Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.06.2026 | 20:31Խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական 18 ուժերը քարոզարշավի 28 օրերի ընթացքում իրենց նախընտրական հիմնադրամներ են փոխանցել 2 մլրդ 147․7 մլն դրամ, որից քարոզչության նպատակով ծախսել են 2 մլրդ 12․4 մլն դրամ (շուրջ 5․2 մլն դոլար)։
Քարոզչության նպատակով ամենամեծ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 777․3 մլն դրամ, ապա «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 467․5 մլն դրամ, երրորդ տեղում «Հայաստան» դաշինքն է՝ 322․3 մլն դրամ։
Ընտրություններին մասնակցած կուսակցությունների ու դաշինքների նախընտրական հիմնադրամների մուտքերն ու ելքերը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում ծախսել է 173․8 մլն դրամ, «Միասնության թևեր»-ը՝ 68․3 մլն դրամ, «Լուսավոր Հայաստան»-ը՝ մոտ 43 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 36․5 մլն դրամ, «Հանուն հանրապետության»-ը՝ 32․1 մլն դրամ, «Ժողովրդավարական համախմբում»-ը՝ 25․3 մլն դրամ, «Հանրապետություն»-ը՝ 22․2 մլն դրամ, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 18․6 մլն, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը՝ 10․6 մլն, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 8․6 մլն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 4․2 մլն դրամ։
4 կուսակցություններ քարոզարշավի ընթացքում ծախսել են 1 մլն դրամից պակաս գումար. ԴՕԿ-ը՝ 813 հազար դրամ, «Ռեֆորմիստների» կուսակցությունը՝ 500 հազար դրամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցոսւթյունը՝ 413 հազար դրամ, և ամենաքիչ գումարը ծախսել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը՝ 483 հազար դրամ։
Factor.am-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության հրապարակած հայտարարագրերն ու պարզել, որ «Միասնության թևեր»-ը նախընտրական քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար հունիսի 14-ի դրությամբ պարտք է մնացել մոտ 139․3 մլն դրամ։
Չնայած նրան, որ քարոզարշավի ընթացքում «Դոսյե» կենտրոնը գրել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիյենկոյի ենթակայությամբ գործող ԷԻՍԻ (ЭИСИ) ինստիտուտից աջակցություն է ստացել նաև «Միասնության թևեր»-ը՝ շուրջ 926 մլն դրամ, որի կապակցությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, կուսակցության հաշվետվություններում այս գումարը չի արտացոլվել։ «Միասնության թևերի» առաջնորդ Արման Թաթոյանը հերքել է, որ կուսակցությունը Ռուսաստանից ֆինանսավորում է ստացել՝ դա որակելով կեղծիք:
Անհատույց միլիոնները
«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ հաշվետվությունների, քարոզարշավի ընթացքում ամենամեծ արժողության «նվերն» է ստացել։ Խոսքն անհատույց տրամադրված անշարժ գույքի մասին է։ Բացի վարձակալած տարածքներից՝ ՔՊ-ն նախընտրական շտաբներ է ունեցել նաև հանրապետության 129 հասցեներում, որոնց համար վարձ չի վճարել։ Այդ անհատույց շտաբներից 32-ը Երևանում են եղել։ ՔՊ-ի նվեր ստացած գույքի ընդհանուր արժեքը 10․6 մլն դրամ է։ Երևանյան այդ անհատույց տարածքներից մեկի՝ Քանաքեռ-Զեյթունում գտնվողի վարձավճարը, ըստ հաշվետվության տվյալների, գնահատվում է 540 հազար դրամ, մյուսը՝ Աջափնյակում՝ 420 հազար դրամ։
«Ուժեղ Հայաստանը» ևս անհատույց ապրանք և ծառայություններ է ստացել. փուչիկներ՝ 190 հազար դրամ արժողությամբ, քարոզչական նյութեր՝ 6․5 մլն դրամի, նաև համերգային ելույթներ 2 երգիչներից՝ Սոֆի Մխեյանից ու Ներսիկ Իսպիրյանից։ Նրանց համերգային ծառայությունների շուկայական արժեքը հաշվետվությունում նշված է համապատասխանաբար՝ 7.5 մլն և 5.5 մլն դրամ։ Ուշագրավ է, որ քարոզարշավի ընթացքում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե «երգիչ չենք գտնում, վախենում են»։
«Ուժեղ Հայաստանի» նախընտրական շտաբների վերաբերյալ հաշվետվության մեջ նշված է միայն «տարածքի վարձակալություն»՝ առանց հասցեների։
Շտաբների համար անհատույց տարածքներ է հայտարարագրել նաև «Բարգավաճ Հայաստանը», սակայն հաշվետվությունում նշված է միայն քաղաքը կամ Երևանի վարչական շրջանը, իսկ կոնկրետ հասցեն չկա։ Մայիսին կնքված անհատույց 11 պայմանագրերը նույնությամբ կրկնվում են հունիսին, ընդհանուր առմամբ՝ 3․7 մլն դրամ արժողությամբ։
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նույնպես շտաբների մեծ մասի հասցեները չի նշել՝ փոխարենը գրելով միայն «վարձակալություն»։ Ընդ որում՝ «վարձակալություն» է նշված նաև տարածքներից 28-ի դիմաց, որոնք նույն հաշվետվության համաձայն, ՀՅԴ-ի սեփականությունն են՝ ընդհանուր 4․8 մլն դրամ արժողության։ Ստացվում է՝ դաշինքը վարձակալել է իր անդամներից մեկի տարածքները։
Եթերն ու թվային հարթակներում գովազդի ծախսերը
Թե քաղաքական ուժերն ինչքան են վճարել եթերաժամի համար, միանշանակ նշել հնարավոր չէ, քանզի հաշվետվություններում տվյալները ներկայացվել են ոչ միանման ձևաչափով։ Օրինակ՝ ՔՊ-ն հստակ ներկայացրել է «եթերաժամի տրամադրում», որի համար ընդհանուր ծախսել է 126․6 մլն դրամ։
Նկատենք, որ քաղաքական ուժերից «Միասնության թևեր»-ն իր հաշվետվության մեջ ներկայացրել է այն լրատվամիջոցների անվանումները ու վճարված գումարները, որոնց հետ պայմանագրեր է կնքել ընտրական քարոզչության, PR ծառայությունների համար։ Այդ ցանկում են մասնավորապես՝ «Տրիբյուն էյ էմ»՝ 1․67 մլն, «Իրականում» ՍՊԸ՝ 560 հազար, «Նյուզ Էյ Էմ»՝ 3 մլն, «Օհանյան մեդիա»՝ 1 մլն, «Ժողովուրդ» թերթ՝ 1 մլն, Անի Գևորգյան ԱՁ՝ 1․5 մլն դրամ, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ՝ 1 մլն դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած կուսակցությունների բանկային հաշիվների տեղեկանքներում ներկայացված են քարոզարշավի ընթաքում սոցիալական հարթակներում գովազդի նպատակով քաղաքական ուժերի ծախսած գումարները։ Ըստ այդմ՝ մայիսի 7-ից հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում (քարոզարշավի մասնակիցներին իրավունք է տրվել հունիսի 7-ից հետո վճարել մինչ ընտրության օրը կնքված պայմանագրերով ստացած ծառայությունների համար) համացանցի սոցիալական հարթակներում, այդ թվում՝ Facebook, Tiktok, Google և այլն, գովազդի նպատակով ծախսվել է 189 մլն դրամ։ Ամենաշատը ծախսել է «Հայաստան» դաշինքը՝ 59․1 մլն դրամ, «Ուժեղ Հայաստանը»-ը՝ մոտ 57․8 մլն դրամ, երրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 27․2 մլն դրամով, ապա չորրորդ տեղում «Լուսավոր Հայաստանը»՝ մոտ 22․2 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 17․3 մլն, «Միասնության թևերը»՝ մոտ 17 մլն դրամ, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը՝ 1․8 մլն դրամ, «Ժողովրդավարական համախմբումը»՝ 1․8 մլն, «Ազգային ժողովրդավարական բևեռը»՝ 917 հազար դրամ, ՀԱԿ-ը՝ 580 հազար, և «Հանրապետությունը»՝ 532 հազար դրամ։
Թվային հարթակներում գովազդի համար ծախսը
Ինչպես ավելի վաղ հրապարակել էր Factor.am-ը, մարտի 15-ից հունիսի 12-ն ընտրարշավին մասնակցած բոլոր ուժերը միասին ծախսել են 593 հազար 454 դոլար կամ 225․5 մլն դրամ 2750 միավոր քաղաքական գովազդ կամ հայտարարություն տարածելու նպատակով։
Factor.am-ը ԿԸՀ-ից պարզեց, որ նախքան մայիսի 8-ին մեկնարկած բուն քարոզարշավը քաղաքական ուժերի և գործիչների գովազդային ծախսերը նախընտրական հիմնադրամներում չեն ներառվել։ Միաժամանակ, ԿԸՀ-ն ստուգել է մայիսի 8-ից մինչև ընտրությունների օրը Meta-ում քաղաքական գովազդների մասին առկա տվյալները և դրանք համապատասխանել են քաղաքական ուժերի հաշվետվությունների ցուցանիշներին։
Որ ուժերն են վճարել աշխատավարձեր
ԿԿՀ-ի հրապարակած կուսակցությունների բանկային հաշիվների տեղեկանքների համաձայն՝ քաղաքական 18 ուժերից 7-ը վճարել են աշխատավարձեր։
Ընտրական օրենսգրքում հատուկ դրույթ չկա, որը կսահմանի, թե կուսակցությունները կոնկրետ որ դեպքերում կարող են վճարել աշխատավարձեր։ Սակայն աշխատավարձերի վճարումը ԿԸՀ-ն համարում է նախընտրական ծախս և ենթակա է հայտարարգրման, երբ այն վերաբերում է քարոզչական աշխատանքների կատարմանը, օրինակ՝ քարոզչական նյութերի տարածմանը։
Աշխատավարձ վճարած քաղաքական ուժերի շարքում առանձնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը վճարել է 72 մլն 391 հազար դրամ աշխատավարձ։ Տեղեկանքներում նշված է, որ աշխատավարձերը փոխանցել են «386 անգամով», սակայն փաստաթղթերից պարզ չէ՝ այդ 386 փոխանցումը տարբե՞ր մարդկանց է եղել, թե՞ կան նաև կրկնվող անուններ։ ԿԿՀ-ից նշեցին, որ բանկային հաշիվներում տվյալներն ըստ անձերի չեն երևացել, միայն տեսանելի է եղել «նպատակ» դաշտը, որտեղ գրված է եղել «աշխատավարձ»։
ՔՊ-ն որպես աշխատավարձ վճարել է 9․7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 2 մլն դրամ, «Հանրապետություն»-ը՝ 1․6 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 1․5 մլն դրամ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 427 հազար, «Միասնության թևեր»-ը՝ 326 հազար դրամ։
Ոչ «ստանդարտ» ծախսեր
Դրոնային շոուներով ուղեկցվող հանրահավաքների կազմակերպման համար «Քաղաքացիական պայմանագիր»-ը վճարել է 264 մլն դրամ։ Դրոնային շոուները ցուցադրվել են Երևանում ու հանրապետության մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Գավառում, Իջևանում, Կապանում, Աբովյանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Արտաշատում և այլն։
Քաղաքական ուժերի ծախսերում ուշագրավ այլ դրվագներ ևս կան․ օրինակ՝ ՔՊ-ն 45 հազար հատ կրծքանշանների համար ծախսել է 21․6 մլն դրամ, «սրտիկի» պատկերով 45 հազար հատ թխվածքաբլիթների համար՝ մոտ 5․3 մլն դրամ, իսկ քարոզչական այլ նյութերի՝ գլխարկների, շապիկների, փուչիկների ու պայուսակների տպագրության համար՝ 54․4 մլն դրամ։
«Ուժեղ Հայաստանը» տպագրություն է պատվիրել Կարապետյաններին պատկանող «Տաշիր կար» ընկերությանը՝ 22․2 մլն դրամի։ Դաշինքը քարոզչության հետ կապված միջոցառման համար Մարինա Սատկոյին վճարել է 10․4 մլն դրամ։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, զբաղվում է զվարճանքի ու շոուների կազմակերպմամբ։
Արման Թաթոյանի «Միասնության թևերը» քարոզչական նպատակով մատուցված ծառայությունների համար վարձատրել է մի քանի Թաթոյանների՝ Արթուր Թաթոյանին 401 հազար, Աշոտ Թաթոյանին՝ 251 հազար, Շմավոն Թաթոյանին՝ 334 հազար, Արայիկ Թաթոյանին՝ 126 հազար, Ռոմիկ Թաթոյանին՝ 268 հազար դրամ։
«Լուսավոր Հայաստանը» 90 հազար դրամ է վճարել մեքենաների «բրենդավորման» համար։
Այսպիսով, 18 քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ ծախսել են ավելի քան 2 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին խորհրդարանական ընտրություններին ծախսվել էր գրեթե 1․5 մլրդ դրամ։ Այն ժամանակ, հիշեցնենք, քարոզարշավին մասնակցել են 25 կուսակցություններ ու դաշինքներ, իսկ նախընտրական հիմնադրամների առավելագույն շեմը 500 մլն դրամ էր՝ ներկայիս 800 մլն դրամի փոխարեն։
Գայանե Խաչատրյան


