2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Հասարակություն
24.11.2026 | 20:52ՆԳՆ ոստիկանության ծառայողները Կոտայքի մարզի Զովունի գյուղում հայտնաբերել և ձերբակալել են 2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդու։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացված տեղեկությունն իրացրել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։55-ին, Դավթաշեն թաղամասի բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կատարված ավազակության մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։
Խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է մարիխուանա։ Ըստ նրա՝ այն նախատեսված էր անձնական օգտագործման համար։
40-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

