«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.10.2026 | 14:44Ազգային ժողովում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկության և վարման կարգի վերաբերյալ ելույթները վերածվեցին թեժ բանավեճի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ ընդդիմությունը դեմ չէ նախագծին, այլ ունի դրա վերաբերյալ մի շարք առաջարկություններ։ Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե ընդդիմությունը հանդես է գալիս օրենքի դեմ և բռնարարի դիրքերից, մոլորեցնող էր։
«Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին նաև այն համոզմումով, որ մեր առաջարկությունները կունենան իրենց արձագանքը»,- ասաց Գալստյանը։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանն իր հերթին նշեց, որ նախագիծը, իր գնահատմամբ, թերի է, որոշակի և կանխատեսելի չէ և լուրջ վերամշակման կարիք ունի։ Նա հայտարարեց, որ այս փուլում ևս ձեռնպահ են քվեարկելու։
Քննարկումը սրվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձեց ընդդիմությանը՝ պնդելով, որ նախագծի նկատմամբ նրանց վերաբերմունքը կապված է նաև քաղաքական վարքագծի հետ։
Նրան արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ պնդելով, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են քաղաքական բանավեճերում ընտանիքների թեման դարձրել թիրախավորման առարկա։
«Ալեքսանյա՛ն Վահագն, Ձեր խոսույթի մեծ մասը մարդկանց ընտանիքների հետ է կապված»,- ասաց Կարապետյանը։
Ազգային ժողովի փոխնախագահը հակադարձեց, որ ՔՊ-ի քննադատությունները վերաբերել են քաղաքական գործունեություն ծավալող ընտանիքի անդամներին, այլ ոչ թե անձանց՝ միայն որևէ մեկի հարազատը լինելու պատճառով։
«Ես երբևէ, օրինակ, Ձեր մոր մասին խոսե՞լ եմ։ Երբե՛ք։ Ես խոսել եմ Ձեր հոր մասին, որը քաղաքական գործիչ է, ես խոսել եմ Ձեր հորեղբոր մասին, որը քաղաքական գործիչ է»,- ասաց նա։
Բանավեճին միջամտեց ԱԺ նախագահող Ռուբեն Ռուբինյանը՝ կոչ անելով պատգամավորներին պահպանել էթիկայի նվազագույն ընդհանուր կանոնները։
«Կա՞ կոնսենսուս այս դահլիճում, որ ընդունելի չի անպարկեշտ լեզվի օգտագործումը, ընդունելի չի մեկի, օրինակ, քաղաքականության հետ կապ չունեցող հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորելը։ Կա՞ այդպիսի կոնսենսուս։ Եթե կա, շատ լավ, համարում ենք սա զրոյական կետ, եկեք այդ կոնսենսուսը պահենք»,- ասաց Ռուբինյանը։
Քննարկման ավարտին հայտարարվեց մեկժամյա ընդմիջում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

