Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.11.2026 | 20:00Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, սահմանադրական հանրաքվեի խնդիրը Factor TV-ի եթերում վերլուծել է ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։ Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի նախապայմանի մասին՝ քաղաքագետը վստահեցնում է, որ դա ընդամենը դիվանագիտական խորամանկություն է, որը պետք է ճիշտ օգտագործել։ «Ալիևն ուզում է՝ իր բլեֆի թակարդն ընկնենք՝ չփոխենք Սահմանադրությունը, որ պայմանագիր չկնքի: Եթե փոխենք՝ ստիպված կստորագրի»,- վերլուծում է Կոպալյանը։
Այս համատեքստում նա խիստ քննադատության է ենթարկում ՀՀ ընդդիմադիր դաշտին՝ ընդգծելով, որ նրանց գործողություններն ուղիղ հարվածում են Հայաստանի խաղաղության օրակարգին։
«Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու: Խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու»,- ասում է պրոֆեսորը։
Նա հռետորական հարց է բարձրացնում հանրաքվեին ընդդիմանալու շարժառիթների վերաբերյալ. «Ընդդիմությունն ինչո՞ւ թույլ չի տալիս՝ ժողովուրդը որոշի Սահմանադրության հարցը․ պատճառը պարզ է՝ ՌԴ-ին է հավատարիմ»։ Ըստ Կոպալյանի՝ ընդդիմադիր ուժերը սպասարկում են Մոսկվայի շահերը, ուստի «պարտավոր են ապակառուցողական լինել, անկայուն իրավիճակ և անկառավարելի քաոս ունենանք»։ Ավելին, ըստ պրոֆեսորի. «ՌԴ հատուկ ծառայություններն օգնում են ռուսամետ ընդդիմադիրներին, ՀՀ անվտանգային կառույցներն ունեն հստակ տեղեկություններ»։
Քաղաքագետը հատուկ ուշադրություն է հրավիրում տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացմանը և միջին միջանցքին։ ««Թրամփի ուղին» զսպեց Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ, ՀՀ-ին մեկուսացումից հանում է, տանում՝ ապաշրջափակման»,- նշում է նա։
Արձագանքելով հանրության շրջանում առկա մտավախություններին, թե Ռուսաստանը թույլ չի տա նման նախագծերի իրագործում, Կոպալյանը հակադարձում է. «ՌԴ-ն ո՞վ է, որ խոչընդոտի «Թրամփի ուղուն», ԱՄՆ-ն ներգրավված է, չափազանցնում են ՌԴ-ից վախը, որ ՀՀ շահը չսպասարկենք»։ Այս առումով նա կրկին մեղադրում է ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք «դեմ են ԹՐԻՓՓ-ին, ԱՄՆ ներգրավմանը, Ադրբեջանի հետ խաղաղությանը, կողմ են միայն ռուսական կախվածության վերադառնալուն»։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ սպասվող այցերի մասին՝ քաղաքագետն ընդգծում է, որ Հայաստանն ունի լծակներ. «Նիկոլ Փաշինյանը 3 անգամ ՌԴ կայցելի․ եթե տեսնենք՝ վնասում է ՀՀ-ի շահերը, երկաթուղու կոնցեսիան կչեղարկվի, կվերադարձնենք ՀՀ-ին»։
Վերջում, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին աղմկահարույց հոդվածին և դրա շուրջ հնչող քննադատություններին, պրոֆեսոր Կոպալյանը հստակեցնում է. «Արմեն Գրիգորյանը ռուսամետ չէ, բայց բավարար կրթություն չունի անվտանգային ոլորտում, լուրջ խնդիրներ կան իր հոդվածում»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

