Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
Հասարակություն
27.11.2026 | 19:49
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձին տրանսգենդեր լինելու պատճառով հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, ավելին՝ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը, իսկ պլոմբանյութը տրամադրել են ոչ թե առձեռն, այլ տոպրակի մեջ՝ խուսափելով հպումից։
Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ահազանգեց ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի նախագահ Արման Սահակյանը։
«Քրեակատարողական հիմնարկում դեռևս, ի զարմանս բոլորիս, գործում են սովետական հասարակարգի կանոնները և այն մտածելակերպը, որ ԼԳԲՏ անձանց կենցաղային իրերը, գույքը և այլն պետք է լինեն առանձնացված։ Ցավալին այն է, որ այս մտածելակերպը տարածված է ոչ միայն ազատազրկված անձանց շրջանում և կրում է քրեական ենթամշակույթի հետքեր, այլև այդ բարքերով, փաստորեն, առաջնորդվում են նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այդ թվում, ամենացավալին, բժիշկները»։
Սահակյանն այս դեպքի մասին մանրամասներ չի հայտնում՝ ազատազրկված անձին չնույնականացնելու և չթիրախավորելու նպատակով՝ զուգահեռ բարձրաձայնելով, որ յուրաքանչյուր ոք ունի հավասար իրավունքներ։
«Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը քննարկում է «Խտրականության դեմ պայքարի և համահավասար իրավունքների» օրենքի ընդունումը, քրեակատարողական հիմնարկում բավականին շատ ընդդիմադիր կառույցներ և հանրության որոշակի զանգված խոսում են այն մասին, որ թեև օրենքը հատուկ նպատակադրված և շեշտադրված է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մասով, այնուամենայնիվ, զուգահեռ դրան նմանօրինակ դեպքերի ենք ականատես լինում։ Խտրականության դեմ օրենքը հենց այսօր ընդունելը հույժ կարևոր է, որովհետև այն, ինչ կատարվում է քրեակատարողական հիմնարկում կոնկրետ այս խոցելի խմբերի նկատմամբ, դասական խտրականության օրինակ է»,– ընդգծում է դիտորդական խմբի նախագահը։
Factor TV-ն դեռ երեկվանից դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ դեպքի մասին պարզաբանում ստանալու նպատակով։ Այնտեղից խոստացել էին ավելի ուշ պատասխան տրամադրել․ մինչ այս պահը որևէ պարզաբանում չենք ստացել։
Ռոզա Վարդանյան

