Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
Քաղաքականություն
25.11.2026 | 18:01
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ամենօրյա ճեպազրույցի ընթացքում լրագրողները խնդրել են մեկնաբանել այս շաբաթ հրապարակված տեղեկությունները Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ռուսական բանակի կորուստների վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կորուստների մասին տվյալներ հրապարակելու իրավունք ունի միայն ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ Առաջարկում եմ հաշվի չառնել որևէ այլ տվյալ»,- պատասխանել է Պեսկովը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մի քանի տարի շարունակ չի հրապարակել Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ տվյալներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել է, որ ուկրաինական բանակի կորուստներն ավելի մեծ են, սակայն երբեք չի նշել Ուկրաինայում զոհված ռուսաստանցիների թիվը։
Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 490, 334 ռուս զինծառայող։ Այս թիվը հետևում է BBC-ի և «Մեդիազոնայի»՝ Ռոսստատի մահվան գրանցումների ֆայլերի վերլուծությունից։
Ռոսստատի ֆայլերի արտահոսքը, որը տեղի է ունեցել «Կիբերպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումների կիբերհարձակման հետևանքով, առաջին անգամ հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել, թե ինչ տվյալներ է ռուսական վիճակագրական գերատեսչությունը գրանցում Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիների մահվան դեպքերի վերաբերյալ։
Ռոսստատը հաստատել է կիբերհարձակման փաստը, սակայն հերքում է տեղեկությունների արտահոսքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

