Ինչո՞ւ Հայաստանը գազի տարանցիկ երկիր չի դառնում․ հայտարարություններն ու իրականությունը

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կիրակի Աշխաբադում գազի փոխանակման մասին եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Պայմանագրի համաձայն՝ Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան տարեկան կարտահանվի մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։

Նոյեմբերի 21-ին Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջին ասել էր, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով հարևան երկրներից Ադրբեջան գազ տեղափոխելու մասին, այդ թվում՝ Թուրքմենստանից։ Նա նաև նշել է, որ Թեհրանն ու Բաքուն առաջիկա շաբաթներին, հնարավոր է, համաձայնագիր ստորագրեն Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ։ Այս պայմանագրի ստորագրումը հայկական միջավայրում արթնացրեց հիշողություններ նաև Հայաստանի և Թուրքմենստանի միջև գազի տարանցման մասին նախկինում եղած բանակցությունների վերաբերյալ, որոնց ճակատագիրը անհայտ է մնացել։

Factor.am-ն այս հրապարակմամբ ներկայացնելու է մեր էներգետիկ քաղաքականությանը վերաբերող անցյալի այն դրվագները, որտեղ ինքներս մեզ դիրքավորում էինք որպես այս ոլորտում տարանցիկ երկիր։ Փորձագիտական կարծիքի միջոցով փորձել ենք պարզել՝ ինչպես ստացվեց, որ մեր՝ տարանցիկ երկիր դառնալու մասին հայտարարություններն այդպես էլ իրականություն չդարձան։

Թուրքմենական գազի տարանցման շուրջ հայկական բանակցությունների մասին

Թուրքմենական գազի ձեռքբերման մասին խոսակցություններ եղել են 2017 թվականից՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակներից։ Մասնավորապես, 2017-ի սեպտեմբերին Թուրքմենստան նրա աշխատանքային այցից հետո  տարածված պաշտոնական տեղեկության համաձայն՝ նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկման թեմաներից են եղել էներգետիկայի ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերը։

Թուրքմենստանի հետ գազային գործարքն իրականացնելու հարցում, ըստ հրապարակումների, առավել նախաձեռնողական էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ հարցը քննարկել էր իրանական կողմի հետ։

Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Իրանում նրա ունեցած հանդիպումներում քննարկվել են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանիային իրանական լրատվամիջոցների հետ զրույցում էլ ասել էր, որ Կարեն Կարապետյանի այցի ժամանակ «թուրքմենական գազը դեպի Հայաստան սվոպ եղանակով տեղափոխելու հարցն էլ է քննարկվել»: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը:

Հայաստանում հեղափոխությունից հետո հարցը տեղափոխվել է նոր իշխանությունների օրակարգ։ 2020 թվականին ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Թուրքմենստանից Հայաստան սվոպ համակարգով գազ մատակարարելու շուրջ բանակցությունները շարունակվում են` չնայած նախագծի իրականացմանը խանգարելու փորձերին։ Ըստ նրա՝ հակաիրանական պատժամիջոցներն արգելակում են նախագիծը, բայց դա չի նշանակում, որ Երևանը չպետք է ակտիվացնի դրա իրականացմանն ուղղված աշխատանքները։ Սվոպի շրջանակում Թուրքմենստանից եկած մատակարարումները պետք է գազով ապահովեին Իրանի սահմանամերձ (Թուրքմենստանի հետ) շրջանները։ Փոխարենը Իրանը սեփական գազը մատակարարելու էր Հայաստանին արդեն իսկ գոյություն ունեցող գազատարով։

Factor.am-ը հարցում է ուղարկել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե, ի վերջո, ի՞նչ ճակատագիր են ունեցել թուրքմենական գազը Հայաստան մատակարարելու շուրջ բանակցությունները։ Պատասխանը կհրապարակենք ստանալուց հետո։

Փաշինյանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելու հայտարարություններն ու իրականությունը

Տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում ներգրավվելու ցանկության մասին Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է։ Սակայն, հայտարարություններից զատ, իրական քայլեր չեն եղել։

Նման մի հայտարարություն էլ Իրան պաշտոնական այցի շրջանակում արել էր Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է իրանական գազի համար տարանցիկ երկիր լինել։

«Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքն առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել էր Փաշինյանը:

Այս հայտարարությունն իրականություն դառնալուն ուղղված քայլեր այդպես էլ տեսանելի չեղան։ Փոխարենը մենք ականատես ենք դառնում տարածաշրջանային մնացած երկրների համագործակցության ծավալների մեծացմանն այս ոլորտում․ գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Հարավային գազային միջանցքի կառուցման ծրագիրն Ադրբեջանի համար ազդեցության մեծացման գործոններից մեկն է դարձել․ այն ընդգրկում է արդեն իսկ առկա Հարավկովկասյան գազամուղը, ինչպես նաև նոր կառուցվելիք Տրանսանատոլիական (TANAP – Trans-Anatolian Pipeline) և Տրանսադրիատիկ (TAP – Trans-Adriatic Pipeline) գազամուղները:

Ըստ փորձագետի՝ Հայաստանով թուրքմենական գազի տարանցման համար աշխարհաքաղաքական պայմաններ չկան

Թուրքմենական գազ տարիներ առաջ Հայաստանը ներկրել է․ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հանդես էր գալիս որպես ներկրման օպերատոր, վճարում էր տեքստիլ և այլ տեսակի արտադրանքով, Factor.am-ի հետ զրույցում ասում է Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Թուրքմենական գազը տարանցելու համար պետք է համապատասխան աշխարհաքաղաքական կոնյուկտուրա, որն այս պահի դրությամբ էլ բացակայում է»,- ասում է նա։

Վահե Դավթյանի խոսքով՝ երբ Հայաստանը ցանկանում էր բանակցություններ սկսել սվոպ եղանակով թուրքմենական գազի տարանցման վերաբերյալ, աշխարհաքաղաքական իրողություններն այլ էին։

«Խոսքը 2016-2017 թվականների մասին է։ Այն ժամանակ «Թուրքմենգազ» ընկերությունը հայտնվել էր խորը կոնֆլիկտի մեջ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, և ստեղծվել էր մի իրավիճակ, որ եթե մենք սվոպ եղանակով թուրքմենական գազի համար միջանցք ստեղծեինք, խնդիրներ կստեղծեինք «Գազպրոմ»-ի համար, որը Հայաստանի էներգետիկ համակարգում թիվ մեկ դերակատարն էր։ Սա եղավ այն խորքային պատճառը, որ այս գործարքն այն ժամանակ կյանքի չկոչվեց»,- ասաց նա։

2019 թվականից, ըստ փորձագետի, ռուսական «Գազպրոմ»-ի և Թուրքմենստանի միջև բոլոր հակասությունները վերացել են, և կողմերը պայմանագիր են կնքել թուրքմենական գազը 5 տարով Ռուսաստան ներկրելու մասին։

«Այսօր Թուրքմենստանը լիովին բավարարված է իր արտահանման հիմնական ուղիներով, որոնք են Ռուսաստանը և Չինաստանը։ Որքանով ես եմ հետևում նրանց արտաքին էներգետիկ քաղաքականությանը՝ այն ագրեսիվ մարքեթինգային քաղաքականությունը, որը փորձում էին որդեգրել 2016-ին՝ զրկվելով Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունից, հիմա չկա»,- ասաց նա։

Ըստ Վահե Դավթյանի՝ եթե փորձում ենք հասկանալ, թե որքանով է հիմա մեզ համար նպատակահարմար թուրքմենական գազը սվոպ եղանակով տարանցելը, պետք է դիտարկենք խնդիրը 2016 թվականի Իրան-Հայաստան-Վրաստան գազի տարանցման համագործակցության շրջանակում։

«Առաջին մատակարարումներն իրականացվեցին՝ շուրջ 24 մլն խորանարդ մետր, բայց դրանից անմիջապես հետո գործընթացը դադարեցվեց՝ հաշվի առնելով պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումն առ այն, որ Վրաստանը չի պատրաստվում իր հարաբերությունները խորացնել Իրանի և Հայաստան հետ գազի ներկրման մասով, որովհետև այնտեղ առկա էր ադրբեջանական գործոնը, որը Վրաստանին շուրջ 97 տոկոսով ապահովում էր բնական գազով, բացի այդ՝ կային հակաիրանական պատժամիջոցներ։ Իսկ հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, այն չէր կարող գնալ այս համագործակցության իրականացման ճանապարհով»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ նույն տրամաբանությամբ մենք պետք է շարժվենք նաև թուրքմենական գազի տարանցման մասին խոսելիս։

«Թուրքմենական գազը պետք է արտաքին աշխարհ դուրս գա Հայաստանի և Վրաստանի միջոցով։ Դրա կարիքը Վրաստանը չունի՝ և՛ ծավալային առումով, և՛ քաղաքական պատճառներով»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքմենստանի և Իրանի միջև էլ էներգետիկ ոլորտում համագործակցությունն առանձնապես հարթ չի ընթանում։

Նա նկատեց նաև, որ դրանք գործընթացներ են, որոնք հայկական կողմից կախված չեն․ «Հաշվի առնելով մեր էներգետիկ սուբյեկտայնության չափազանց ցածր մակարդակը՝ չեմ կարծում, թե այս մեծ էներգետիկ խաղում կարող ենք դեր ունենալ»։

Մենք, ըստ Վահե Դավթյանի, կկարողանանք տարածաշրջանում դերակատար լինել կա՛մ եթե ունենանք ռեսուրս, կա՛մ տարանցման ենթակառուցվածք։

«Մենք հիմա չունենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Ժամանակին՝ 90-ականներին, մենք ունեինք հնարավորություն ձևավորելու տարանցման գազամուղ, բայց այն այնպես էլ չիրագործվեց»,- նկատեց նա։

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետի խոսքով՝ եթե խոսում ենք ընդհանրապես տարանցիկ երկիր լինելու մասին, պետք է ձևավորենք նոր ենթակառուցվածքներ և համապատասխան հզորություններ։

«Բացի այդ՝ չունենք աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններ, որը մեզ թույլ կտա գոնե սվոպ եղանակով հանդես գալ նման համագործակցությունների շրջանակում»,- ասաց նա։

Էներգետիկայի ոլորտում ունեցած մեր խնդիրները, ըստ Դավթյանի, ձևավորվել են տարիների ընթացքում։

«Եթե խոսում ենք այս իշխանությունների մասին, ապա պետք է ասենք, որ 2018-ից ի վեր նպատակայնորեն թիրախավորվել է հայ-իրանական օրակարգը, սնանկացել են բոլոր այն ռազմավարական նախաձեռնությունները, որոնք մենք երկուստեք փորձել ենք իրականացնել, և ստեղծվել է մի իրավիճակ, որ Իրանը պարզապես մանևրելու տեղ չունի։ Սա, ի դեպ, իմ խոսքերը չեն։ Դրանք ինձ ասել են Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները մի հանդիպման ժամանակ։ Դրա արդյունքը մենք այսօր տեսնում ենք․ ի հեճուկս նրան, որ Հայաստանը դիտարկվում էր Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքում գործոն, այսօր դրանից դուրս է մղվում, և Իրանը գնում է Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացման ճանապարհով»,- եզրափակեց փորձագետը։

Հռիփսիմե Հովհաննիսյան