Ինչո՞ւ առանց քննության մնաց Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական գործը

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնական կայքում հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի գործը, որում մանրամասներ են հրապարակված ինչպես Մարտիրոսյանին վերագրված կարգապահական խախտման, այնպես էլ՝ գործն առանց քննության թողնելու հանգամանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի մայիսի 18-ի վճռից հետո։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունն Արդարադատության նախարարի  հուլիսի 29-ի որոշմամբ ներկայացվել է Բարձրագույն դատական խորհուրդ, որը Խորհուրդը ստացել է օգոստոսի 1-ին։

Ինչ արարք էր վերագրվում Մնացական Մարտիրոսյանին

Ներկայացված միջնորդության համաձայն՝ Վարդան Ջհանգիրյանը 2008-ին ունեցել է ծանր հիվանդություն, որը նույն թվականի ապրիլին փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է։ Ջհանգիրյանին ցուցվել է երկարատև ստացիոնար բուժում հատուկ կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով և լրացուցիչ խնամքի պայմաններում, սակայն  2008 թվականի հունիսի 16-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ջհանգիրյանը  ֆիզիկապես մասնակցել է դատական լսումներին։ Ի վերջո, Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակը վատթարացել է այնքան, որ սեպտեմբերի 9-ին կրկին հոսպիտալացվել է։ Դատավոր Մարտիրոսյանը 22.09.2008-ի  որոշմամբ կասեցրել է դատական վարույթը, ընդ որում՝ որոշման մեջ մատնանշել է ոչ միայն հիվանդանոցից ստացված գրությունը, համաձայն որի՝ Ջհանգիրյանը  հոսպիտալացվել է և երկարատև անկողնային ռեժիմ պահպանելու անհրաժեշտություն կա, այլ նաև հղում է կատարել դեռևս ապրիլին ստացված նրա առողջական վիճակի վերաբերյալ  եզրակացությանը։

2008 թվականի հոկտեմբերի 2-ին դատարանը կայացրել է քրեական գործով վարույթը վերսկսելու որոշում այն հիմքով, որ Վարդան Ջհանգիրյանը դուրս է գրվել հիվանդանոցից՝ առողջական վիճակի բարելավմամբ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, արձանագրել է, որ չնայած Ջհանգիրյանը  դուրս է գրվել հիվանդանոցից որոշակի բարելավման նշաններով, առկա չի եղել որևէ փաստ, որը թույլ կտար ենթադրելու, որ նա կարող էր ներկայանալ լսումներին: 

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 2008-ի հոկտեմբերի 9-ին դատարանը դիմումատուին, այսինքն՝  Վարդան Ջհանգիրյանին, հարկադրել է ներկայանալու դատական նիստին, հակառակ դեպքում, ըստ դիմումատուի, դատարանը կփոխարիներ նրա նկատմամբ ընտրված ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը կալանավորմամբ։ Հասնելով դատարանի շենք՝ Ջհանգիրյանի ցավերը սաստկացել են, տուն են տեղափոխվել շտապ օգնության մեքենայով և ցավը մեղմելու համար կատարվել է ներարկում: 2008 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դիմումատուն ներկայացրել է մի քանի միջնորդություններ՝ առողջական վիճակի պատճառով դատաքննությունը կասեցնելու պահանջով, որոնք բոլորը դատարանը մերժել է:

2008 թվականի դեկտեմբերի 1-ին  դատարանը կայացրել է Ջհանգիրյանի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում այն հիմքով, որ վերջինս չի ներկայացել 2008 թվականի հոկտեմբերի 20-ի և 30-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 1-ի դատական լսումներին:

ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ ոստիկանությունը յուրաքանչյուր դատական լսումից առաջ ժամանել է Ջհանգիրյանի տուն՝ նրան դատարան տեղափոխելու համար: 2009 թվականի փետրվարին Ջհանգիրյանի  պաշտպանները դատարան են ներկայացրել Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրություն, համաձայն որի՝ Ջհանգիրյանը կարող էր այդ կլինիկայում բուժում ստանալ միայն համապատասխան բժշկական զննություններն իրականացվելուց հետո և դատարանին միջնորդել են նրա խափանման միջոցը վերացնել։ Դատարանը մերժել է միջնորդությունն այն հիմքով, որ չի կարող դա անել Ջհանգիրյանի բացակայությամբ։ 2009 թվականի մարտի 17-ին պաշտպանները կրկին միջնորդել են փոխել Ջհանգիրյանի խափանման միջոցը՝ նշելով, որ նա պատրաստ է դիմանալ սուր ցավին և ներկայանալ դատարան, որպեսզի նրա բուժման հարցն, ի վերջո, լուծվի, դատարանը հետաձգել է դատական լսումը մինչև Ջհանգիրյանը  կտեղափոխվեր դատարան, սակայն երբ նիստը սկսվել է, միջնորդությունը չի քննել ու անցել է դատախազի ճառը լսելուն: 

«Պետք է փաստել Դատավոր Մ.-ի անտարբեր վերաբերմունքը դիմումատուի առողջական վիճակի նկատմամբ, երբ վերջինս, ի վերջո, ներկայացել է 2009 թվականի մարտի 17-ի լսմանն այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել է դիմումատուի բացակայությամբ քննել խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»,- արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Նշենք, որ պրակտիկայում ՄԻԵԴ-ը հազվադեպ է իր որոշումներում դատավորին անվանական նշում:

Դատարանն արձանագրել է, որ  քննարկվող դեպքում Ջհանգիրյանին պատճառվել է ոչ միայն ֆիզիկական ցավ, այլև հուզական տառապանք, առաջ են եկել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել: Արդյունքում, ՄԻԵԴ-ը հանգել է այն հետևության, որ դիմումատուն, այսինքն՝ Վարդան Ջհանգիրյանը, ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որի արդյունքում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Ըստ այս հոդվածի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մեջ Արդարադատության նախարարը դիրքորոշում է հայտնել, որ  դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: 

Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որում անվանական առանձնահատուկ անդրադարձ է կատարված դատավորի կողմից թույլ տրված խախտումներին՝ նախարարը նշել է, որ, ի տարբերություն այլ դեպքերի, տվյալ պարագայում դատավորի կողմից կատարված խախտումների արդյունքում առավել, քան ակնհայտորեն նվազեցվել է հանրության  վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև հեղինակազրկվել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը, ոչ միայն պետության ներսում, այլև՝ այլ պետությունների առջև՝ նկատի ունենալով միջազգային ատյանի կողմից ընդունվող որոշումների հնարավոր տարածվելիության լայն շրջանակը։

Անդրադառնալով այս հանգամանքին՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգապահաական  գործի վերաբերյալ բացատրություն ներկայացնելիս  դիրքորոշում է հայտնել, որ դա  վարույթ հարուցող մարմնի խիստ սուբյեկտիվ և գնահատողական եզրահանգումն է, որը չունի որևէ փաստական հենք։

Նշենք, որ ՄԻԵԴ վճռի հիմքով  կարգապահական վարույթ հարուցելու իրավահարաբերությունները դատավորն ու Արդարադատության նախարարությունը տարբեր կերպ են մեկնաբանում․ դատավորը պնդում է, որ նախարարոթյունը չէր կարող վարույթ հարուցել, քանի որ  անցել են կարգապահական վարույթ հարուցելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Արդարադատության նախարարությունը պնդել է, որ ՄԻԵԴ վճիռների հիմքով կարգապահական վարույթ կարող էր հարուցվել, դրա ժամկետները չեն անցել:

Ինչպե՞ս է ԲԴԽ-ն հիմնավորել իր որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը, հղում կատարելով «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասին՝ նշել է, որ  դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում: 

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

Խորհրդի մեկնաբանմամբ՝ որպես բացառիկ դեպք՝ հարցի քննության համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու հնարավորությունը կարող է գնահատվել և գործադրվել միայն հարցի քննությունն սկսված լինելու պայմաններում։

Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։ 

Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած։ 

Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական գործով 2022 թվականի օգոստոսի 25-ին հրավիրված է եղել դատական նիստ, սակայն դատավորը օգոստոսի 15-ին ներկայացրել է դիմում այն մասին, որ օգոստոսի 12-ից մինչ սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և բացակայելու է Երևանից, իսկ հաջորդող օրերին ունենալու է աշխատանքային խիստ ծանրաբեռնվածություն: Դատավորը միջնորդել է  իր գործի քննարկումը նշանակել հոկտեմբեր ամսից ոչ շուտ: 

Խորհուրդն, այնուամենայիվ, նիստն օգոստոսի 25-ին է նշանակել, սակայն նշված օրը հրավիրված դատական նիստը չի կայացել` դատավորի` արձակուրդում գտնվելու պատճառով: 

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, որը կայացել է: Այս օրը դատավորի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել խորհրդին՝  կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ, որի կապակցությամբ խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: 

Հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, որի ժամանակ Խորհուրդը պետք է հանդես գար որպես դատարան, ուստի՝ նիստի իրավազորության համար անհրաժեշտ էր Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությունը, սակայն նշված օրը դատական նիստը չի կայացել  քվորումի բացակայության պատճառով: 

ԲԴԽ-ն նշել է, որ նիստը չի կայացել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խորհրդի անդամ Վիգեն  Քոչարյանը գտնվել է գործուղման մեջ, և նիստին չեն ներկայացել դատավարության մասնակիցները: 

Հերթական  դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին, սակայն այդ օրը Դատական դեպարտամենտ է մուտքագրվել դատավորի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի դիմումը՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, այն հիմնավորմամբ, որ դատավորն ունի առողջական խնդիրներ, անցնում է բժշկական հետազոտություն և չի կարող ներկա գտնվել նշանակված նիստին: Նկատենք,  որ առողջական խնդիրների պատճառով նիստին չներկայացած դատավորը, ըստ ՄԻԵԴ որոշման,  տարիներ առաջ բերման էր ենթարկել առողջական ծանր վիճակում գտնվող  ամբաստանյալին:

Խորհրդի որոշմամբ հետաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակված դատական նիստը,   իսկ հաջորդ նիստն, ըստ ԲԴԽ որոշման, նշանակվել է քվորումի ապահովման հնարավորություն ընձեռող ժամկետի հաշվառմամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ին։ 

Իսկ նոյեմբերի 3-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացած է եղել Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, և, ԲԴԽ-ի մեկնաբանմամբ, քննության ժամկետը երկարաձգելու համար օրենքով նախատեսված վավերապայմաններն առկա չեն եղել, Խորհուրդը հանգել է եզրակացության այն մասին, որ Դատավորի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությունը պետք է թողնվի  առանց քննության:

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդգրկվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում:

Արաքս Մամուլյան