Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.11.2026 | 20:00ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հակադարձում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հայտարարություններին՝ պնդելով, որ Մայր բուհից իր և մի շարք այլ գործընկերների հեռացումը եղել է բացառապես քաղաքական հայացքների և դիրքորոշման պատճառով։
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի այն պնդմանը, թե 203 աշխատակցի պայմանագիր չի երկարաձգվել, որոնցից միայն մի քանիսն են աղմուկ բարձրացնում, Սողոմոնյանն այդ հայտարարությունը որակում է որպես մանիպուլյացիա։ Նա ընդգծում է, որ համալսարանում ենթարկվել է հստակ խտրականության՝ իր քաղաքական հայացքների պատճառով: Իսկ այն դիտարկմանը, թե բուհում կան այլ դասախոսներ ևս, որոնք ընդդիմադիր գրառումներ են անում, բայց չեն հեռացվել, Սողոմոնյանը պատասխանում է. «Դա նշանակում է, որ նրանք չեն հեռացվել, բայց դա բնավ չի նշանակում, որ մեզ քաղաքական հայացքների հիմքով չեն հեռացրել»։ Նա փաստում է, որ իրենց դեպքում քաղաքական թիրախավորումն ակնհայտ է եղել։
Որպես քաղաքական հետապնդման վառ ապացույց՝ Մենուա Սողոմոնյանը հիշեցնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ սոցիալական ցանցերում ունեցած իր բանավեճը: «Նա ինձ ասաց՝ առաջ կարո՞ղ էիր նախարարի գրառման տակ քննադատական քոմենթ գրել: Եվ ես դրանից հետո իմ մեյլին տեսնում եմ նամակ, որ ԵՊՀ-ն այլևս իմ պայմանագիրը չի երկարաձգում»,- նշում է նախկին դասախոսը՝ հավելելով, որ կամայականությունների են ենթարկվել նաև այլ դասախոսներ, որոնց դասաժամերն առանց հիմնավորման կրճատվել են:
Սողոմոնյանը մեղադրանքներ է հնչեցնում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հասցեին։ Նա հիշեցնում է, որ իշխանության գալուց առաջ վերջինս հանդես էր գալիս բուհերի ապաքաղաքականացման լոզունգներով, սակայն այսօր համալսարանն ուղիղ կերպով սպասարկում է իշխանության քաղաքական շահերը:
Որպես բուհի քաղաքականացման և երկակի ստանդարտների կիրառման օրինակ՝ Սողոմոնյանը մատնանշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը համալսարան: «Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում «Իրական Հայաստանի» մասին բանախոսություն կարդաց, որն իրականում ՔՊ-ի գաղափարախոսությունն էր արտահայտում: Նա նաև անընդունելի է համարում, որ ակադեմիական հաստատության ղեկավարը զբաղվում է քաղաքական պրոպագանդայով՝ անձնական էջում վերահրապարակելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քաղաքական գրառումը:
Գործընթացները գնահատելով ավելի լայն համատեքստում՝ Սողոմոնյանն ընդգծում է․ «ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն, Գլխավոր շտաբը, Եկեղեցին երբ ասում են Նիկոլ Փաշինյանին՝ պարտվել ես պատերազմում, պետք է հեռանաս: Նա պիտի գնար, ընդուներ այդ մեսիջը, ոչ թե սկսեր ճնշել այդ կառույցները»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը՝ նշելով, որ այսօր համալսարանում տեղի ունեցողը հենց այդ ճնշման և հաստատությունները լոյալ դարձնելու քաղաքականության ուղիղ հետեւանքն է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

