Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
Քաղաքականություն
25.11.2026 | 17:38
Ուկրաինական հարձակումների հետևանքով Լիբիայի ափերի մոտ խորտակված ռուսական «Մերկուրի» ռազմանավի և բեռնատար նավի միջադեպի հետևանքով երկու լիբիացի զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել են հյուսիսաֆրիկյան երկրի արևելյան հատվածի իշխանությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Գեներալ Խալիֆա Հաֆթարի որդին՝ Սադդամ Հաֆթարը, որը վերահսկում է Լիբիայի արևելյան հատվածը, Facebook-ում գրել է, որ նավաստիները «զոհվել են ազգային պարտքը կատարելիս ստացած վնասվածքներից»՝ Բենղազիի ռազմածովային բազայի վրա հարձակման ժամանակ։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Լիբիայի արևելյան հատվածը վերահսկող կառավարության ղեկավար Ուսամա Համադը։ Ավելի վաղ Լիբիայի արևելքում գործող, միջազգային հանրության կողմից չճանաչված իշխանությունները պահանջել էին պարզաբանել իրավիճակը։ Նրանք ՄԱԿ-ին խնդրել էին հետաքննություն անցկացնել՝ կապված երկրի արևմտյան հատվածում ուկրաինական զինված ուժերի ենթադրյալ ներկայության հետ։ Բենգազիում հայտարարել են, որ տեղի ունեցածը Լիբիայի ինքնիշխանության խախտում է։
Միևնույն ժամանակ, Փարիզում սատարել են Միջերկրական ծովում ուկրաինացի զինվորականների գործողությունները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն TF1 հեռուստաալիքի եթերում հիշեցրել է ինքնապաշտպանության Ուկրաինայի իրավունքի մասին։
«Ի՞նչ կանեինք մենք, եթե հակառակորդը՝ զավթիչը, օր ու գիշեր ռմբակոծեր մեզ։ Մենք կպաշտպանվեինք և կիրագործեինք ինքնապաշտպանության մեր անքակտելի իրավունքը։ Հենց դա էլ անում են ուկրաինացիները»,- հայտարարել է նա։
Բարրոյի խոսքով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընդլայնման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե հինգ տարի շարունակ հրահանգում է ռմբակոծել Ուկրաինան, ինչպես նաև «անընդհատ ագրեսիվ գործողություններ է իրականացնում՝ ճնշում գործադրելով եվրոպացիների վրա՝ մեր միասնությունը խաթարելու նպատակով»։
Երեկ երեկոյան Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար Ալիս Ռյուֆոն Միջերկրական ծովում ռուսական երկու նավերի դեմ Ուկրաինայի հարձակումներն անվանել է ռազմական հաջողություն։ France 5-ի եթերում նա հայտարարել է, որ այս միջադեպը ցույց է տալիս Ուկրաինայի՝ Ռուսաստանին թուլացնելու կարողությունը «նույնիսկ նրա ազդեցության գոտիներում, օրինակ՝ Լիբիայում»։
2011 թվականին Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիի տապալումից հետո հյուսիսաֆրիկյան երկիրը փաստացի բաժանվել է երկու մասի։ Միջազգային հանրության կողմից ճանաչված՝ Տրիպոլիում գործող կառավարությանը հակադրվում է Բենգազիում գործող մրցակից կառավարությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Արևելյան Լիբիայի զինված ուժերը վերահսկում են երկրի ամբողջ արևելյան հատվածը և հարավային տարածքների զգալի մասը։ Բենգազիի նավահանգստում տեղի ունեցած միջադեպը մտահոգություններ է առաջացրել, որ փաստացի պառակտված երկրում ճգնաժամը կարող է ավելի սրվել։
Ռուսական նավերի վրա հարձակումից հետո Տրիպոլիի կառավարությունը Ուկրաինայից պարզաբանումներ է պահանջել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

