ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
Հասարակություն
25.11.2026 | 19:14
ԱԱԾ աշխատակիցների անունից Telegram հավելվածի միջոցով քաղաքացիների նկատմամբ խարդախության նոր փորձեր են իրականացվում։ Այս մասին զգուշացնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։
Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով նրանցից պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, դրանք փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել խարդախների տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։
Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և չտրվել նման պահանջներին։
Մասնավորապես՝
- չվստահել ԱԱԾ աշխատակից ներկայացող անհայտ անձանց զանգերին և հաղորդագրություններին,
- չփոխանցել գումար կամ կրիպտոակտիվներ,
- կասկածելի դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ նմանատիպ հաղորդագրությունների և զանգերի միջոցով խարդախները փորձում են մոլորեցնել քաղաքացիներին և հափշտակել նրանց ֆինանսական միջոցները։

