Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Հասարակություն
27.11.2026 | 18:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում Փաշինյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները միայն Հայաստանին բնորոշ չեն, և դրանք առկա են նաև մարդու իրավունքների պաշտպանության բարձր չափանիշներ ունեցող երկրներում։
«Այն նույն պրոբլեմները, որոնք այսօր կան Հայաստանում, բոլոր տեղերում էլ կան։ Մեզ մոտ քննարկումներում, երբեմն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե աշխարհն այդ պրոբլեմը լուծել է, մենք այդպես մնացել ենք նույն կետում կանգնած։ Բացարձակապես այդպես չէ, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ամենաբարձր ստանդարտ ունեցող երկրներում ճշգրիտ նույն պրոբլեմները կան, ինչ Հայաստանում», -ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն հետևողական քայլերով. «Ընդ որում՝ ոչ մեծ քայլերով, որովհետև եթե մեծ քայլերի ամբիցիա դնենք մեր առաջ, միանշանակ այդ քայլերը ձախողվելու են, այդ թվում՝ իմ նշած օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Խնդիրը հետևյալն է, որ հետևողականորեն փոքր քայլերով գնանք առաջ, որովհետև այստեղ էլ գործում է այն տրամաբանությունը, որ արագ փոփոխությունների ճանապարհը դանդաղ, բայց հետևողական քայլերն են։ Ես այդ ասացվածքը նորից մեջբերեմ՝ «արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների»»։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ 2026 թվականի առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաշմանդամության կարգ ստանալու դիմումները նվազել են 4500-ով, իսկ գնահատումների թիվը՝ շուրջ 2000-ով։
Նրա տեղեկացմամբ՝ նոյեմբերի 20-ի դրությամբ 17 հազար քաղաքացու տրամադրվել է 35 979 աջակցող միջոց։ Իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է գործարկել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը։
Նիստի ընթացքում նախարարները ներկայացրել են նաև շտապօգնության ծառայությունների, բժշկական հաստատությունների, պետական կայքերի և կրթական հաստատությունների մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի ապահովման հարցում դեռևս կան համակարգային խնդիրներ։ Մասնավորապես՝ վերանայված չեն անգործունակության ինստիտուտին առնչվող իրավակարգավորումները, ներդրված չէ աջակցությամբ որոշումների կայացման մեխանիզմը։
Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բարձրացրել են ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացրել առաջարկություններ։

