Հայաստանում մի քանի հարյուր երեխայի համար կրթությունը նորաձև չէ․ ինչու ՀՀ կառավարությունը չի կատարում «ոչ մի երեխայի պարտադիր կրթության համակարգից դուրս չթողնելու» իր խոստումը
Հասարակություն
10.03.2026 | 18:47
2024 թ․ ընթացքում խնամակալության և հոգաբարձության մարմինների (ԽՀՄ) կողմից հայտնաբերված 493 երեխա դպրոց չի հաճախել։ ԽՀՄ-ները հայտնաբերել են 695 երեխա, սակայն կրթության համակարգում ընդգրկվել է հայտնաբերվածներից միայն 202-ը։
Ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվել կրթության համակարգում ներառել դուրս մնացած բոլոր հայտնաբերված երեխաներին։
Դեռևս 2022 թ-ին UNICEF-ը Հայաստանի կրթության ոլորտի վերլուծություն էր հրապարակել, որի համաձայն․ «Դպրոցահասակ տարիքի յուրաքանչյուր 10 երեխայից մեկն ընդգրկված չէ տարրական կամ միջին դպրոցում: Մասնավորապես, 2020 թվականին հանրակրթությունում ներգրավված չեն եղել 6 տարեկանների 15.9 %-ը, 9 տարեկանների 9.9 %-ը, 14 տարեկանների 13.2 %-ը»։
UNICEF-ը նաև նշել է․ «Հայաստանում համախառն ընդգրկվածության դրույքն ամենացածրն է համադրելի և հենանիշային երկրների թվում»։ Նախորդ տասնամյակի ընթացքում դպրոցական կրթության բոլոր մակարդակներում ընդգրկվածությունը վատթարացել է։
2025 թ․ փետրվարի 27-ի N12-Ա որոշմամբ հաստատված «Պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը» ընթացիկ եզրակացության մեջ, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, Հաշվեքննիչ պալատը նշել էր, որ 2024 թ-ին հայտնաբերվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած 695 երեխա, որոնցից կրթության համակարգ է ընդգրկվել միայն 202-ը։ Հաշվեքննիչ պալատը նաև արձանագրել էր, որ 2024 թ․ 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը կազմել է 82․5 %։
Իշխանության ներկայացուցիչները կասկածի տակ են դրել Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության մեջ հրապարակած ցուցանիշները և պնդել, որ 12-ամյա կրթության մեջ իրական ընդգրկվածությունը 94․6 % է ։ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ հիմնական դպրոցներում աշակերտների ընդգրկվածության համախառն ցուցանիշը 99․7 % է, իսկ ավագ դպրոցներում՝ 60.9 %։ Ըստ նրա՝ աշակերտների ևս 21.3 %-ը հիմնական դպրոցից հետո կրթությունը շարունակում է մասնագիտական կրթության հաստատություններում (ըստ այդմ աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը բարձր տարիքի երեխաների շրջանում 82.2 % է)։
ԿԳՄՍ նախարարի հայտարարած թվերը համընկնում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հետ։ Մասնավորապես, 2024-2025 թթ․ ուսումնական տարվա համախառն ընդգրկվածության ցուցանիշների թվում, ավագ դպրոցների դեպքում, ՀՀ վիճակագրական կոմիտեն ևս ներկայացրել է 60․9 %, իսկ հիմնական դպրոցների դեպքում՝ 99․7 % ցուցանիշը։

Այս տվյալները, սակայն, մանիպուլյատիվ են․ 2023-2024 թթ․ և 2024-2025 թթ․ ցուցանիշները շեշտակիորեն բարելավվել են, քանի որ սահմանված տարիքային խմբի համապատասխան դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակում ՀՀ վիճակագրական կոմիտեն ներառել է Արցախից բռնի տեղահանված երեխաների թվաքանակը, իսկ մշտական բնակչության նույն տարիքային խմբում այդ երեխաների թվաքանակը չի ներառել։
Վիճակագրական կոմիտեն դա բացատրել է այն հանգամանքով, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում Արցախից բռնի տեղահանվածների հաշվառման գործընթացն ամբողջությամբ չի իրականացվել։ Եթե Արցախից բռնի տեղահանման արդյունքում Հայաստան եկած երեխաների թիվն ավելացնում ես միայն համարիչում, ապա տոկոսը, իհարկե, կբարելավվի։
Դժվար է հավատալ, որ վերը նշված ցուցանիշները ներկայացնելիս ԿԳՄՍ նախարարը տեղյակ չի եղել տվյալների հետ կապված այս խնդրահարույց իրավիճակի մասին։
Աղավաղված վիճակագրությունը քողարկում է խնդիրը և ոչ մի դեպքում չի լուծում այն։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ պատկեր կունենանք պետական ռեգիստրում Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառումն ավարտելուց հետո։
Մտահոգիչ է նաև, որ ընդհանրապես քննարկման առարկա չդարձավ Հաշվեքննիչ պալատի եզրակացության այն հատվածը, որտեղ նշված է՝ 2024 թ․ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից հայտնաբերած պարտադիր կրթությունից դուրս մնացած 695 երեխաներից միայն 202-ն է ընդգրկվել կրթության համակարգում։ Փաստորեն, իշխանությունները դպրոց չհաճախող 493 երեխայի չեն կարողացել վերադարձնել դպրոց։ Ինչո՞ւ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող տվյալներից զատ, այլ աղբյուրներ ևս համախառն ընդգրկվածության վերաբերյալ ցուցանիշներ են հրապարակում։
ՀՀ կառավարությունը գրեթե ամեն տարի պետական բյուջեի ծրագրերում հանրակրթությունում ընդգրկվածության հետ կապված նպատակներ, ելակետային և վերջնական արդյունքի ցուցանիշներ է սահմանում։ Տարբեր տարիների պետական բյուջեներում պարտադիր կրթության տարբեր մակարդակներում վերջնական արդյունքի ցուցանիշները ներկայացված են ստորև։

ԿԳՄՍ նախարարի հայտարարած ցուցանիշները չեն համընկնում պետական բյուջեի ուղերձ-բացատրագրի հավելվածներում ԿԳՄՍՆ ներկայացրած ցուցանիշների հետ։ Մասնավորապես, ուղերձ-բացատրագրի հավելվածում ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է, որ երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) ընդգրկվածության ելակետային ցուցանիշը 54% է։ Այսինքն, ԿԳՄՍ նախարարը հղում է կատարում ՀՀ վիճակագրական կոմիտեի աղավաղված ցուցանիշներին, սակայն պետական բյուջեի ուղերձ բացատրագրի հավելվածներում ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է բոլորովին այլ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած տվյալներից զգալիորեն ցածր ցուցանիշ։ Ինչո՞ւ։
2025 թ․ նոյեմբերի 27-ի N79-Ա որոշմամբ Հաշվեքննիչ պալատը հաստատել է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների ընդգրկվածության բարձրացման կատարողականի հաշվեքննության առաջարկությունների կատարման վերաբերյալ հետհսկողական հաշվետվությունը։ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ «առաջընթացը հատկապես արտահայտվել է կարգավորումների և ինստիտուցիոնալ մեխանիզմների լավարկմամբ», այսինքն, փաստաթղթերն ավելի լավն են դարձել։ Դա, սակայն, ամենևին չի նշանակում, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաներն սկսել են դպրոց հաճախել։
Հաշվեքննիչ պալատը նշել է, որ 2025 թ․ փետրվարի 27-ի իր №12-Ա որոշմամբ հաստատված ընթացիկ եզրակացության մեջ ներառված տվյալները ստացել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ՝ ԿԿՏՀ)։
ԿԳՄՍՆ-ի հայտարարության համաձայն՝ ԿԿՏՀ-ի մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգը, որը պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ Հայաստանի միակ պաշտոնական տվյալների բազան է, օբյեկտիվ պատճառներից ելնելով չի արտահայտում իրական պատկերը և ենթակա է զտման: Սակայն առ այսօր հայտնի չէ, թե արդյոք ԿԳՄՍՆ-ն որևէ աշխատանք կատարե՞լ է տվյալները զտելու և հանրությանն իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ։
Խիստ խնդրահարույց է, որ ԿԳՄՍՆ-ն ունի էլեկտրոնային հարթակ, որի ստեղծման համար պետական միջոցներ են ծախսվել, սակայն այդ հարթակի աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում բարելավելու փոխարեն արդարանում է, որ այն չի «արտահայտում իրական պատկերը»։ Այդ ենթահամակարգը ՀՀ կառավարությունն է ստեղծել և ԿԳՄՍՆ-ն պարտավոր է ապահովել, որ այն պատշաճ կերպով աշխատի։
Հաշվեքննիչ պալատը նշել է, որ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգը ոչ թե պարզապես վիճակագրական նպատակ հետապնդող գործիք է, այլ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների անհատական դեպքերի կառավարման մեխանիզմ» և որ «Կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն՝ ստացված ցանկում ընդգրկված յուրաքանչյուր երեխայի անհատական դեպքի կառավարմամբ, պետք է հնարավոր լինի ինչպես շտկել տվյալների հնարավոր անճշտությունները, այնպես էլ՝ սահմանված կարգով ընթացք տալ իրապես պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների դեպքերին»։
Ըստ էության, Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ ԿԳՄՍՆ-ն չի կատարում պարտադիր կրթությունից դուրս մնացած կամ դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման և նրանց կրթության համակարգ հետ բերելու մասով իր պարտականությունները։
2022 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» արձանագրել է հանրակրթությունում համախառն ընդգրկվածության խնդիրը (6-րդ կետ)։ Այդ ծրագրով ՀՀ իշխանությունները պարտավորություն են ստանձնել, որ «ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»։
Կարելի է ժամանակակից դպրոցական շենքեր կառուցել և դրանք կահավորել ժամանակակից պահանջներին համապատասխան։ Կարելի է կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացնել ուսուցիչների մի մասի աշխատավարձը։ Սակայն եթե ամեն տարի մի քանի հարյուր երեխա դպրոց չի հաճախում, դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը չի կատարում իր խոստումը և վտանգում է այդ երեխաների և Հայաստանի Հանրապետության ապագան։
Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը վկայում է, որ առնվազն 2025 թ․ դրությամբ ՀՀ կառավարությունը չի կատարում ոչ մի երեխայի պարտադիր կրթության համակարգից դուրս չթողնելու իր խոստումը։
Արտակ Քյուրումյան