Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 17:51
Զելենսկին հայտարարել է, որ Ֆիննական ծոցում ռուսական «Սպարտա II» նավին հարվածել են ուկրաինացի զինվորականները
24.11.2026 | 17:42
Սև ծովի հետ կապված լուրերն անհանգստացնող են․ Ռումինիայի հետ առևտրի այլընտրանքային ուղի ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչ կարող է փոխել մեկ բառը․ նոր Սահմանադրության նախագծում եկեղեցուն վերաբերվող դրույթը գրեթե ամբողջությամբ նույնական է գործող Սահմանադրության հետ, պակասել է միայն մեկ բառ։ Գործող մայր օրենքի հոդված 18-ի 2-րդ մասը սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Նոր նախագծում ասվում է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Բացակայում է «կարող են» բառը։ Ինչպե՞ս են կողմերը մեկնաբանում այս փոփոխությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան հրապարակեց վերջին ամիսներին անընդմեջ քննարկվող նոր Սահմանադրության նախագիծը։ Վերջին մեկուկես տարում Փաշինյան-Մայր Աթոռ հեռակա հակամարտության ֆոնին հանրային դաշտում քննարկվում էր, թե նախագծում լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀԱԵ-ի մասով։

«Խորհրդում եղել է քննարկում այն մասին, որ եկեղեցու վերաբերյալ դրույթը դուրս բերվի, հեռացվի։ Հարցը դրվել է քվեարկության, որով մերժվել է։ Առաջարկը քաղհասարակության կողմից է եղել։ Եվ դրանից հետո իրենք ի՞նչ են այնտեղ խմբագրել, արդեն ես չեմ կարող ասել էլի, որովհետև նախագիծը խորհրդի նախագիծը չի․ Արդարադատության նախարարության նախագիծն է»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը։

Եկեղեցուն առնչվող դրույթի փոփոխությունը, փաստացի, դրսևորվել է մեկ բառ կրճատելով։ Դեռ նախընտրական շրջանում Փաշինյանը խոսել էր գործող Սահմանադրության այդ դրույթի մասին․ «Եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին դուրս չէ պետությունից, և եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ և, հետևաբար, պետության սահմանած կանոններով: Ընդ որում, մեր խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետև գործող Սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով: Այո՛, օրենքով կարող է սահմանվել: Իսկ ո՞վ է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել, այդ թվում հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրվելու և ներգրավվելու համակարգը: 

ԱԺ-ում ստեղծված Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շեշտում է՝ Սահմանադրության նոր նախագծում դուրս եկած մեկ բառը մեծ բան չի փոխելու։  

«Իրավաբանական լեզվաբանության մեջ այնտեղ տարբերությունն աննշան է, ու ինչ-որ առումով նույնիսկ, ես կասեի, փոքր-ինչ հին ոճի և փոքր-ինչ ավելի նոր ոճի ձևակերպում է։ Բազմաթիվ օրենքներում դուք կարող եք գտնել և՛ մի ձևակերպումը, և՛ մյուս ձևակերպումը, մի տեղ «կարող են կարգավորվել օրենքով», մի տեղ «կարգավորվում են օրենքով»,- ընդգծում է Եղոյանը։

Սահմանադրության նախագծում ևս մեկ շեշտադրում է ավելացվել՝ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ նախագիծը ներկայացրած Արդարադատության նախարարությունն ընդգծում է ՝ աշխարհիկ պետություն, որտեղ պաշտպանվում է խղճի, կրոնի և համոզմունքների ազատության իրավունքը, երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, և կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ 

««Կարգավորվում են օրենքով» ձևակերպմամբ ընդգծվում է պետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների իրավական կարգավորման կարևորությունը՝ դրանց օրենսդրական կարգումը դիտարկելով ոչ թե որպես հնարավորություն, այլ որպես սահմանադրական պահանջ։ Հատկանշական է նաև, որ Սահմանադրության նախագծով ոչ միայն ամրագրվում է այդ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը, այլև սահմանվում է դրանց իրավական կարգավորման մակարդակը՝ օրենքը։ Սա նշանակում է, որ այդ հարաբերությունների իրավական հիմքերի սահմանումը վերապահվում է օրենսդիր մարմնին և չի թողնվում գործադիր իշխանության հայեցողությանը՝ ենթաօրենսդրական կարգավորումների մակարդակում»,- նշում են Արդարադատության նախարարությունից։

Գործող ձևակերպումը պետության և եկեղեցու հարաբերությունների համար նախատեսում է օրենքով կարգավորման հնարավորություն։ Այսինքն՝ Սահմանադրությունը թույլ է տալիս այդ հարաբերությունները կարգավորել օրենքով, բայց դա չի ձևակերպվում որպես պարտադիր պահանջ։ 

«Տարբերություն կա այն իմաստով, որ այս նոր ձևակերպմամբ շրջանակը կամ մակարդակը կարգավորման, այն է՝ օրենսդրական մակարդակ, հստակ սահմանվում է, բայց եթե նույնիսկ համարենք, որ առաջ հստակ չէր սահմանված, այդ առաջվա անհստակության մեջ միևնույն է՝ օրենսդրական մակարդակը էլի հստակ նշված էր Սահմանադրության մեջ, որ կարող են կարգավորվել օրենքով և կարգավորվել են օրենքով»,- ասում է Եղոյանը։

2007 թվականի փետրվարին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որը սահմանում է պետության ու Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունների իրավական հիմքերը։ 14 հոդվածից բաղկացած օրենքը ստոր ագրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որից շուրջ 20 տարի անց մի քանի կետերը արժանացել են Փաշինյանի իշխանության ուշադրությանը։

Թեև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքում ամրագրված է, որ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից, բացի այդ հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը, այնուամենյանիվ այսօրվա իշխանությունը հստակ պահանջներ ունի եկեղեցու գործունեության վերաբերյալ։

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որոշակի առևտրային գործունեության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկեր վճարի: Ընդ որում մենք ասում ենք՝ այս գլխից մենք պարտավորվում ենք և ասում ենք, որ այդ վճարված, հավաքագրված հարկերը 100%-ով անվերապահորեն կվերադարձնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,- նախընտրական շրջանում իր ելույթներից մեկում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նոր Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին հոդվածում մեկ բառի փոփոխությունն արդյո՞ք խնդրահարույց է Մայր Աթոռի համար։ Factor TV-ն աշխատանքային ողջ օրվա ընթացքում զանգեց տեղեկատվական կենտրոն, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Գարեգին Բ կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով պաշտպան Արա Զոհրաբյանը FactorTV-ի հարցին ի պատասխան ընդգծեց՝ գործող Սահմանադրությունն օրենսդրին հնարավորություն է տալիս օրենքով կարգավորել պետության և Եկեղեցու հարաբերությունները, մինչդեռ առաջարկվող խմբագրությամբ այդ հնարավորությունը վերածվում է պարտադիր օրենսդրական կարգավորման պահանջի։ Թե ինչ ռիսկեր է պարունակում այդ ձևակերպումը, Զոհրաբյանը խոստացավ ավելի ուշ անդրադառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան