1500 սպանության գործ՝ առանց սպանության դեպքի․ որ հանցատեսակներն են աճել և որոնք նվազել 

Լուրեր

15.05.2025 | 23:31
Ադրբեջանում 2024 թվականին զոհվել է 51 զինծառայող, 2025-ի առաջին հինգ ամիսներին` 14 զինծառայող
15.05.2025 | 23:23
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին
15.05.2025 | 23:07
Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով, տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց միջուկային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ
15.05.2025 | 22:55
Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի 10% բաժնեմասը
15.05.2025 | 22:47
Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է
15.05.2025 | 22:36
Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել Թրամփի հակաիրանական արտահայտություններին, իսկ ԱՄՆ-ն Թեհրանին միջուկային գործարքի առաջարկ է ներկայացրել
15.05.2025 | 22:26
Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում պատասխանել է Ադրբեջանի Առաջին ալիքի լրագրողի հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 22:12
ՀՊԼ-ից հեռացված Վեստ Արմենիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
15.05.2025 | 22:00
Ո՞րն է լինելու ԱԺ-ում հնչած սեռական հայհոյանքների հետևանքը. Լևոն Քոչարյանը և Արսեն Թորոսյանը զղջման խոսքեր չեն ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 21:55
Հնդիկները չեղարկում են Թուրքիայի և Ադրբեջանի հանգստավայրերում ծրագրած արձակուրդները՝ Պակիստանին այս երկրների աջակցության պատճառով
15.05.2025 | 21:46
Նոր հնարավորություններ՝ տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար
15.05.2025 | 21:35
Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել
15.05.2025 | 21:29
Մահացել է նկարիչ Արման Գրիգորյանը
15.05.2025 | 21:20
Բաքվում շինծու գործերով նիստում ներկայացվել են, իբր, «Կուբաթլուի և Զանգիլանի գրավման ժամանակ նկարահանված կադրեր»
15.05.2025 | 21:15
Լևոնը վիրավորեց․ դու ո՞վ ես, բացի Ռոբերտ Քոչարյանի որդի լինելը․ ինքնուրույն մի բանի հասած կա՞ս՝ առանց հոր փողերի․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է  հանցագործության 40.232 դեպք։ Այս ցուցանիշը 434 դեպքով պակաս է նախորդ՝ 2023-ի ցուցանիշից։ Ինչպես 2024-ին, այնպես էլ 2023-ին արձանագրված ենթադրյալ հանցագործությունների գրեթե կեսը տեղի է ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության՝ Ազգային ժողովին ներկայացրած 2024 թվականի վերաբերյալ տարեկան հաղորդումից։

Factor.am-ն ուսումնասիրել է հաղորդումը և ուշագրավ տվյալներ առանձնացրել հանցագործությունների բնույթի ու դինամիկայի վերաբերյալ։

Հանկարծամահության դեպքերը որակվում են որպես սպանություն

Մինչև 2022 թվականը գործող Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հանցագործության մասին հաղորդում ստանալիս հետաքննություն էր իրականացվում, որը հանրության շրջանում առավել հայտնի էր որպես «նյութերի նախապատրաստման» փուլ։ Այս փուլից հետո որոշում էր կայացվում կա՛մ քրեական գործ հարուցելու, կա՛մ չհարուցելու վերաբերյալ։ Սակայն Քրեական դատավարության գործող օրենսգրքով հետաքննության փուլ այլևս գոյություն չունի, իսկ հանցագործության ենթադրյալ դեպքի առթիվ քրեական վարույթ հարուցելու համար մեկօրյա ժամկետ է սահմանվում։ Ուստի՝ բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է անձի հանկարծամահություն, եթե անգամ  ակնհայտ է, որ առկա չեն  առերևույթ հանցանքի հատկանիշներ, քրեական վարույթը նախաձեռնվում է սպանության հոդվածով, ապա՝ կարճվում։

Սպանությունը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, ուստի՝ վերը նշված պրակտիկան արհեստականորեն մեծացնում է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։

Դատախազության հաղորդման համաձայն՝ 2024-ին  արձանագրված 2100 առանձնապես ծանր հանցագործություններից 1502-ը  հանկարծամահությունների դեպքերն են։ Այսինքն՝ եթե առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը ներկայացվեն առանց հանկարծամահությունների թվերի, ապա կստացվի, որ 2024 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 598 դեպք՝ նախորդ տարվա 546-ի դիմաց։

Ըստ հաղորդման՝  առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 5.2% (2023 թվականին՝ 4.1%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.7% (2023 թվականին՝ 15.0%):

Հանցագործության 40.232 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 81.1%-ը, ոչ մեծ (20.361 դեպք կամ դեպքերի 50.6%) և միջին ծանրության (12.253 դեպք կամ դեպքերի 30.5%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործություններ։

Նվազել են  հրազենի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը

2024-ին 22.9%-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության դեպքերով վարույթները։ 2024 թվականին արձանագրվել է 909 դեպք, իսկ  2023 թվականին՝ 1179։

33.2%-ով նվազել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 2023 թվականին արձանագրվել է 4564 դեպք, իսկ 2024-ին՝ 3047 դեպք։

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 426 կգ 563 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2023 թվականի 202 կգ 60 գրամի դիմաց: Առգրավվել են նաև՝ 750.17 գրամ հոգեմետ նյութեր, 2023 թվականի 376.034 գրամի դիմաց:

Աճել են թրաֆիքինգի և ընտանիքում բռնության դեպքերը

Մարդկանց թրաֆիքինգի դեպքերն աճել են 89.5%-ով կամ 17 դեպքով։ Եթե 2023 թվականին արձսնագրվել է թրաֆիքինգի 19 դեպք, ապա 2024-ին դեպքերի թիվը հասել է 36-ի։

Արձանագրվել է ընտանեկան կամ կենցաղային բռնության 1360 դեպք, որից 1100-ը՝ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեպքեր են։ Ընդհանուր առմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի թիվը  1100 է՝  նախորդ տարվա 418-ի փոխարեն, այսինքն՝ ընտանիքում  ֆիզիկական և հոգեբանական  բռնության դեպքերը նախորդ տարվա համեմատ կրկնակիից ավելի աճել են։

Դատախազության զեկույցի համաձայն՝ ընտանիքում բռնության դեպքերի գերակշիռ մասը ֆիզիկական ներգործության դեպքեր են։

Մասնավորապես՝ 2024 թվականին արձանագրվել է ֆիզիկական ներգործության 934 դեպք՝ 2023 թվականի 372-ի դիմաց, այսինքն՝ այս դեպքերն աճել են 562-ով կամ 151%-ով:

2024 թվականին արձանագրվել է հոգեկան ներգործության 166 դեպք՝ 2023 թվականի 46-ի դիմաց, այսինքն՝ այս դեպքերն աճել են  120-ով  կամ 261%-ով։

2024 թվականին աճել են նաև ընտանեկան և կենցաղային բռնություն հանդիսացող սպանության դեպքերը․ 2023 թվականին արձանագրվել է  3 դեպք, իսկ 2024-ին՝ 13 դեպք։ Աճել են նաև առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը․ 2023 թվականին արձանագրվել է  8 դեպք, 2024 թվականին՝ 15 դեպք:

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 333 անձ

Հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվկալները վարում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը, ուստի՝ Դատախազությունը ԱԺ-ին ներկայացված տարեկան հաղորդման մեջ, հղում կատարելով Ոստիկանության  վիճակագրական տվյալներին՝ նշում է, որ  2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված  հանցագործությունների դեպքերը: Եթե 2023 թվականին արձանագրվել է 2185 դեպք, ապա 2024 թվականին՝ 1936 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 249-ով կամ 11.4%-ով:

Ըստ հաղորդման՝ նվազել են նաև մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: Եթե 2023 թվականին արձանագրվել է մահվան ելքով 204 դեպք, ապա 2024 թվականին՝ 174 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 30-ով կամ 14.7%-ով:

2024 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունների 1936 դեպքից 754-ը կամ շուրջ 39%-ն արձանագրվել է Երևանում, իսկ 1182-ը կամ շուրջ 61%-ը մարզերում։

Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի թիվը հանրապետության մարզերի տարածքում նվազել է 31-ով կամ 19.25%-ով։ Բացառություն է կազմում միայն Արագածոտնի մարզը, որի տարածքում հիշյալ դեպքերի թիվն աճել է 6-ով կամ 60%-ով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2023-ի 4614-ի դիմաց), որի հետևանքով մահացել է 333 անձ՝ 2023-ի 378-ի դիմաց։ Այսինքն՝ 2024-ին  204 մահվան ելքով պատահարների հետևանքով մահացել է 333 անձ։

Նվազել է նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը․ եթե 2023-ին եղել է մարմնական վնասվածք ստացած 6538 անձ, ապա 2024-ին՝ 6116 անձ։

Դատարան ուղարկված գործերով պատճառված վնասը գնահատվում է 29 մլրդ 186 մլն 330 հազար 600 դրամ

Հաղորդման մեջ առկա են նաև տվյալներ դատարան ուղարկված գործերով պետությանն ու անձանց պատճառված վնասի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ըստ տարեկան հաղորդման՝ 2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված 790 քրեական գործով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառվել է 29.186.330.600 դրամի գույքային վնաս (2023 թվականին՝ 83.867.331.548), որից պետությանը՝ 9.537.184.200 դրամի (2023 թվականին՝ 66.232.338.153), համայնքներին՝ 1.425.725.400 դրամ (2023 թվականին՝ 210.198.000), իրավաբանական անձանց՝ 5.629.446.000 դրամի (2023 թվականին՝ 10.315.255.000), ֆիզիկական անձանց՝ 12.593.975.000 դրամի (2023 թվականին՝ 7.084.558.395):

2024-ի ընթացքում  քրեական գործերով՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով,  վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 42 միլիարդ դրամի վնաս, որից 37 միլիարդ 600 միլիոն դրամը վերականգնվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով: Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի ընթացքում քրեական գործերով վերականգնվել էր պետությանը և համայնքին պատճառված շուրջ 34 միլիարդ 300 միլիոն դրամի վնաս: Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է շուրջ 7 միլիարդ 500 միլիոն դրամով ավելի գումար, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Նախաքննական մարմինների վարույթում քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2.658.771.800 դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա: 

 

Արաքս Մամուլյան