Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
Քաղաքականություն
25.11.2026 | 16:56
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը քննարկվել են իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագանձման հարցերը։
Վարդապետյանն անդրադարձել է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին Եվրոպական դատախազության հետ ստորագրված համագործակցության պայմանավորվածությանը, ինչպես նաև Եվրաջասթի և միջազգային դատախազական կառույցների հետ համագործակցությանը։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Աննա Վարդապետյանը, անդրադառնալով միջազգային մասնագիտական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությանը, առանձնացրել է Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը, որի հետ ՀՀ գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրել է համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման ու բռնագանձման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազն այդ համատեքստում ընդգծել է նաև Եվրաջասթի հետ համագործակցությունը, որի հետ 2024 թվականին ստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը նոր հնարավորություններ են ստեղծել անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում գործնական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների գլխավոր դատախազներ ընդգրկող Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի, 2026 թվականի նոյեմբերի 14-ին, միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

