«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
16.10.2026 | 20:00«Վագա-ֆարմ»-ի 22 դեղատներում ստուգումներ են սկսվել, երբ դեղատնային ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել պաշտոնական դիրքի չարաշահման և հովանավորչության մասին, ինչի հետևանքով, ըստ նրա, պետությանը պատճառվել է ավելի քան 6,6 մլն դրամի վնաս։
«Մի 35 հոգի անձնակազմ զբաղվում էր այդ ստուգումներով, տագնապեցնող երաժշտության տակ հոլովակ էին սարքել, բոլոր լրատվամիջոցներին ուղարկել: Ու մեր գնահատականն այն էր, որ մեր գործընկեր կազմակերպություններում էլի արել էին, բայց մեկ-երկու դեպքով, որ այդ անտուրաժը պահվեր, որ ոչ միայն մեզ մոտ են անում: Պարզ էր, մենք այդտեղից մեր հետևությունն արեցինք, որ սա պատասխանն է նրա, որ մեր իրավունքների համար փորձում ենք պայքարել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։
«Վագա-ֆարմ»-ի հիմնադրի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է հուլիսին, երբ դիմել են «Դավթաշեն» առողջության կենտրոն, որ թույլտվություն ստանան առաջին հարկում դեղատուն բացելու համար՝ առաջարկելով 540 հազար դրամ․ «Պատասխան եկավ, որ նպատակահարմար չէ դեղատնային գործունեություն պոլիկլինիկայի տարածքում իրականացնել: Դրանից հետո՝ մի երկու շաբաթ հետո, տեղեկացանք, որ «Նատալի ֆարմ»-ին տրամադրել են 300 հազար դրամի չափով»։
Վարսանյանն ասում է՝ ստացվում է՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ»-ը ոչ միայն կարողացել է դեղատնային տարածք ձեռք բերել, այլև վարձակալել ավելի էժան։ «Վագա-ֆարմ»-ը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ բժշկական կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանի և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասով։
«Ուղարկեցինք նաև քաղաքապետարան, որտեղից պատասխան ստացանք, որ նրանց իրավասությունների մեջ չի մտնում քրեաիրավական գնահատական տալ պաշտոնյաներին, մինչդեռ մենք նման ակնկալիքով չէինք դիմել․ իրենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեին, բայց քանի որ որևէ բան չէին արել, մեկ անգամ ևս դիմեցինք, որ տեսնենք՝ ինչ են մտածում: Դրան պատասխան եղավ ստուգումներ անցկացնելը դեղատնային մեր ցանցում»,- ասում է Վարսանյանը։
22 դեղատներում ստուգումներն անցկացվել են սեպտեմբերին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից։ Ըստ կառույցի տարածած հաղորդագրության՝ արձանագրվել է վարչական իրավախախտման 25 դեպք, որից 12-ը՝ ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ։
«Այսինքն՝ այստեղից երևում է, որ եթե քո իրավունքների համար փորձում ես պայքարել, քո քաղաքացիական դիրքորոշմանը տեր կանգնել, պատժվելու ես։ Եթե անօրինական շրջանառության մասին ես խոսում, դեղերի մասին, ուրեմն կարող են քո դեմ քրեական գործ հարուցել, բացակայելու արգելք կիրառել: Եթե ասում ես, որ քաղաքապետարանը պետությանը նման վնաս է տալիս, ուրեմն կարող են ստուգումներ լինեն»,- ընդգծում է «Վագա-ֆարմ»-ի հիմնադիրը։
Երևանի քաղաքապետարանից, սակայն, հերքում են՝ պնդելով, որ վարձակալության գործընթացն այլ կերպ է եղել։
««Դավթաշեն» առողջության կենտրոնի տարածքի առաջին հարկից ցանկություն է ունեցել վերցնել «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որը մերժվել է, դրանից հետո դիմել է «Վագա-ֆարմ»-ը, որը նույնպես մերժվել է, որովհետև առաջին հարկում համապատասխան տարածք չունենք։ Արդյո՞ք «Դավթաշեն» առողջության կենտրոնի առաջին հարկում որևէ տեսակի ինչ-որ գործունեություն ծավալելը հարմար կլինի, որպեսզի մեր հասարակությանը պատշաճ օգնություն կարողանանք մատուցել․ ո՛չ, տեղ չէր լինելու շարժվելու, դրա համար էլ չենք տվել ոչ մի կազմակերպության»,- պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանը։
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ «Նատալի ֆարմ»-ը դեղատնային տարածք, այնուամենայնիվ, ստացել է․ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավարն ընդգծում է՝ տարածքը երկրորդ հարկում է։
«Մենք երկրորդ հարկում գնահատում ենք, տարածքը՝ տալիս, պայմանագիրը կնքվում է։ Դրանից 20 օր հետո գրավոր «Վագա-ֆարմ»-ն ասում է․ «Բա գիտեք, ես ձեզ շատ փող էի տալիս, ինչո՞ւ չտվեցիք ինձ»։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչքան փող էր ինքը տալիս, առաջին անգամ նշում է այդ գրության մեջ ու դա անընդհատ մատուցելով հասարակությանը, անընդհատ ասելով՝ փորձում է մեր բարի համբավը տեղից շարժել, որը չի կարող»,- նշում է Կարապետյանը։
Factor TV-ի հարցին՝ որքա՞ն գումարով է «Նատալի ֆարմ»-ը վարձակալել տարածքը, Կարապետյանը թիվ չնշեց․ «Ձեր հարցը տեղին չէ, որովհետև նույն տարածքի համար չի, որ առաջարկվել է, և նույն ժամանակամիջոցում չի, որ առաջարկվել է»։
Հուլիսին Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել, ինչը հաստատվել է դատախազի կողմից: Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին գերատեսչությունից, միևնույն ժամանակ, ընդգծելով՝ հաղորդումն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով ստուգման: Վարսանյանը, սակայն, վրդովված է՝ իրավապահները դանդաղում են, իսկ քաղաքապետարանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկում։
«Նատալի ֆարմ»-ը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։ Նա եզակի խոշոր բիզնեսմեններից էր, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո շարունակեց ակտիվ գործունեությունը, ավելին՝ պարբերաբար Կառավարության կողմից աջակցություններ է ստանում։
Տարածքի վարձակալության հետ կապված արդյո՞ք որևէ հովանավորչություն եղել է. Factor TV-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Կարեն Թոփուզյանը կտրուկ հերքեց՝ նշելով, որ դրա մասին խոսք լինել չի կարող, միաժամանակ, հայտարարելով՝ բոլոր դիմումներն ու փաստաթղթերը կան։ Ըստ Թոփուզյանի՝ իրենք առաջին հարկի տարածքի համար սկզբում մարտին են դիմել, սակայն մերժվել, հետո քաղաքապետարանին առաջարկել երկրորդ հարկում վարձակալել, այս անգամ հայտը բավարարվել է։ Ի վերջո, արդյո՞ք որևէ խախտում եղել է այս գործարքում, պարզ կդառնա ստուգման արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

