Մնացական Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր կարող է դառնալ 3 ամսից ոչ շուտ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու հեռանկարը լուրջ իրարանցում է առաջացրել հասարակական-քաղաքական շրջանակներում։

Այսօր քաղհասարակության մի քանի կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով, որպեսզի Հանրապետության նախագահը Մարտիրոսյանին չնշանակի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունն առարկություններով, վերադարձնի Բարձրագույն դատական խորհրդին:

«Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին` Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին` Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք:

Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001 թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից: Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը: Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Ուշագրավ է, սակայն, որ Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը նախագահի հաստատմանը ներկայացվելու է մի քանի ամիս անց միայն։ Թեև Մարտիրոսյանը որակավորման ստուգման արդյունքում ընտրվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, բայց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 69-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը և այն ներկայացնում Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով։ Ստացվում է՝ այժմ Մարտիրոսյանը պետք է ակադեմիայում եռամսյա ուսուցում անցնի։ Այս փուլից հետո միայն Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Հանրապետության նախագահին առաջարկություն ներկայացնել՝ Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ։

Ինչ դերակատարում ունի ՀՀ նախագահը դատավորի նշանակման գործընթացում

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանվում է դատավոր նշանակելու կարգը։ Այս հոդվածի կարգավորումների համաձայն՝ ԲԴԽ-ն առաջարկի հետ Հանրապետության նախագահին ներկայացնում է նաև դատավորի թեկնածուի անձնական գործը, թեկնածուի՝ դատավոր չլինելու դեպքում նրա կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքով ձեռք բերված փաստաթղթերը։

Առաջարկությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահն ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ առաջարկությունն առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ:

Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունն առարկություններով վերադարձվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել, ըստ որում՝ ԲԴԽ-ն կարող է նաև չընդունել նախագահի առարկությունները։

Չընդունելու հարցը ԲԴԽ-ն քննարկում է և որոշում կայացնում գաղտնի քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ հրամանագիր կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում ներկայացված թեկնածուին նշանակելու վերաբերյալ:

Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում օրենքով վերը նշված գործողությունները, ապա համապատասխան թեկնածուին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, ինչի մասին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եռօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։

Դատական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասով էլ սահմանվում է, որ դատավորի պաշտոնում նշանակված անձը նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Հանրապետության նախագահի մոտ, իսկ իրավունքի ուժով նշանակված լինելու դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստում տալիս է երդում։

Արաքս Մամուլյան