Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 17:51
Զելենսկին հայտարարել է, որ Ֆիննական ծոցում ռուսական «Սպարտա II» նավին հարվածել են ուկրաինացի զինվորականները
24.11.2026 | 17:42
Սև ծովի հետ կապված լուրերն անհանգստացնող են․ Ռումինիայի հետ առևտրի այլընտրանքային ուղի ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:33
Եվրոպացիները պնդում են Աբու Դաբիում քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցում․ Պեսկով
24.11.2026 | 17:26
Հրաձգության Հայաստանի հավաքականը կմասնակցի Polish Open-ին
Բոլորը

Նոր Սահմանադրության նախագծում որևէ կերպ չի հիշատակվում Անվտանգության խորհուրդը։ Գործող Մայր օրենքով ամրագրված է, որ «վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով», և որ «պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը»։ 

Երեկ հրապարակված նախագծում այս դրույթները բացակայում են։

Սա նշանակում է, որ ԱԽ-ն լուծարվելու է՝ Factor TV-ին հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

«Անվտանգային բոլոր հարցերը կարող են քննարկվել Կառավարության ֆորմատում՝ անհրաժեշտ պաշտոնյաների ներկայությամբ և մասնակցությամբ, և դրա համար առանձին կառույց, ծախսեր ու միջոցներ տրամադրելը էդ ուղղությամբ նպատակահարմար չէ։ Սա նաև միջազգային փորձից եմ ասում»,- ասում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

ԱԽ-ն կլուծարվի միայն նոր Սահմանադրության ընդունվելու դեպքում, իսկ նախագիծը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին անհրաժեշտ է ընդդիմադիր 6 պատգամավորի ձայն։ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օրերս կառույցի ապագայի վերաբերյալ իր պատկերացումն էր ներկայացրել։

«Ես ենթադրում եմ, որ կօգտագործվի այն տարբերակը, որն աշխարհում կա՝ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակն է։ Փաստացի Անվտանգության խորհրդի գործառույթը Կառավարությունը այսօր կարողանում է ինքնուրույն կատարել։ Բայց քանի որ մենք դա ունենք Սահմանադրությունում ֆիքսած, դա անում ենք Սահմանադրության պահանջի բերումով։ Եվ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը անվտանգության մարմին չի ունենալու։ Կարող է մի քիչ այլ ձև կոչվի»,- ասել էր Սիմոնյանը։

Արմեն Խաչատրյանն ընդգծում է, որ Սահմանադրության նախագծով այլ խորհուրդ ստեղծելու կարգավորում նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում օրենքի շրջանակում հնարավոր է նոր կառույց ստեղծել։

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը վերջին տարիներին ոչ միայն ներքին անվտանգային հարցերի քննարկման, այլև Ադրբեջանի հետ ուղիղ շփումների ու խաղաղության գործընթացի հարթակ է եղել։ Արմեն Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք հանդիպումներ են եղել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի։ Արդյոք ԱԽ-ի լուծարումը նշանակում է, որ խաղաղության գործընթացի շուրջ այդպիսի շփումների անհրաժեշտությունն այլևս չկա․ Արմեն Խաչատրյանն ընդգծում է, որ նոր Սահմանադրությամբ արտաքին հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաների լիազորություններն արդեն հստակ սահմանված են լինելու։

«Քանի խորհուրդ էլ ստեղծենք, քանի կառույց էլ ստեղծենք, էդ կառույցները զբաղվելու են իրենց խնդիրներով։ Բայց դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք ունենք Արտաքին գործերի նախարարություն, մենք ունենք պաշտոնյաներ, անվտանգային կառույցներ, որոնք անհրաժեշտության դեպքում քննարկումներ են իրականացնում իրենց գործընկերների հետ»,- նշում է Արմեն Խաչատրյանը։

ԱԽ-ի լուծարման որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս պայմանավորել է կառավարման համակարգի առանձնահատկություններով։ Նրա խոսքով՝ Անվտանգության խորհուրդը բնորոշ է նախագահական և կիսանախագահական համակարգերին, որտեղ նախագահի ու կառավարության լիազորությունների միջև կարող է ճեղք առաջանալ, մինչդեռ խորհրդարանական համակարգում այդպիսի կառույցի անհրաժեշտություն չկա։

«Կառավարությունն ինքն է Անվտանգության խորհուրդը, ամեն ինչի խորհուրդը կառավարությունն է, և, հետևաբար, այդ մարմնի գոյության իմաստը պարզապես չկա»,- նշել էր Փաշինյանը։

ՀՀ նախագահին առընթեր ազգային ԱԽ քարտուղարի պաշտոնը 1999-2007 թվականներին,  մինչև վարչապետ նշանակվելը, զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը։ 

2008-2014 թվականներին այս պաշտոնում աշխատեց Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։ Այս շանակումն ուշագրավ էր, քանի որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Բաղդասարյանը, լինելով ընդդիմադիր ճամբարի առանցքային  դեմքերից, քաղաքական համագործակցություն սկսեց  Սերժ Սարգսյանի իշխանության հետ։

2016-ին ԱԽ քարտուղար նշանակվեց Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Բայց պաշտոնում երկար չմնաց. 2017 թվականի մայիսից նա ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո ԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գրիգորյանը։ Նա պաշտոնավարեց ութ տարի։ 

2026 թ. հունիսի 14-ին Դիլիջանում կայացավ Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց խաղաղության օրակարգը։ 2026 թվականի օգոստոսին Փաշինյանը որոշեց ԱԽ քարտուղարի պաշտոնը փոխանցել Ալեն Սիմոնյանին։  Նա դեկտեմբերին պատասխան այցով մեկնելու է Ադրբեջան՝ հանդիպելու Հիքմեթ Հաջիևին։ 

Այսպիսով, նոր Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունը ոչ միայն կառավարման համակարգի կառուցվածքային վերափոխում է, այլև առանձին կառույցի վերացում, որի քարտուղարները վերջին տարիներին ներգրավված են եղել երկրի անվտանգության, արտաքին քաղաքականության և խաղաղության գործընթացի առանցքային քննարկումներում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան