ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում

Լուրեր

16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի մարզի հինգ համայնքների ղեկավարներից ոմանք պաշտոնավարում են ավելի քան մեկ տասնամյակ՝ այդ ընթացքում փոխելով կուսակցական պատկանելությունը կամ քաղաքական աջակցությունը։ Մարզի 3 համայնքներում հոկտեմբերի 25-ին ընտրություններ են սպասվում․ դրանք են՝ Վայքը, Ջերմուկն ու Եղեգնաձորը։

Համայնքների խոշորացումն ու իշխանափոխությունը Վայոց ձորի մարզի ոչ բոլոր համայնքներում է հանգեցրել ղեկավարների փոփոխության։ Նախկինում ՀՀԿ-ի հետ կապ ունեցող համայնքապետերից մի քանիսը հետագայում դարձել են «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներ և շարունակել պաշտոնավարել։

Մարզի համայնքապետերի կենսագրություններում կան նաև բիզնեսի և պաշտոնեական լիազորությունների համատեղման, շահերի բախման, քրեական հետապնդման և բողոքի ակցիաների դրվագներ։

Factor.am-ն պարզել է, թե որ քաղաքական ուժերն են հավակնում համայնքներում ղեկավար պաշտոնների, ովքեր են հիմա ղեկավարում Վայոց ձորի հինգ համայնքները, ինչպիսի քաղաքական ճանապարհ են անցել և ինչ ուշագրավ դրվագներով է ուղեկցվել նրանց պաշտոնավարումը։

Եղեգնաձոր

Համայնքային ընտրություններին 3 քաղաքական ուժ է մասնակցելու․ «Նոր դարաշրջան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Համայնքն ունի 24 հազար 419 ընտրող։

Գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը 2012-ին ընտրվել է Եղեգնաձորի քաղաքապետ։ 2016-ի ընտրություններում Հարությունյանը Եղեգնաձորի համայնքապետի միակ թեկնածուն էր և վերընտրվել է 2-րդ ժամկետով։

2021-ի համայնքների խոշորացումից հետո Եղեգնաձոր համայնքի կազմում ընդգրկվեցին նաև Գետափը, Գլաձորը, Մալիշկան և Վերնաշենը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններին Հարությունյանը գլխավորում էր իր անունը կրող՝ «Դավիթ Հարությունյան» դաշինքը, որը կազմված էր «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից։ Հարությունյանը ԿԿՀ ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անվանում չի նշել։

Այս տարի նա ընտրություններին մասնակցում է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով։

ՔՊ-ի թեկնածուն Եղեգնաձորի ընտրություններում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն է (Արենին ու Եղեգիսը միավորվել են Եղեգնաձոր համայնքի հետ)։ Նա Արենին ղեկավարում է արդեն 30 տարի՝ 1996-ից։ 2017-ին համայնքապետ է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսկացության, իսկ 2022-ին՝ ՔՊ-ի ցուցակով։

«Հետքը» գրել է, որ Արենիի համայնքապետարանի անունով տարիներ շարունակ գործող, ավելի քան 7 հազար հետևորդ ունեցող Facebook-ի էջը վերանվանվել է Հուսիկ Սահակյանի անունով։ Այնտեղ սկսել են հրապարակվել նաև նախընտրական նյութեր։

Սահակյանը լրագրողներին պատասխանել է, որ էջն իրենն է, իսկ համայնքապետարանն ունի առանձին պաշտոնական կայք։ 

«Նոր դարաշրջան» կուսակցության ընտրական ցուցակն էլ գլխավորում է Մարտին Հարությունյանը։ Նա քրեական մասնագիտացում ունեցող փաստաբան է։

Այս տարվա ԱԺ ընտրություններում «Նոր դարաշրջան» կուսակցությունը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ մտել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մեջ։ Համանուն «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների դաշինքն էլ այժմ ամենամեծ ընդդիմադիր ուժն է խորհրդարանում։

Ջերմուկ 

Ջերմուկում ընտրապայքարին 2 ուժ է ներգրավվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Համայնքն ունի 5,301 ընտրող։

Գործող համայնքապետ Մանան Գևորգյանը Ջերմուկը ղեկավարում է 2025-ից։ Պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին համայնքապետ Վահագն Արսենյանը նույն տարվա հոկտեմբերի 9-ին նշանակվել էր Վայոց ձորի մարզպետ։

Հոկտեմբերի 25-ի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է հենց Արսենյանը, 2-րդ համարը Մանան Գևորգյանն է։ Արսենյանը 12 օրով արձակուրդ է մեկնել հոկտեմբերի 12-23-ը, հանդիպումներ է սկսել Ջերմուկում։

Արսենյանը «Ջերմուկ գրուպի» հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Հոր քաղաքական գործունեությունը կապված է եղել ՀՀԿ-ի հետ, մինչդեռ Վահագն Արսենյանը 2021 թվականից ընտրություններին մասնակցում է ՔՊ-ի ցուցակով։

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո Արսենյանը հրաժարվել է իրեն հասանելիք պատգամավորական մանդատից՝ շարունակելով պաշտոնավարել որպես մարզպետ։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին Factor TV-ն հրապարակել է Արսենյանի 2025 թվականի հայտարարագրի մանրամասն ուսումնասիրությունը։

Ըստ հրապարակման՝ Արսենյանն ունի վեց բնակարան ԱՄԷ-ում, բնակարան Գերմանիայում, անշարժ գույք Երևանում և Ջերմուկում։ Հայտարարագրում կան նաև Rolls-Royce, Bentley և Mercedes-Benz ավտոմեքենաների փաստացի տիրապետման վերաբերյալ տվյալներ։ Գերմանիայի բնակարանը և Patek Philippe ժամացույցներից մեկը 2025-ին նվեր է ստացել հորից։

2019 թվականին Վահագն Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակի վերաբերյալ քրեական հոդվածով։ Սակայն 2019 թվականի դեկտեմբերի 9-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ գործը՝ կարճվել։

Ջերմուկում քարոզարշավի ժամանակահատվածում Արսենյանը արձակուրդ է մեկնել, հոկտեմբերի 12-ից ներգրավված է քարոզարշավում։

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ազատ Հովակիմյանը։ Նա այժմ էլ Ջերմուկի ավագանու անդամ է, ընտրվել է «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակով, որը ձևավորվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության և Ռեֆորմիստների կուսակցության միավորմամբ։

Վայք

Վայքում ՔՊ-ն այլընտրանք չի ունենա։ Համայնքն ունի 8311 ընտրող։

Համայնքը 2021-ից ղեկավարում է Մխիթար Մաթևոսյանը, որն ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններին գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ 

Մաթևոսյանը «Մավշին» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ 2022 թ. փետրվարի 16-ին՝ արդեն համայնքապետ ընտրվելուց հետո, նա ընկերության 100% բաժնեմասն ու տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Հետքի ուսումնասիրությամբ՝ դրանից հետո Վայքի համայնքապետարանը համայնքապետի կնոջը պատկանող ընկերության հետ կնքել է ընդհանուր շուրջ 537 մլն դրամի պայմանագրեր։ Պայմանագրերը վերաբերվել են համայնքային շինարարական աշխատանքների։

2024 թ. մարտի 11-ին ԿԿՀ-ն եզրակացրել է, որ Մաթևոսյանի գործողություններում առկա է եղել շահերի բախման իրավիճակ և անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտում։

ԿԿՀ-ն նույնիսկ դիմել է Վայքի ավագանուն՝ Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը քննարկելու համար։ Ավագանին պատասխանել է, որ համայնքապետի կողմից անհամատեղելիության խախտում չի արձանագրել և լիազորությունները դադարեցնելու հարց չի քննարկում։ Արդյունքում Մաթևոսյանը շարունակել է պաշտոնավարել։

Մաթևոսյանն ինքը ԿԿՀ-ի եզրակացությանը չի համաձայնել և հրապարակայնորեն պնդել է, որ հանձնաժողովը իր նկատմամբ «պատվեր» է կատարում։

2019-ին, երբ Մաթևոսյանը դեռ «Մավշինի» տնօրենն էր, նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հափշտակության վերաբերյալ գործով։ Քննությունը վերաբերում էր Վայքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային այգու բարեկարգման համար հատկացված սուբվենցիոն միջոցներին։

Քննչական կոմիտեն հետագայում հայտնել է, որ 2021 թ. հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

2021-ին մամուլում նաև հրապարակվել են տեղեկություններ, թե Մաթևոսյանը 2002 և 2003 թվականներին դատապարտվել է գույքի գաղտնի հափշտակության համար, համապատասխանաբար՝ 2 տարի 6 ամիս և 2 տարի ազատազրկման, սակայն երկու դեպքում էլ ազատվել է համաներմամբ։ Մաթևոսյանը հերքում է այն լուրերը, թե նախկինում դատվածություն է ունեցել։

***

Մինչև 2026 թվականը Վայոց ձորի մարզն ուներ 5 համայնք՝ վերև նշված երեք համայնքները, ինչպես նաև Արենին ու Եղեգիսը։ Սակայն 2026 թվականին Եղեգիս, Արենի և Եղեգնաձոր համայնքները միավորվել են՝ ձևավորելով մեկ խոշորացված Եղեգնաձոր համայնք։

Արենիի գործող համայնքապետ Հուսիկ Սահակյանն, ինչպես նշեցինք, Եղեգնաձորի ընտրություններում առաջնորդում է ՔՊ-ի ցուցակը։

Իսկ Եղեգիսի գործող համայնքապետը 2017 թվականից Արթուր Ստեփանյանն է։ Ստեփանյանը ՏԻՄ համակարգում է դեռ 2008 թվականից։ Սկզբում ղեկավարել է Քարագլուխ համայնքը․ 2008-ին ընտրվել է որպես ԲՀԿ անդամ, 2012-ին վերընտրվել է՝ արդեն ներկայանալով որպես անկուսակցական։

2016-ին ևս ներկայացվել է որպես անկուսակցական, սակայն նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ-ն։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին նա արդեն որպես ՀՀԿ անդամ ընտրվել է նոր ձևավորված Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար։

2022 թվականի սեպտեմբերի 25-ի ընտրություններին քաղաքական պատկերը փոխվել էր․ Ստեփանյանն արդեն գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

2024 թվականի աշնանը Արթուր Ստեփանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքները վերաբերում են համայնքային գույքի ենթադրյալ հափշտակությանը, պաշտոնեական կեղծիքին և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։ Գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան։

Գործի հիմքում Եղեգիսի յոթ բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցումն է։

 

Եվգենյա Համբարձումյան