Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աննա Հակոբյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել։  Նա անպատասխան թողեց իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը վերաբերող «Անկախ դիտորդի» արձանագրած ենթադրյալ խախտումների մասին հարցերը։

Դաշինքը երեկ հայտնեց, որ դիմել է Վարչական դատարան և պահանջել 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկ։

«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր»,- ասում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նրա պնդմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն իշխող ՔՊ խմբակցության գործող պատգամավոր է։

«Նաև անվանումով՝ «Իմ քայլը» այն դաշինքի անվանումն էր, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել էր Երևանի ավագանիում և Ազգային ժողովի ընտրություններում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։ «Իմ քայլը» բրենդ էր, որը «Քաղաքացիական պայմանագիրն» օգտագործում էր»,- ընդգծում է Իոաննիսյանը։ 

Նրա գնահատմամբ՝ հիմնադրամը պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն շարունակել է։ Աննա Հակոբյանն ինքն անձամբ չէր բացառել, որ  որպես հիմնադրամի գործադիր տնօրեն՝ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Սա հայտարարել էր Նիկոլ Փաշինյանից հեռանալու և կառավարական ամառանոցը լքելու մասին հրաժեշտի տեսանյութում։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց, որ Աննա Հակոբյանին առնչվող քրեական վարույթ իր ղեկավարած կառույցում չկա։ 

Այնինչ, փետրվարի 24-ին խորհրդարանում իրավապահ կառույցի նախագահն ասել էր, որ ուսումնասիրվում է, այդ թվում, «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը։ Նահապետյանի այդ պատասխանի հիմքն անգլերենի սկսնակ մակարդակի ուսուցման անվճար դասընթացների մասին «Իմ քայլը» հիմնադրամի հայտարարությունն էր։ Սա, ըստ էության, քրեորեն պատժելի արարք համարվող բարեգործության արգելքի հնարավոր խախտում կարող էր լինել, քանի որ այդ դասընթացների մասին հիմնադրամը հայտարարել էր ընտրությունների նշանակման օրվանից հետո։ Այս ընթացքում հիմնադրամը մի շարք այլ դասընթացների մասին էլ է հայտարարել՝ Սյունիքի մարզի բնակավայրերում պրակտիկ դասընթացերի անցկացում, հագուստի մոդելավորման և կարուձևի դասընթաց, մարզերում  յոգայի անվճար դասընթացներ, հրուշակագործության դասընթացներ։ Բացի այդ, հիմնադրամը շուրջ 20 ընտանիքների 250 քմ մակերեսով կահավորված ջերմատներ է տրամադրում Լոռու և Արագածոտնի մարզերում, նաև սերմեր։  

Իոաննիսյանն ընդգծում է՝ ուսումնասիրել են հիմնադրամի այս շրջանի գործունեությունը և քրեական օրենսգրքով արգելված արարք չեն հայտնաբերել։

«Քրեական օրենսգրքի 221 հոդվածը ենթադրում է, որ բարեգործությունը պետք է արվի թեկնածուի, կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից։ Ըստ էության, Աննա Հակոբյանը կամ հիմնադրամը ո՛չ թեկնածու է, ո՛չ կուսակցությունն է, ո՛չ վստահված անձ է, ո՛չ կուսակցության անդամ է և այս առումով հանցակազմ չկա»,- ընդգծեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ բարեգործությունը չի զուգակցվել նաև քարոզչությամբ, ինչը ևս բացառում է քրեական պատասխանատվությունը։  

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը երեկ արձագանքել է գործունեության, առաջիկա ընտրությունների և դրանց կապի մասին լրատվամիջոցների հրապարակումներին։ Հիմնադրամը հերքել է այն պնդումը, թե ընտրություններից առաջ սկսել են նոր ծրագրեր՝ նշելով, որ ծրագրերը նոր չեն և հաստատվել են տարվա սկզբին, իսկ դրանց իրականացումը որևէ կերպ կապված չէ ընտրական գործընթացների հետ։ 

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Կրթվելը նորաձև է» շարժմանն իրավական կարգավիճակ է տրվել՝ գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն։ Հիմնադրամը հերքել է սա։ Բայց ուշագրավն այն է, որ հիմնադրամն ապրիլի 8-ին ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ կայացել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում ընդունվել է կազմակերպության անդրանիկ հայտարարությունը։ Պետռեգիստրում, սակայն, այդ անվամբ ՀԿ այս պահին գրանցված չէ։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կիրակի միասին էին Գյումրիում։ Մինչ այդ էլ, կառավարական ամառանոցից Փաշինյանի տեսանյութում էր մի պահ երևացել Հակոբյանը։  

Միավորվե՞լ են, արդյոք նրանք, երեկ վարչապետն այսպես էր պատասխանել․ «Երբ Աննան հայտարարություն արեց, ես ասացի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ։ Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Եվ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Աննա Հակոբյանն առայժմ չի անդրադարձել իր ու Փաշինյանի հարաբերությունների ներկայիս կարգավիճակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան