին գործարանի աշխատակիցների դիմումի հիման վրա (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ. առավելագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում)։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին ուղղված գրավոր հարցմամբ Factor TV-ն հետաքրքրվել է՝ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել, կամ գուցե գործն արդեն ուղարկվե՞լ է դատարան։ Եվ ի՞նչ․ պարզվում է՝ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն 7 տարի է՝ շարունակվում է, մինչ օրս չկա որևէ մեղադրյալ։

Իսկ ի՞նչն է պատճառը, որ նախաքննությունը ձգձգվում է 7 տարի, քննչական ի՞նչ գործողություններ են կատարվել, ի՞նչ փորձաքննություններ են նշանակվել, քանի՞ անձ ունի վկայի կամ տուժողի կարգավիճակ և, ի վերջո, չարաշահումների ծավալն ինչքա՞ն է։ ՔԿ-ից մեր այս հարցրին ի պատասխան ընդամենը փոխանցել են՝ իրականացվել է 1 փորձաքննություն, մնացյալը հրապարակման ենթակա չէ, քանզի նախաքննական գաղտնիք է։

2018 թ-ին Քննչականի նախկին պաշտոնյաներն ավելի ազատ էին տեղեկատվություն տրամադրում և մեզ հայտնել էին, որ կատարվում է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննություն՝ 2009-ին ընկերության ստացած վարկի ոչ նպատակային օգտագործման հանգամանքները և Նաիրիտին պատճառված ծանր վնասը պարզելու համար։

Տիգրան Սարգսյանի դերակատարումը

«Նաիրիտ»-ը կանխամտածված է սնանկացվել՝ պնդում է գործարանի նախկին տնօրենը։

«Նաիրիտ գործարանը երբ սկսեց աշխատել, համաշխարհային շուկա մտավ, ռուսական շուկայից հանեց գերմանական Բայերին (հեղ․ ներկայում Lanxess)։ Պահանջարկը շատ-շատ էր։ Բայերը իր մրցակցին Տիգրան Սարգսյանի միջոցով հանեց շուկայից, վաճառեցին մեկ այլ ընկերության, որ «Նաիրիտ»-ը տարավ սնանկության»,- ասել է Կարեն Իսրայելյանը։

Քաղաքական որոշումներից զատ՝ Տիգրան Սարգսյանը նաև ուղիղ էր փոխկապակցված «Նաիրիտ»-ին․ նրա եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 2005-2013 թթ-ին գործարանի փոխտնօրենն էր կոմերցիոն գծով, այսինքն՝ հսկում էր ամբողջ ֆինանսական շարժը։ Այս ընթացքում է գործարանը վաճառվել, պարտքեր կուտակել և սնանկացվել։ Եվ անգամ նման սնանկ վիճակում վարչապետի եղբայրը ստացել է ամսական 3․5 մլն դրամ աշխատավարձ։ 

Տիգրան Սարգսյանի մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը (մահացել է 2022 թ-ին), նույնպես որոշակի առնչություն է ունեցել «Նաիրիտ»-ի հետ, ավելի կոնկրետ՝ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության հետ։ Այս պատմությանը կանդրադառնանք առաջիկայում։

Նախկին վարչապետն իր և եղբայրների դեմ մեղադրանքները «քաղաքական շահարկում» էր որակում․ «Այդ մեղադրանքները, որ կապում են իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինծու են և սուտ»։

Տիգրան Սարգսյանն ինքը վարչապետությունից հետո՝ 2014 թ-ին, նույնպես մեկնել է ԱՄՆ, որտեղ մինչև 2016 թ-ը Հայաստանի դեսպանն էր։ Վաշինգտոնից Սարգսյանը տեղափոխվել է Մոսկվա և 4 տարի նախագահել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում։ 2020 թվականից մինչ օրս նա Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալն է։ 

Factor TV-ն փորձեց ՀՀ դատախազությունից ճշտել՝ Տիգրան Սարգսյանը 2018 թ-ից հետո քննչական մարմիններում քննվող որևէ գործով ունեցե՞լ է կամ ունի՞ վկայի, տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ 2018-ից հետո Փաշինյանի կառավարության իրավապահները մեղադրանքներ են առաջադրել սկսած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանից  և Սերժ Սարգսյանից՝ մինչև մանր չինովնիկներ /պաշտոնյաներ/։ Դատախազությունից հայտնեցին՝ Տիգրան Սարգսյանը քրեական վարույթներով որպես մեղադրյալ կամ տուժող չի հանդիսանում, իսկ վկայի կարգավիճակի մասին տեղեկատվություն առկա չէ։

Ակնհայտ է, որ Տիգրան  Սարգսյանը, չնայած իր նախկին արևմտամետ դիրքավորմանը, վայելում է Կրեմլի բարձր հովանին։ 

Սարգսյանի հանդեպ Հայաստանի գործող իշխանությունների լոյալության մասին վկայում է «Հետք»-ի բացահայտման արդյունքում հարուցված «Կիպրոսի օֆշոր» անունը ստացած քրեական գործի ընթացքը։ Ըստ «Ազատության»՝  իրավապահները ցանկացել են որպես վկա հարցաքննել նախկին վարչապետին, բայց նրա բնակության վայրը չեն հայտնաբերել և 2023-ի հուլիսին նրան այդպես էլ հանրապետությունում չեն գտել։ Մինչդեռ, Factor TV-ն պարզել է, որ  դրանից 1 ամիս առաջ՝ հունիսին, Տիգրան Սարգսյանը եղել է Հայաստանում և ազատ ելումուտ ունի երկիր։ 

Փաշինյանի խոսքն ու գործը

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2014 թ-ին ԱԺ ամբիոնից հրապարակել է Տիգրան Սարգսյանի սկանդալների հիթ-շքերթի իր տասնյակը․ 4-րդ տեղում «Նաիրիտ»-ն էր․«Երբ Տիգրան Սարգսյանը, 2006 թ-ին լինելով ԱՊՀ միջպետական բանկի ռոտացիոն նախագահ, 70 միլիոն դոլարի վարկ տրվեց անհայտ ընկերության, արդյունքում «Նաիրիտ»-ը հերթական անգամ սնանկացավ։ Ի դեպ, Հայաստանի վերջին 10 տարվա իշխանությունները «Նաիրիտի» սնանկացնելու գործով մեկը մյուսին «աբգոն» են անում՝ գալիս են սնանկացնում, պատքերը մեծացնում»:

Չնայած այս կրքոտ ելույթին՝ «Նաիրիտ»-ի գործով նոր քրեական վարույթ չի հարուցվել, 2017-ին սկսվածը փաստացի սառեցված է, այսինքն՝ թալանը կոպեկ առ կոպեկ ետ բերելու մասին խոսք չկա։ 

Factor TV-ն գրավոր հարցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է խանգարել ՀՀ կառավարությանն այս տարիների ընթացքում ներդրող կամ միջոց գտնել և վերագործարկել «Նաիրիտ»-ը։ Վարչապետի փոխարեն մեր հարցմանը պատասխանել է ՏԿԵՆ փոխնախարար Հակոբ Վարդանյանը և, ըստ էության, կրկնել նախկին, գործող իշխանության պնդմամբ՝  կոռումպացված ռեժիմի փաստարկները․ «Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ներդրողների և ֆինանսական կազմակերպությունների վերլուծությունների համաձայն՝ գործարանի վերագործարկումը տնտեսապես շահավետ չի եղել, այդպիսի փորձերը հաջողությամբ չեն պսակվել, և դրանց արդյունքում գործարանը կուտակել է հավելյալ պարտքեր»։

Մինչդեռ 2013-2015 թթ-ին «Նաիրիտ»-ում երեք անգամ աուդիտ անցկացրած բրիտանական Jacobs  ընկերությունը՝ տվել է եզրակացություն, որ ացետիլենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությունը շահութաբեր չի լինի, իսկ ահա բութադիենային տեխնոլոգիայով՝ շահութաբեր կլինի։ 

Ինչպես ասում են՝ փնտրողը գտնում է։ Առավել ևս, երբ ներդրողն ինքն է թակում դուռը, այն պետք է բացել։ 2021 թ-ին ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ղեկավարած «Դի-ԷՍ-ԷՅ խորհրդատվական խումբը» «Նաիրիտ գործարանի» վերագործարկման ներդրումային ծրագիր է ներկայացրել, որը դրական է ընդունվել կառավարությունում։ Այդ ժամանակ ոլորտը համակարգող ՏԿԵՆ նախարարը Սուրեն Պապիկյանն էր։ 2021-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո նախարարը փոխվել է, կառավարության մոտեցումը՝ նույնպես:

«Տվյալ ներդրումային ծրագրի հիմքում տնտեսական և ֆինանսական ցուցանիշներն այնքան բարենպաստ են եղել, որ ներդրողը նույնիսկ կառավարությանն առաջարկել է՝ գործարանը մնա պետական սեփականություն, այն ներդրողին կհանձնվի հավատարմագրային կառավարման, մոդեռնիզացված ենթահամակարգերը 30 տարի հետո կվերադարձվեն պետությանը»,- նշել է Դ․ Անանյանը։

Վերագործարկման փոխարեն Փաշինյանի կաբինետն այսօր այլ լուծման ճանապարհին է՝ ապամոնտաժել համակարգաստեղծ գործարանը, տարածքը ռեկուլտիվացնել։ 

2023 թ-ի մարտին ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հայտարարել է, որ Երևանի հրավերով ուսումնասիրելու է «Նաիրիտ» քիմիական գործարանում թափոնների վնասազերծման հարցերը։ Նույն տարվա վերջում խոսքն արդեն ոչ միայն թափոնների վնասազերծման, այլև շենքերի ապամոնտաժման մասին էր։

Ուշագրավ է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան պնդել են, թե ի սկզբանե նախաձեռնությունը եկել է «Ռոսատոմ»-ից, այդ նրանք են դիմել ՀՀ կառավարությանը «Նաիրիտ»-ի հարցով։ Ծրագրի ներկայացման համար հայկական կողմը չի վճարել, բայց հետագա աշխատանքը, եթե համաձայնության գան, անվճար չի լինելու։ Ընդ որում՝ «Նաիրիտ»-ի ապամոնտաժման գինը գաղտնի է։ Գաղտնի է նաև առաջարկված ծրագիրը․ ըստ նախարարության՝ կորպորացիայի հետ ստորագրվել է գաղտնիքի չհրապարակման պայմանագիր։

«Ռոսատոմն առաջարկում է ռեկուլտիվացնել բոլոր վնասակար նյութերը, իսկ շենք/շինությունները ապամոնտաժել՝ տարածքը վերածելով կանաչ գոտու կամ օգտագործելով քաղաքաշինական այլ նպատակներով»,- նշել են նախարարությունից։

Թե ի՞նչ է լինելու գործարանի սարքավորումների հետ, դրանք կմնան Հայաստանում, թե՞ կտեղափոխվեն ՌԴ, նախարարությունը չի հստակեցնում․ «Ապամոնտաժված սարքավորումների և մասերի հետագա պահպանման հետ կապված հարցերը կկարգավորվեն համապատասխան ծրագրի շրջանակներում»։

«Նաիրիտ»-ի տարածքում ներկայում մոտ 24 հազար տոննա վտանգավորության տարբեր աստիճանի վնասակար նյութեր կան, որոնք ենթակա են վնասազերծման։ Դրանցից առավել խնդրահարույցը լաքէթինոլն է՝ մոտ 1200 տոննա։ Գործարանի անվտանգությունը 2023 թ-ին ապահովել է 196 աշխատակից։ Նրանց աշխատավարձը վճարում է կառավարությունը՝ տարեկան մոտ 230 մլն դրամ (575 հազար դոլար)։ 

2024-ի փետրվարին գործարանի բոլոր աշխատակիցները ծանուցումներ են ստացել ապրիլի 9-ից աշխատանքից ազատվելու մասին։ Իսկ Նաիրիտի սնանկության կառավարիչը պարբերաբար աճուրդ է կազմակերպում՝ վաճառքի հանելով գործարանի գույքի հերթական խմբաքանակը։

Գործարանի ղեկավարությունը տարածքում նկարահանումներ թույլ չտվեց կատարել, անվտանգության աշխատակիցներն էլ փորձեցին նույնիսկ տարածքից դուրս խոչընդոտել մեր տեսանկարահանող խմբի աշխատանքը և սպառնալիքներ հնչեցրեցին։ 

Ըստ ամենայնի՝ հենց ապրիլից էլ սկսվելու է գործարանի ապամոնտաժման գործընթացը։ Մասնագետների գնահատականով՝ դա կարժենա մոտ 250 մլն դոլար։ Մինչդեռ, ըստ Դի-ԷՍ-ԷՅ-ի մշակած բիզնես ծրագրի, շուրջ 150 մլն դոլար ներդնելու դեպքում Նաիրիտն այսօր էլ կարող է տարեկան 25-30 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ արտադրել, որը կապահովի մոտ 130 մլն դոլարի շրջանառություն, նաև 1200-1300 աշխատատեղ։

«Հնարավոր չէ, որ Նաիրիտը շահութաբեր չլինի, որովհետև մոտակա 15-20 տարվա ընթացքում ամբողջ աշխարում լինելու է քլորոպրենային կաուչուկի առաջարկի մեծ պակասորդ»,- վստահեցրել է Դ․ Անանյանը։ 

Ռուսաստանի մոտիվացիան

2020 թ-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  կարգադրել է ռեկուլտիվացիայի ենթարկել և վնասազարծել Իրկուտսկի մարզում գտնվող «Ուսոլյեքիմպրոմ» ընկերության տարածքը՝ մոտ 600 հա։ Խորհրդային տարիներին, ի թիվս այլ քիմիական արտադրությունների, այդտեղ, հայկական «Նաիրիտ»-ի օրինակով, կառուցվել էր նաև կաուչուկի գործարան, որը սակայն աշխատել է ընդամենը 2 տարի․ սխալ շահագործման հետևանքով 1970 թ-ին այն պայթել է։

Ռեկուլտիվացիայի աշխատանքների ավարտից հետո ՌԴ կառավարությունը մտադիր է այդ վայրում քիմիական կլաստեր ստեղծել։ Այսինքն՝ արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ինքնաբավության քաղաքականությունը նաև քիմիական արդյունաբերությանն է վերաբերում։

Այս լույսի ներքո «Նաիրիտ»-ի ռեկուլտիվացիան շատ լավ պատրվակ է գործարանն ապամոնտաժելու և սարքավորումները Ռուսաստան տեղափոխելու համար։ Խոսքը բութադիենային տեխնոլոգիայի մասին է, որն, ի դեպ, գաղտնի է։ Դրա կորիզը անգլիական «Բրիթիշ պետրոլիում» և ամերիկյան «Դյուպոն» ընկերությունների թանկարժեք սարքավորումներն են, որ շահագործման են հանձնվել 1981 և 1986 թթ-ին և, մասնագետների գնահատմամբ, պիտանի են շահագործման դեռ 30-35 տարի։  

«Տալու են այն սարքավորումները, որոնք այսօր պիտանի են, որոնք այսօր ոչ մի երկրում չի արտադրվում։ Մոտ 300 կտոր սարքավորում ունենք, որ ունիկալ են։ Մենք ենթադրում ենք, որ շատ մեծ հաճույքով կարան հանեն, տանեն Ռուսաստան, ինչ-որ մի տեղ սարքեն շենք-շինություններ, տեղավորեն, ստանան քլորոպրենային կաուչուկ, որը ՌԴ-ն երեկ գնում էր Գերմանիայից»,- մեզ հետ զրույցում նշել է «Նաիրիտ»-ի նախկին փոխտնօրեն Կարեն Միրզոյանը։

Գործը խոսքից բարձրագոչ է։ Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում արդյունաբերության զարգացման ֆինանսավորումը նախատեսված է մոտ 200 մլն դոլար, ինտենսիվ այգիներ հիմնելու վրա 5 տարում ծախսվել է մոտ 250 մլն դոլար: «Նաիրիտ»-ի վերագործարկման համար, հիշեցնենք, անհրաժեշտ է շատ ավելի քիչ գումար՝ մոտ 150 մլն դոլար։ Այսինքն՝ գործարանը չվերագործարկելու պատճառը ֆինանսի սղությունը չէ։ Ուրեմն՝ ի՞նչն է կապել Փաշինյանի ձեռքերը, որ քիմիական արդյունաբերության այս հսկան կառավարությունը թողել է ճակատագրի քմահաճույքին։ 

Մեզ այլ բան չի մնում, քան կրկնելու Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թ-ի հռետորական հարցը․ «Տրամաբանական կլիներ, որ ասեիք՝ արդյո՞ք սա չի նշանակում, որ «Նաիրիտ»-ը թալանածների հետ ձեռք եք բերել քաղաքական պայմանավորվածություն»։

Գայանե Խաչատրյան

Թեմայի վերաբերյալ Տիգրան Սարգսյանի արձագանքն՝ այստեղ։