Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.11.2026 | 19:45Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեցին Սյունիքով անցնող TRIPP նախագծի մեկնարկի մասին։ Հայաստանի վարչապետը Երևանից, իսկ ԱՄՆ նախագահը՝ Վաշինգտոնից, հեռուստատեսային ուղերձներ հղեցին։
«Հիրավի, պատմական իրադարձություն է ՀՀ նորագույն պատմության մեջ»,- հայտարարեց վարչապետը։
«Այսօր մենք շարունակում ենք առաջընթացը TRIPP նախագծի մեկնարկով։ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում՝ ապրանքների, էներգետիկայի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովելու, որ այն մեծ հաջողություն ունենա»,- նշեց Թրամփը։
Փաշինյանի գնահատմամբ՝ TRIPP-ը Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից է։ Այն նախատեսում է Հարավային Կովկասում անխոչընդոտ բազմամոդալ տարանցիկ կապի ստեղծում՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։ Ըստ վարչապետի՝ նախագիծն ունի նաև անվտանգային բաղադրիչ։
«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև ՀՀ անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը, դրանով հանդերձ՝ զգալիորեն ընդլայնելու է ՀՀ-ի կայունության հարցում շահագրգիռ շրջանակները»,- նշեց Փաշինյանը։
TRIPP նախագծի իրականացման մեկնարկը Սյունիքի մարզից ուղիղ եթերում հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության կողմից։ Հրապարակված կադրերում երևում է, որ Մեղրիի երկաթուղային թունելի մուտքի մոտ տեխնիկայի միջոցով տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ են իրականացվում։
Factor TV-ն հրապարակված կադրերի ուսումնասիրությամբ պարզեց, որ աշխատանքներն իրականացնում է «ԱԳ Իմպեքս» ընկերությունը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Հիմնադրման վայրը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքն է։ Նույն աղբյուրի համաձայն՝ «ԱԳ Իմպեքս» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Սաթենի Պապյանին։ Ընկերության տնօրենը Գևորգ Խաչատրյանն է։
Ընտրողների ռեգիստրի միջոցով պարզեցինք, որ Սաթենի Պապյանն ու Գևորգ Խաչատրյանը բնակվում են Ագարակ քաղաքի նույն հասցեում։ Հավանաբար, ամուսիններ են։
Factor TV-ն կապ հաստատեց ընկերության տնօրեն Գևորգ Խաչատրյանի հետ։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ընդգրկվել TRIPP-ի մեկնարկի աշխատանքներում, ի՞նչ ծառայություններ են մատուցելու, որքա՞ն ժամանակով, ո՞ր կառույցի հետ են պայմանագիր կնքել, և որքա՞ն է աշխատանքների արժեքը։
Գևորգ Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել այս հարցերին՝ պատճառաբանելով, որ վաճառքի բաժնի աշխատակից է, չնայած պետական ռեգիստրում նշված է որպես տնօրեն։
«ԱԳ Իմպեքս» ընկերության և Սաթենի Պապյանի հետ կապված այլ ուշագրավ տեղեկություններ էլ կան։ Factor TV-ն պարզեց, որ Պապյանն ու ընկերությունն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Ըստ «Դատալեքս»-ի՝ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցապահանջ է ներկայացրել՝ Սաթենի Պապյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու «ԱԳ Իմպեքս» ՍՊ ընկերության իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասը։
Ի դեպ, այս գործն առնչություն ունի Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի գործի հետ։ Զաքարյանի և Սաթենի Պապյանի գործերը դատարան են ներկայացվել մեկ հայցապահանջով։ Ըստ գործի նյութերի՝ Մխիթար Զաքարյանն ու Սաթենի Պապյանը համարվում են փոխկապակցված անձինք։
Այսօր ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին հստակ պատասխան չտվեցին, թե «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ինչպես է ընդգրկվել TRIPP նախագծում։
Նախ դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին, որն առաջարկեց պարզաբանումներ ստանալ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ մեկնաբանություն կտան ավելի ուշ։
TRIPP նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
Համաձայնեցված մեխանիզմի համաձայն՝ տարանցիկ երթուղու կառուցումն ու հետագա կառավարումն իրականացվելու է ամերիկյան կողմի՝ մասնավոր օպերատորի ներգրավմամբ։ Այս մոդելը կոչված է երաշխավորելու անվտանգ ու անխափան հաղորդակցություն՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականության և իրավազորության սահմանափակման։
Նախագծի իրականացմամբ կողմերը հետապնդում են մի քանի հիմնական նպատակ։ Առաջին հերթին՝ խոսքը տարածաշրջանային ապաշրջափակման մասին է. ուղին ապահովում է անխոչընդոտ տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, իսկ փոխադարձության սկզբունքով Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվելու տարածաշրջանային երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ցանցից՝ դուրս գալով տրանսպորտային մեկուսացումից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

