Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
Քաղաքականություն
28.10.2026 | 13:50
«Մեր հողերի շուրջ 30-ամյա օկուպացիայի ընթացքում օտարերկրյա սուբյեկտների մասնակցությամբ բնական ռեսուրսների, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում՝ հայկական կողմի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելով։
Ադրբեջանի նախագահը հավելել է, թե «այդ հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտների զգալի մասն օրինականացվել է միջազգային ֆինանսական ուղիներով»։
Ալիևի հայտարարություններն ուշագրավ են հատկապես միջազգային կառույցների ու լրատվամիջոցների կողմից արված բազմաթիվ հետաքննությունների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործունեության հետ կապված։
Մասնավորապես, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) բազմիցս անդրադարձել է Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին՝ հրապարակելով կոռուպցիոն մեծ հետաքննություններ։ 2012թ-ին Իլհամ Ալիևը ճանաչվել է OCCRP-ի «Տարվա մարդ» (կամ տարվա ամենակոռումպացված գործիչ)՝ դառնալով պատմության մեջ առաջինը, ով արժանացել է այդ տիտղոսին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

