Ձախողված արդարադատություն՝ արդարադատություն իրականացնող դատավորների նկատմամբ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Դատավորները, որոնք քննում են այլ անձանց վերաբերյալ գործեր, երբեմն իրենք զերծ չեն մնում դատարանում հայտնվելուց՝ ակնկալելով արդարադատություն կամ, ինչու ոչ, հույս ունենալով, որ կխուսափեն արդարադատությունից։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե վերջին 10 տարում որ դատավորներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչու կամ ինչ դրդապատճառներով, նրանցից քանիսի վերաբերյալ է մեղադրական դատավճիռ կայացվել, քանիսի՝ արդարացման, քանիսի գործն է քննության ընթացքի մեջ և արդյո՞ք մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց հնարավոր կլինի քրեական պատասխանատության ենթարկել։

Վերջին 10 տարում քրեական հետապնդում է հարուցվել 15 դատավորի՝ Աղվան Պետրոսյանի, Վանիկ Վարդանյանի, Դավիթ Գրիգորյանի, Ռուբեն Վարդազարյանի, Հրայր Թովմասյանի, Բորիս Բախշիյանի, Սամվել Ուզունյանի, Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի, Անի Հարությունյանի, Տիգրան Փոլադյանի, Արուսյակ Ալեքսանյանի, Խաչատուր Խաչատրյանի, Իշխան Բարսեղյանի և Գագիկ Հեբոյանի նկատմամբ։

Այս դատավորներից միայն մեկը՝ Բորիս Բախշիյանն է արդարացվել, մեկ դատավոր՝ Աղվան Պետրոսյանը, մահացել է քրեական գործի քննության ընթացքում, 3 դատավոր մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել, իսկ մյուս 9-ի գործերը դեռևս գտնվում են ընթացքի մեջ, թեև դրանցից շատերը սկսվել են 4, 5 և նույնիսկ 7 տարի առաջ: Սա այն դեպքում, երբ դեռևս 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի կայացրած որոշման համաձայն՝ անգամ ամենաբարդ գործերի քննության միջին տևողությունը պետք է լինի 2 տարի։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական հետապնդման ենթարկված դատավորներից 4-ը եղել են դատարանի նախագահներ։

Աղվան Պետրոսյան

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Աղվան Պետրոսյանին 7 տարի առաջ կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել: Ըստ գործի՝ Պետրոսյանն իր վարույթում քննվող գործերից մեկով ստացել է 23 հազար դոլար կաշառք, որպեսզի մեղադրյալներից մեկի նկատմամբ մեղմ պատիժ նշանակի, իսկ մյուսին՝ քրեական պատասխանատվությանից ազատի։ Բացի այդ, դատարանի Գավառի նստավայրում դատավոր Վանիկ Վարդանյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։

2024 թվականի մարտին, երբ դատավորի վերաբերյալ գործը դեռ ընթացի մեջ էր, նա մահացել է։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ դատավորի մահից հետո կինը դիմել է դատարան և խնդրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Դատարանը հետապնդումը դադարեցրել է՝ մահվան հիմքով։ Պետրոսյանը մեղավոր էր, թե՝ ոչ, այդպես էլ հանրությանը հայտնի չի դառնա, բայց նա իր գործի քննության ամբողջ ընթացքում՝ 7 տարի շարունակ աշխատավարձ է ստացել։

Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս ԲԴԽ-ն կարող է կասեցնել նրա լիազորությունները՝ մինչև քրեական գործի հանգուցալուծումը, սակայն լիազորությունները կասեցված դատավորները շարունակում են աշխատավարձ ստանալ և իրավունք ունեն օգտվելու իրենց տրված այլ սոցիալական երաշխիքներից։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում առկա տվյալների համաձայն՝ Պետրոսյանի տարեկան աշխատավարձը եղել է 6 մլն 513 հզ դրամ, ընդհանուր առմամբ, նա առանց աշխատելու ստացել է 45 491 000՝ շուրջ 45,5 մլն դրամ աշխատավարձ, ապա մահացել, և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով։

Ինչո՞ւ է ձգձգվել գործի քննությունը

Պետրոսյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել 2017 թվականի սեպտեմբերին, սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորներն ինքնաբացարկ են հայտնել՝ նշելով, որ մշտական շփումների կամ ընկերական հարաբերությունների մեջ են գտնվել Աղվան Պետրոսյանի հետ և նրա գործով անաչառ լինել չեն կարող։

Երբ գործը մակագրվել է մարզում աշխատող վերջին դատավոր Մնացական Հարությունյանին, նա գործն ուղարկել է Երևանի դատարան՝ պատճառաբանելով, որ այն պետք է քննվի ոչ թե Գեղարքունիքի մարզի, այլ Երևանի դատարանում։ Այս դատարանում գործը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Վերջինս 7 ամիս քննելուց հետո տեղափոխվել է Վերաքննիչ դատարան, և դրա քննությունը նորից է սկսվել՝ այս անգամ մակագրվելով Աննա Դանիբեկյանին։
Դատավոր Դանիբեկյանի վարույթում գործը քննվում է 7 տարի։

Վանիկ Վարդանյան

Այս գործով, բացի Աղվան Պետրոսյանից, մեղադրյալ են եղել նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, մարզի դատախազ Սևակ Շհոյանը, փաստաբան Էդուարդ Չինարյանն ու ևս 8 անձ։

Դատավորի՝ Վանիկ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո նրա լիազորությունները նույնպես կասեցվել են և 1 տարի օրենքով սահմանված կարգով ստացել է իր աշխատավարձի կեսը՝ մոտ 4 մլն դրամ։ 2018 թվականին, երբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է եղել, Վարդանյանի լիազորությունները դադարել են՝ 65 տարին լրանալու կապակցությամբ, այսինքն՝ նա անցել է կենսաթոշակի։ Վարդանյանն այժմ կենսաթոշակն ամբողջությամբ է ստանում։ Դատավորի կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է ամսական մոտ 260 հազար դրամ, սակայն կախված ստաժից՝ այս չափը կարող է ավելանալ։ Կենսաթոշակի նվազագույն չափի հաշվարկով՝ Վարդանյանը մեկ տարվա ընթացքում ստացել է 3 մլն 120 հազար դրամ կենսաթոշակ, իսկ վերջին 6 տարվա ընթացքում՝ 18 մլն 720 հազար դրամ՝ նվազագույնը։

Երբ կավարտվի այս գործի քննությունը, դատավորը մեղավոր կճանաչվի, թե՝ ոչ, դեռևս հայտնի չէ, բայց, փաստացի, ձգձգվող գործի պայմաններում Վանիկ Վարդանյանն արդեն 6 տարի է՝ անցել է «վաստակած հանգստի» և բարձր կենսաթոշակ է ստանում։

Այսպիսով՝ միայն այս մեկ քրեական գործի քննության ընթացքում առանց աշխատելու շուրջ 46 մլն դրամ աշխատավարձ ստացել է դատավոր Աղվան Պետրոսյանը, և նվազագույնը 23 մլն՝ դատավոր Վանիկ Վարդանյանը՝ հաշվի առնելով նրա ստացած 1 տարվա աշխատավարձն ու 6 տարվա կենսաթոշակը։

Ի՞նչ իրավական հետևանք կառաջացնի դատավորին մեղավոր ճանաչելը

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունի դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը․
1․ որի լիազորությունները դադարեցվել են պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն ունենալու,
2․ 65 տարին լրանալու կապակցությամբ։

Այժմ ստեղծվել է իրավիճակ, երբ դատավոր Վանիկ Վարդանյանի լիազորությունները դադարել են 65 տարին լրանալու կապակցությամբ, ինչը հիմք է դատավորի՝ կենսաթոշակ ստանալու համար, սակայն, միևնույն ժամանակ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դատավորի գործունեության համար է հարուցվել՝ դեռ այն ժամանակ, երբ որպես դատավոր էր աշխատում։

Դատական դեպարտամենտ ուղարկված գրավոր հարցմամբ Factor TV-ն խնդրել է հայտնել՝ արդյո՞ք նախկինում նման պրակտիկա եղել է, երբ լիազորությունները դադարած դատավորը մեղավոր ճանաչվի Քրեական օրենսգրքով սահմանված արարք կատարելու համար, և արդյո՞ք այս դեպքում նա պետք է շարունակի կենսաթոշակ ստանալ ու օգտվել դատավորի համար սահմանված այլ սոցիալական երաշխիքներից։ Դեպարտամենտից հայտնում են, որ նման վիճակագրություն չեն վարել, իսկ ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակում մեղավոր ճանաչվելու դեպքում անձը կարող է դատավորի համար նախատեսված կենսաթոշակ ստանալ և օգտվել դատավորին տրվող այլ երաշխիքներից, այդ հարցի հասցեատերն իրենք չեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ եթե դատավորը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում, ապա նա չունի օրենքով կենսաթոշակի իրավունք, իսկ եթե այդ անձին արդեն օրենքով նշանակվել է կենսաթոշակ, ապա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից ստացված տեղեկատվության հիման վրա դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը։

Այսպիսով, Վանիկ Վարդանյանը դատավճռով մեղավոր ճանաչվելու դեպքում զրկվելու է կենսաթոշակից։ Սակայն արդյո՞ք նա մեղավոր կճանաչվի, թե՝ ոչ, հայտնի չէ, ավելին, անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում դեռևս պարզ չէ, թե երբ նրա վերաբերյալ դատավճիռը կմտնի օրինական ուժի մեջ՝ հաշվի առնելով, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկելու դեպքում պետք է ստուգվի նաև վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում։ Նկատի առնելով Հայաստանում առկա պրակտիկան՝ այս գործընթացը կարող է տևել տարիներ:

Սամվել Ուզունյան

Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի լիազորությունները ևս 65 տարին լրանալու կապակցությամբ են դադարեցվել, բայց նա կենսաթոշակ չի ստանում, քանի որ գտնվում է հետախուզման մեջ։ Կենսաթոշակային տարիքի հասած անձն անձամբ պետք է դիմում ներկայացնի՝ կենսաթոշակ ստանալու համար։

Ուզունյանը 2004-ից մինչև 2016 թվականը եղել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ իր վարույթում քննվող քրեական գործով մի դեպքում՝ 13.000, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել, բացի այդ՝ մեկ այլ դրվագով կաշառքի միջնորդություն է կատարել։

Ուզունյանի նկատմամբ հետապնդումը հարուցվել է 2019 թվականին։ Դատավորները անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքներ ունեն, այսինքն՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ Դատախազությունը պետք է ստանա նրանց անկախությունը երաշխավորող մարմնի, տվյալ դեպքում՝ ԲԴԽ-ի համաձայնությունը։

Ուզունյանը ԲԴԽ-ում իրեն անձեռնմխելությունից զրկելու հարցի քննությանը չի մասնակցել, իսկ երբ իմացել է, որ Խորհուրդը բավարարել է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրեն կալանավորելու հարցով դատարան դիմելու՝ Դատախազության միջնորդությունները, լքել է Հայաստանը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դատավորը երկրից հեռացել է «Զվարթնոց» օդանավակայանով։ Ավելին, վերջինիս պայուսակում «Զվարթնոց» օդանավակայանում փամփուշտ է հայտնաբերվել, այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, այդուհանդերձ, նրան հաջողվել է անարգել հատել սահմանը։

Ուզունյանի փախուստի գործով մեղադրյալ քննիչներն արդարացվել են

Ուզունյանի՝ Հայաստանը լքելուց հետո պաշտոնեական անփութության մեղադրանք է առաջադրվել նրա գործով քննիչ Լեռնիկ Ստեփանյանին և Էդգար Պողոսյանին։ «Դատալեքս»- դատական տեղեկատվական համակարգում գործի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ Ուզունյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, երբ դատավորը դեռևս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել, քննիչ Լեռնիկ Ստեփանյանը գրություն է ուղարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ սահմանը հատելու նկատմամբ հսկողություն իրականացնելու, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում, նախքան սահմանը հատելը, վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջով։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Հովսեփյանը 03.12.2019 թվականի գրությամբ պատասխանել է, որ Սամվել Ուզունյանի սահմանահատումների նկատմամբ հսկողության սահմանելու և վերջինիս կողմից ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում, նախքան սահմանը հատելը, այդ մասին վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջը հնարավոր չէ բավարարել, քանի որ ՀՀ ոստիկանությունն անձանց սահմանային տեղաշարժը հսկելու լիազորություն չունի և նման գործառույթ չի իրականացնում։

Գործի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Ուզունյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվելու և Հայաստանը լքելու մտադրության մասին քննիչներնը իմացել են հենց կեսգիշերին՝ այն բանից հետո, երբ նա ժամանել է օդանավակայան և տոմս գնել: ՀՀ ԱԱԾ աշխատակից Ավագ Մարգարյանը ժամը 01։45-ին զանգահարել է քննիչ Էդգար Պողոսյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը: Տեղեկանալով այդ մասին՝ Էդգար Պողոսյանը ժամը 01։50-ին զանգահարել է Լեռնիկ Ստեփանյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը գտնվում է օդանավակայանում և պատրաստվում է մեկնել ՀՀ-ից, այդուհանդերձ, քայլեր չեն ձեռնարկվել նրա սահմանը հատելը կանխելու ուղղությամբ:

Ի վերջո, Ուզունյանի գործով քննիչների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը գործը ստանալուց օրեր անց, առանց դատաքննության փուլին անցնելու, որոշել է կարճել այն, ի թիվս այլ հիմնավորումների՝ նշելով, որ քննիչների վերաբերյալ գործը քննել է Քննչական կոմիտեն, որը նման լիազորություն օրենքով չի ունեցել։ Այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել։

Ստացվում է՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը ԱԱԾ աշխատակիցների ու ՀՔԾ քննիչների իրազեկ լինելու պայմաններում անարգել հատել է Հայաստանի սահմանը, ապա այս դեպքի առթիվ հարուցած քրեական գործը քննել է մի մարմին, որն այն քննելու լիազորություն չի ունեցել։ Եվ, ամենակարևորը, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար։

Հրայր Թովմասյան

Դատարանի նախագահ հաջորդ դատավորը, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, Հրայր Թովմասյանն է։ Վերջինը Սահմանադրական դատարանի նախագահն էր, երբ նրա նկատմամբ հետապնդում սկսվեց։

Իրեն մեղադրանք առաջադրելուց հետո Թովմասյանը հայտարարել է, թե քաղաքական դրդապատճառներով է սկսվել իր նկատմամբ հետապնդումը, և որ դեռ ամիսներ առաջ զգուշացվել է՝ եթե հրաժարական չտա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, իրեն մեղադրանք կառաջադրվի։ Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ գործի՝ իրեն պատկանող տարածքները շուկայականից բարձր գներով վարձակալության է տվել Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո աշխատող նոտարներին։ Այս մեղադրանքից 2 ամիս առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում էին հայտնվել նաև Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը: Վերջիններս կանչվել էին ԱԱԾ:

Թովմասյանի գործը 2020 թվականից դատարանում է։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, որը սովորաբար արագ է քննում իր վարույթի գործերը, այս գործն ավարտել չի կարողացել արդեն 4 տարուց ավելի։ Գործը դատարան ուղարկելուց մոտ 2․5 տարի անց այն դեռևս նախապատրաստական փուլում էր, նույնիսկ Թովմասյանի և մյուս մեղադրյալ Նորայր Փանոսյանի մեղադրանքներն ընթերցելու փուլին չէր հասել, այլ պաշտպանները ներկայացնում էին Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ։

Թովմասյանին, ինչպես արդեն նշեցինք, վերագրվում է արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցավոր արարք։ Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես մյուս դատավորները, ունի անձեռնմխելիության երաշխիքներ, պարզապես ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս Դատախազությանը համաձայնություն է տալիս ոչ թե ԲԴԽ-ն, այլ Սահմանադրական դատարանը։

Պաշտպանների պնդմամբ՝ անկախ այն հանգամանքից, որ Հրայր Թովմասյանին վերագրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ կատարված արարք, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս Դատախազությունը նախ պետք է ստանար Սահմանադրական դատարանի համաձայնությունը, ինչը չի արվել։ Ավելին, բազմահատոր քրեական գործում անգամ առկա չէ որևէ փաստաթուղթ այն մասին, որ քրեական հետապնդում հարուցելու պահին Թովմասյանը եղել է Սահմանադրական դատարանի նախագահը։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գործի քննության ընթացքում հետաձգել է անձեռնմխելությունը չհաղթահարելու հիմքով Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ պաշտպանների բոլոր միջնորդությունները՝ նշելով, որ դրանց կանդրադառնա դատավճիռ կայացնելիս։ Իսկ եթե դատավճիռ կայացնելիս, խորհրդակցական սենյակում, դատավորը համաձայնի պաշտպանական կողմի հետ այն հարցում, որ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ նրա անձեռնմխելիությունը պետք էր հաղթահարել, ապա Թովմասյանին մեղավոր ճանաչելը անհնարին կդառնա, եթե անգամ դատավորը համոզմունք ունենա, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը։

Բացի այդ՝ անցել է նաև Թովմասյանին վերագրվող արարքի վաղեմության ժամկետը։ Նրան վերագրվող ենթադրյալ արարքը տեղի է ունեցել 2013 թվականին, 2014-ին նա այլևս արդարադատության նախարար չի եղել։ Թովմասյանին վերագրվող արարքի վաղեմության ժամկետը 10 տարի է, այսինքն՝ նա չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել։

Դավիթ Գրիգորյան

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է սկսվել: Նա եղել է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատավորը:

Այսպես՝ 2019 թվականի մայիսին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվեց դատարան ու մակագրվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս դատավորը Քոչարյանին վերագրվող 300․1 հոդվածի սահմանադրականության խնդիր տեսնելով՝ դիմեց Սահմանադրական դատարան և կալանքի տակ գտնվող Քոչարյանին ազատ արձակեց։

Մեկ օր անց՝ մայիսի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները փակեցին դատարանների մուտքերն ու ելքերը՝ դատավորներին թույլ չտալով իրենց աշխատավայր մուտք գործել և աշխատել։ Փաշինյանը հայտարարեց նաև, որ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ անաչառ լինել չեն կարող, պետք է հրաժարական տան կամ հեռացվեն դատական համակարգից։

Այս իրադարձություններից մեկուկես ամիս անց՝ 2020-ի հուլիսին Դավիթ Գիրգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի հաղորդման առթիվ, որի վերաբերյալ ավելի վաղ կայացվել էր քրեական գործ չհարուցելու մասին որոշում։

Ինչպես պարզվեց՝ այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացրել՝ վերացնելով Դատախազության կողմից կայացված այն որոշումը, համաձայն որի՝ դատավորի վերաբերյալ քրեական հետապնդում չէր հարուցվել:

Այսպես, Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ 2020 թվականի ձմռանը, այսինքն՝ մինչև այս իրադարձությունները, մի տուժող քաղաքացի հաղորդում էր ներկայացրել՝ հայտնելով, որ Գրիգորյանն իր մասնակցությամբ գործով նիստի օրվա և ժամի վերաբերյալ կեղծ ծանուցագիր է կազմել։ Հաղորդման առթիվ 2019-ի փետրվարին նյութեր էին նախապատրաստվել, քրեական գործ չէր հարուցվել, սակայն Արթուր Դավթյանը շուրջ 6 ամիս անց, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Գրիգորյանն արդեն ազատ էր արձակել Քոչարյանին ու դիմել Սահմանադրական դատարան, վերացրել է քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումն ու գործ հարուցել։

Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը 4 տարի առաջ՝ 2020 թվականի մայիսի վերջին ուղարկվել է դատարան, սակայն դատավոր Դավիթ Բալայանը դեռևս գործի նախապատրաստական փուլում, այսինքն՝ գործը ստանալուց օրեր անց վարույթը կարճել է և Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ դիրքորոշում հայտնելով, որ քրեական հետապնդում հարուցելիս դատավորի անձեռնմխելության երաշխիքը չի ապահովվել: Այս որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է, ապա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկը գործը ստանալուց շուրջ 2․5 տարի անց է միայն որոշում կայացրել՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկելով նոր քննության։

Այս անգամ գործը գնացել է Հակակոռուպցիոն դատարան և արդեն մեկ տարի է՝ քննվում է դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում։

Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ևս, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից սկսած, կասեցվել են, նա աշխատավարձ է ստանում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Գրիգորյանը յուրաքանչյուր տարի ստացել է 4․725․911 դրամ աշխատավարձ, այսինքն՝ 2019 թվականից մինչև այժմ ստացել է 23․629․555 դրամ աշխատավարձ։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Դավիթ Գրիգորյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքի վաղեմության ժամկետը ևս անցել է։

Բորիս Բախշիյան

Դատավորների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերից ամենաաղմկահարույցը, թերևս, դատավոր Բորիս Բախշիյանի գործն է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի շրջանում, երբ նրա վարույթում էին քննվում մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործեր՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Աշոտ Մինասյան (հայտնի է Աշոտ Երկաթ), Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյան, Իրինա Յոլյան:

Բորիս Բախշիյանի մեղադրանքը կապված էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին կալանավորելու հետ, ըստ Դատախազության՝ Բախշիյանն ակնհայտ ապօրինի կալանավորել էր Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նվեր Մկրտչյանին։

Մինչ այս որոշումը, սակայն, Բախշիյանն ազատ էր արձակել Նիկոլ Փաշինյանի մահափորձի մեջ մեղադրվող Աշոտ Երկաթին և նրա նկատմամբ քրեական հետապնդումը հենց այս գործով նրա կայացրած որոշման հետ կապեցին ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչները։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննության օրերին դատարանի դիմաց ոչ միայն քաղաքական ու հասարակական գործիչներ էին հավաքվել, այլ նաև դատավորներ, որոնք լուռ աջակցություն էին հայտնում դատավորին, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորներն անգամ հայտարարություն տարածեցին՝ սատարելով Բախշիյանին։

Ինչ էր տեղի ունեցել

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով նիստերից մեկին մեղադրյալ Նվեր Մկրտչյանը չէր ներկայացել։ Նրա պաշտպանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ ինքն անհետաձգելի քննչական գործողությամբ պայմանավորված՝ չի ներկայանալու նիստին, պաշտպանյալն էլ առանց իրեն չի ցանկանում ներկայանալ:

Նիստին ներկայանալն ամբաստանյալի համար պարտականություն էր, և ոչ թե իրավունք, իսկ դատավորն օրենքով իրավունք ուներ փոխելու ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ավելի խիստով, եթե նա խախտել էր իր նկատմամբ ընտրված ավելի մեղմ խափանման միջոցի պայմանը։ Բախշիյանը նիստին չներկայացած Մկրտչյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Հարկ է ընդգծել, որ Դատախազությունն այս որոշումը չէր բողոքարկել, բայց հետագայում այն որակել էր ակնհայտ ապօրինի և Բախշիյանին մեղադրանք առաջադրել անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։

Իր կալանքի դեմ բողոք էր ներկայացրել Նվեր Մկրտչյանը, սակայն 2 շաբաթ անց տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նա դատավորին հայտնել էր, որ պաշտպանն էր իրեն հորդորել չներկայանալ նիստին։ Բախշիյանը Մկրտչյանին նորից ազատ էր արձակել, իսկ Մկրտչյանը հրաժարվել էր ներկայացված բողոքից։

Այդ պահին գործող Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում էր անձին ապօրինի կալանավորելու հոդված, որի համար նախատեսվում էր առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում, և մեկ այլ՝ ավելի խիստ հոդված՝ անձին ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։ Այս երկրորդ արարքի համար նախատեսվում էր մինչև 8 տարի ժամկետով ազատազրկում։

Բախշիյանին այս՝ ավելի խիստ հոդվածով էր մեղադրանք առաջադրվել, այսինքն, ըստ Դատախազության՝ Նվեր Մկրտչյյանին ակնհայտ ապօրինի կալանավորելն առաջացրել էր ծանր հետևանք։ Որպես ծանր հետևանք՝ դիտարկվել է այն հանգամանքը, որ կալանավայրում գտնվելու ընթացքում Մկրտչյանի նկատմամբ ճնշում է եղել՝ Մանվել Փարամազյանի վերաբերյալ գործով ցուցմունքի վրա ազդեցություն գործադրելու նպատակով։

Ստացվում է՝ պետությունը կալանավայրում չի ապահովել անձի անվտանգությունը, համապատասխան քայլեր չի ձեռնարկել՝ նրան հնարավոր ճնշումներից զերծ պահելու համար, բայց դա դիտարկվել է որպես դատավոր Բախշիյանին վերագրվող արարքի ծանր հետևանք։

Ինչևէ, Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո նրա լիազորությունները կասեցվել են, և նրա վարույթում գտնվող գործերը, որոնց թվում՝ Մանվել Փարամազյանի, Աշոտ Երկաթի, Իրինա Յոլյանի, Մենուա Հովսեփյանի գործերը, բաշխվել այլ դատավորների միջև, իսկ 7 ամիս անց դատավորն արդարացվել է։

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ արդարացվածն իրավունք ունի պահանջելու արդարացի փոխհատուցում։ Այժմ Բախշիյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի դիմել է դատարան ու փոխհատուցում է պահանջում։ Առանձին քննվում է նաև Նվեր Մկրտչյանի նկատմամբ կալանավայրում ճնշում գործադրելու ենթադրյալ դեպքը։

Դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ այս գործի հարուցումից 2․5 տարի անց դեռևս որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել։

Ռուբեն Վարդազարյան

Երևանի ընդհանուր իրավասության, Բարձրագույն դատական խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով: Այս դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը ևս քաղաքական հնչերանգ է ստացել։

Ըստ քրեական գործի՝ Ռուբեն Վարդազարյանը, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը 2021 թվականին ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որն այժմ ԱԱԾ պետի տեղակալն է։ Նա 2021 թվականի մարտի 31-ին է նշանակվել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում, իսկ դրանից օրեր անց՝ ապրիլի 12-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վարդազարյանի վերաբերյալ՝ իրավապահներին հանձնելով 2 տարվա վաղեմություն ունեցող մի ձայնագրություն, որում, նրա պնդմամբ, Վարդազարյանն իրեն հորդորում, համոզում է կալանքից ազատել քրեական հեղինակություն, Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորները ոչ թե իրավունք, այլ պարտավորություն ունեն իրենց նկատմամբ ենթադրյալ ազդեցության ցանկացած դեպքի մասին հայտնել իրենց անկախությունը երաշխավորող մարմնին՝ ԲԴԽ-ին, սակայն, փաստացի, Սիմոնյանը ձայնագրել է Վարդազարյանի հետ իր խոսակցությունն ու այդ մասին 2 տարի չի բարձրաձայնել՝ մինչև ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելը։

Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրվելուց հետո՝ 2021 թվականի ապրիլին, նրա լիազորությունները կասեցվել են, իսկ մեկ տարի անց նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ու լիազորությունները դադարեցվել են։ Բայց լիազորությունների կասեցման ընթացքում՝ մոտ 1 տարի, Ռուբեն Վարդազարյանը ստացել է ԲԴԽ նախագահի աշխատավարձ՝ ավելի քան 10 մլն դրամ։

Վարդազարյանի լիազորությունները դադարեցվելուց հետո ԲԴԽ նախագահ է դարձել Գագիկ Ջհանգիրյանը։ Հետագայում Վարդազարյանը հրապարակել է մի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը նրան հորդորում էր հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվի։

Իշխան Բարսեղյան

«ԱՆՑՈՒՄային արդարադատությունը»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին իրավապահները ձերբակալել էին «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող գետնանցումից քաղաքացուց կաշառքի գումար վերցնելիս։ Թեև Բարսեղյանը մեղադրանքը չի ընդունել, դատապարտվել է ազատազրկման, պատիժը կրել և այժմ արդեն ազատության մեջ է։

Լոռու մարզի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը և Կոտայքի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ևս կաշառք ստանալու մեջ են մեղադրվել և դատապարտվել։

Այս պահին քրեական գործեր են քննվում նաև Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, վերջինիս կնոջ, Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի, քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ, որոնց դեպքում վաղեմության ժամկետն անցնելու խնդիր դեռևս առկա չէ։ Նշենք, որ Տիգրան Փոլադյանն ու Անի Հարությունյանն ամուսիններ են։ Չնայած քրեական գործի առկայությանը՝ Անի Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր։ Նրա գործը կապված է Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի գործերի հետ։ Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Նարինյանը փողերի լվացում է կատարել, և Անի Հարությունյանն օժանդակել է նրան։

Այսպիսով՝ վերջին 10 տարվա ընթացքում քրեական գործերով անցնող 14 դատավորից միայն կաշառք ստանալու մեջ մեղադրվող 3 դատավոր է մեղավոր ճանաչվել ու պատիժ կրել, 1 դատավոր արդարացվել է և այժմ ինքն է պետությունից փոխհատուցում պահանջում, 1 դատավոր մահացել է։ Մյուս 9 դատավորներից 3-ի նկատմամբ հետապնդումը կապվում է քաղաքական գործընթացների հետ։ Բայց եթե անգամ նրանք մեղավոր ճանաչվեն, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ անցել է նրանց վերագրվող արարքի վաղեմության ժամկետը, 2 դատավոր քրեական գործի քննության ընթացքում անցել է կենսաթոշակի, և միայն 4 դատավորի վերաբերյալ գործերի դեպքում է, որ դեռևս վաղեմության ժամկետներն անցնելու վտանգ չի սպառնում։

Արաքս Մամուլյան