Դատական դեպարտամենտը 3 տարում «մեկ անձ» ընթացակարգով 117 մլն դրամի պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ

Լուրեր

13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
Բոլորը

Վերջին 3 տարվա ընթացքում Դատական դեպարտամենտը 117 մլն դրամից ավելի գնման պայմանագիր է կնքել «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունը պարտավորվել է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (Cast) սպասարկումը։ Ու թեև պայմանագրերով ստանձնած պարտավորությունները լիարժեք չեն կատարվել՝ Դեպարտամենտը ոչ միայն տույժ-տուգանքներ չի կիրառել, այլև շարունակել է նոր պայմանագրեր կնքել ընկերության հետ: Factor TV-ն պարզել է, թե ինչո՞ւ են բոլոր գնումները «մեկ անձ» ընթացակարգով կատարվում, ընկերությունը ստանձնած ի՞նչ պարտավորություններ չի կատարել և ինչո՞ւ է Դատական դեպարտամենտը շարունակում պայմանագրեր կնքել մի ընկերության հետ, որը լիարժեք չի կատարում ստանձնած պայմանագրային պարտավորությունները։

«Դատական համակարգ» համակարգչային  ծրագրի միջոցով դատարաններում իրականացվում է գործերի բաշխումը, վերաբաշխումը, կոլեգիալ կազմերի ձևավորումը, գործավարությունը։ Այս ծրագրի որոշ տվյալներ փոխանցվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ: 

Այսպես՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի տվյալները փոխանցվում են տվյալների բազա, ապա դրանց այն հատվածը, որը կարող է հասանելի դառնալ հանրությանը, ավտոմատ կերպով տեղափոխվում է «Դատալեքս»։ Այսինքն՝ եթե Cast  համակարգը չգործի, ավտոմատ կերպով թարմացումներ չեն լինի նաև «Դատալեքս»-ում։

Հատկանշական է, որ Դատական դեպարտամենտը Cast ծրագրի ծառայությունների մատուցման համար մրցույթներ չի հայտարարում, բոլոր գնումները կատարում է մեկ անձից և պայմանագրեր կնքում «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի հետ՝ անկախ այն հանգամանքից՝ մատուցվող ծառայությունները հրատապ են, թե՝ ոչ։

Դատական դեպարամենտից «մեկ անձ» ընթացակարգով գնումներ կատարելու հանգամանքը այսպես են մեկնաբանում.

«Ծրագրի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով  «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի նկատմամբ «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքը՝ սահմանվել է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգ»:

«Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ:

Այսինքն՝  որպեսզի գնումը կատարվի մեկ անձից, նախ պետք է հիմնավորել, որ այդ գնումը հնարավոր է կատարել միայն մեկ անձից, մինչդեռ այս դեպքում ընկերության և Դատական դեպարտամենտի միջև կնքած պայմանագրերի բովանդակությունից ակնհայտ է, որ և՛ Դատական դեպարտամենտը,  և՛ «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունն ընդունում են, որ ընկերության մատուցած ծառայությունը կարող է և այլ անձ իրականացնել։

Մասնավորապես՝  կնքված բոլոր պայմանագրերում նշված է, որ Դատական դեպարտամենտի՝ այլ կազմակերպությունների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու դեպքում սպասարկողը ծառայության կոդերը, տվյալների բազայի գաղտնաբառը և սպասարկման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները փոխանցում է նոր սպասարկողին։ Ավելին, Դատական դեպարտամենտն իրավունք ունի պայմանագրով մատուցված ծառայությունների արդյունքները ՀՀ օրենսդրությանը չհակասող ձևերով ու եղանակներով օգտագործել իր հայեցողությամբ, առանց որևէ սահամանափակման՝ չխախտելով հեղինակների անձնական ոչ գույքային իրավունքները: 

Ստացվում է, որ Դատական դեպարտամենտը օրենքով և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության հետ կնքված պայմանագրերով կաշկանդված չէ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սպասարկման ծառայությունների մատուցման համար մրցույթ հայտարարել, սակայն մրցույթներ չեն հայտարարվում և մշտապես մեկ անձից գնումներ են կատարվում։ 

Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծառայությունը մատուցելու նպատակով այլ ընկերությունների հետ քննարկումներ եղել են, սակայն վերջիններս հայտնել են, որ ամենաքիչը 6 ամիս ժամանակ է անհրաժեշտ՝ ծրագրին ծանոթանալու, այն կառավարելու և սպասարելու համար։

«Այդ դեպքում մեր դատական համակարգը 6 ամիս կոլապսի  էր ենթարկվելու»,- ասաց Գալստյանը։

Այս համատեքստում ուշագրավ է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի՝ 2023-ի հոկտեմբերին արած  հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի:

«Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը FactorTV-ի հետ զրույցում մեկ անձից գնումներ կատարելու հանգամանքն այլ կերպ է մեկնաբանում։

«Մի շրջան կար, երբ մենք պետական մրցույթների չէինք մասնակցում: Չմասնակցեցինք, և դատական համակարգը մոտ 6-7 ամիս ամբողջությամբ կանգնել էր, ոչ ոք մրցույթների չէր մասնակցում, որովհետև շատ  ծրագրեր մենք ենք սարքել, ոչ ոք դրանից ոչինչ չէր հասկանում»։ Հարցին, թե իրենց ընկերությունն ինչո՞ւ չէր մասնակցում մրցույթներին, Արմեն Մանուկյանն ասաց՝ «չէինք ուզում»։

«Եղել է՝ մինչև 6 ամիս ծրագիրը մնացել է օդի մեջ, հետո եկան, ասացին՝ ձեր հեղինակած ծրագիրն է, դուք սպասարկեք, ու այդպես համաձայնության եկանք»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ խոսքը մոտ երկու-երեք տարի առաջվա մասին է։

Իսկ դատական համակարգի աշխատանքը, ինչպես «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունն է բնութագրում, «կանգնել է» այլ  պատճառով․ սրվել են Դատական դեպարտամենտի և ընկերության միջև հարաբերությունները, քանի որ ընկերությունը մեծ գումարներ է պահանջել ծրագրային սպասարկում իրականացնելու համար, որը Դեպարտամենտը հրաժարվել է տրամադրել։ Այս պահանջները դրվել են՝ սկսած 2021 թվականից, երբ ԲԴԽ նախագահը  Գագիկ Ջհանգիրյանն էր․ վերջինս պարբերաբար հայտարարում էր, որ աշխատանքներ են տարվում՝ համակարգչային նոր ծրագրի կազմման ու ներդրման կապակցությամբ, որը  այդպես էլ չկազմվեց և չներդրվեց, այլ մինչև այսօր Դեպարտամենտը շարունակում է նույն ընկերության հետ պայմանագրեր կնքել: Ավելին, շուրջ 1 տարի է՝ ընկերությունն ու Դեպարտամենտը դադարել են միմյանց վրա բարդել համակարգի խափանումների պատճառները: Չի բացառվում, որ սա պայմանավորած է ընկերության նոր սեփականատիրոջ անձով:

«Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության սեփականատերերը 

«Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ն ստեղծվել է 2005-ի նոյեմբերին: Այժմ ունի երկու սեփականատեր՝ Արմեն Մանուկյանն ու Միքայել Ալոյանը: Վերջինս  2022թ. դեկտեմբերին է  ընկերության 50%-ի սեփականատեր դարձել,  սակայն ընկերության երկու սեփականատերերն էլ նոր չեն բիզնես ոլորտում։

Բացի «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ-ի 50%-ը,  Արմեն Մանուկյանը 2023թ․ հունվարի 17-ին գործընկերների հետ նոր ընկերություն է ստեղծել՝ «Օմնիշնթ Գրուփ» ՍՊԸ-ն, որտեղ ունի 16.8% սեփականություն։ Ըստ հարկային մարմնի՝ «Օմնիշնթ Գրուփ» ՍՊԸ-ն իրականացնում է ծրագրային ապահովման մշակման գործունեություն։ Ուշագրավ է, որ Հարկադիր կատարման ծառայությունն ընկերության վրա կիրառել է սահմանափակումներ՝ Արմեն Մանուկյանի չկատարած պարտավորությունների համար, մեկ տարվա ընթացքում՝ երեք անգամ։

Մանուկյանը  2022-ի հունիսից նաև «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է: Այս ՀԿ-ն իշխանական հիմնադրամի հետ համագործակցային ծրագիր է իրականացրել:

«Իմ քայլը» հիմնադրամը 2019 թվականին հայտարարել էր , որ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով 2019-ի նոյեմբերին «Սիլք Նոութ» փառատոնի շրջանակներում Երևանը նոյեմբերին կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների։

Ինչ վերաբերում է  Միքայել Ալոյանին, ամբողջությամբ նրան է պատկանում 2017թ. ստեղծված «Ռեգալ Տոբակկո» ՍՊԸ-ն, որն ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության՝ իրականացրել է հագուստի մանրածախ վաճառք: Ընկերության գործունեությունն այժմ ժամանակավորապես դադարեցված է: Ալոյանը նաև 2018-ին ստեղծված «Ամերիկան Ուեյսթ Ինդուստրիս» ՍՊԸ-ի համասեփականատերերից է։ Նրան է պատկանում ընկերության 50%-ը: Ընկերությունը զբաղվում է ոչ վնասակար թափոնների հավաքման գործունեությամբ:

Միքայել Ալոյանի տան հասցեում է հաշվառված 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանու անդամ առաջադրված Միքայել Հասրաթյանը: Վերջինս Մ. Ալոյանի ազգականն է:

Հասրաթյանը 2019թ. ապրիլին հիմնված «Ֆուտզալ ֆայվ» սպորտային սիրողական միջոցառումների կազմակերպման, մասսայականացման և զարգացման ՀԿ-ի նախագահն է:

«Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության և Դատական դեպարտամենտի միջև կնքված պայմանագրերը

2021-ից մինչև 2023-ն ներառյալ  Դատական դեպարտամենտի և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության միջև կնքվել է 8 պայմանագիր՝ ընդհանուր 117 մլն 320 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։

Այս պայմանագրերով ընկերությունը պարտավորվել է ապահովել, որպեսզի Cast ծրագրի բազային տվյալները պարբերաբար և անխափան ավտոմատ փոխանցվեն «Դատալեքս» սերվեր։ Բացի դրանից՝ ընկերության պարտավորությունների մեջ նախատեսվել է իրականացնել սերվերներում տեղադրված ծրագրերի թարմացում և կարգաբերում, սերվերների հսկում, գերբեռնվածության ախտորոշում, սերվերների և սարքավորումների ծրագրային ապահովում։

Պայմանագրերի համաձայն՝ 

2021 թվականից սկսած, սակայն, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում ու «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում պարբերաբար խափանումներ են առաջացել։ Օրինակ՝ 2023-ի նոյեմբերին Cast համակարգի հերթական խափանումից հետո դատավորներն ու նրանց աշխատակազմերը տևական ժամանակ չէին կարողանում դատական ակտեր տեղադրել «Դատալեքսում»։ Դրա պատճառով ուշանում էին դատական ակտերի հրապարակումները, իսկ գործերի վերաբերյալ թարմացումներ չէին կատարվում: 2021-ին էլ մի քանի ամիս «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հնարավոր չէր նոր գործեր տեղադրել։ Այս խափանումների փաստն արձանագրել են ոչ միայն համակարգից օգտվողները, այլև Բարձրագույն դատական խորհուրդը։

Խափանումների հանգամանքն արձանագրվել է նաև Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի միջև 2022 թվականին կնքված համագործակցության պայմանագրով։

Այս պայմանագրում նշվում է. 

«Հաշվի առնելով, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հաճախակի առաջանում են տեխնիկական խափանումներ, համակարգի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ են հստակ տեսլականներ, այդ թվում՝ հստակեցնել «Դատալեքսի» սպասարկման և տեխնիկական խափանումների հնարավորինս բացառման հետ կապված գործառույթներն ու պատասխանատուներին։

Բացի դրանից՝ Factor.am-ը գրել է, որ Հակակոռուպցիոն դատարանում գործերի բաշխման ծրագրի գործելուց ավելի քան 1 տարի անց են դրանք տեսանելի դարձել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, մինչև այս պահը չի գործում նաև Հակակոռուպցիոն դատարանի  նիստերի ժամանակացույցը,  ինչը ևս պայմանագրային պարտավորությունների խախտում է։

Չնայած վերը նշված հանգամանքներին՝ Դատական դեպարտամենտը հանդուրժել է այս վարքագիծը:

Նշենք, որ ըստ պայմանագրերի՝ Դատական դեպարտամենտը կարող է ծառայությունների մատուցման  ժամկետները խախտելու համար  յուրաքանչյուր աշխատանքային օրվա դիմաց մատուցման ենթակա ծառայության գնի 0․05%-ի չափով տույժ-տուգանքներ կիրառել ընկերության նկատմամբ:

Ավելին՝

Դատական դեպարտամենտ ուղարկված գրավոր հարցմամբ փորձել ենք պարզել՝ ինչո՞ւ ընկերության նկատմամբ տույժ-տուգանքներ չեն կիրառվել։ Դեպարտամենտից հայտնել են, որ թեև տույժ-տուգանքներ չեն կիրառվել, սակայն ծառայությունների այն մասի համար, որը տվյալ տարվա ավարտին ընկերության կողմից չի մատուցվել, վճարում չի կատարվել։ 

«Հաշվի առնելով չմատուցված ծառայությունների կարևորությունը՝ տվյալ  ծառայությունը նախատեսվել է ընկերության հետ հաջորդող տարում կնքվելիք պայմանագրերում»,- հայտնել են Դատական դեպարտամենտից:

Այս պատասխանից հետո երկրորդ հարցումն ենք ուղարկել Դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել, թե ընկերությունը պայմանագրերով ստանձնած ո՞ր պարտավորությունները ժամկետում չի կատարել։ Ի պատասխան հայտնել են, որ ընկերությունը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ բացառությամբ մեկի․  չի ստեղծվել  դատական վիճակագրական համակարգը, որը դատական վիճակագրություններ վարելու գործիք է։ Այս  պատասխանից ստացվում  է, որ համակարգի ստեղծումը պետք է նախատեսվեր ընկերության հետ կնքած մյուս պայմանագրերում, սակայն պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նման բան չի նախատեսվել։

Մեզ հետ զրույցում ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանն, անդրադառնալով պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելուն, չհերքեց, որ  օրինակ, Հակակոռուպցիոն գործերը «Դատալեքս»-ում ուշ են տեսանելի դարձել,  սակայն նշեց, որ դա պայմանավորված է եղել տեխնիկական խնդիրներով: Ըստ նրա՝ միշտ չէ, որ առաջացած խնդիրների պատասխանատուն իրենք են։

«Կա տվյալների կենտրոն, կան կապուղիներ, որոնք մեզնից անկախ են: «Մեյսիսը» միայն ծրագրային սպասարկումներ է իրականացնում, այսինքն՝ մենք մեր մասը կարող ենք անել, բայց կապուղիների, տվյալների կենտրոնի, սերվերների ռեսուրսների հետ կապված խնդիր առաջանա։ Հազար խնդիր է առաջանում»,- ասաց Մանուկյանը:

Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի  Գալստյանը ևս հայտնում է, որ խափանումները կարող են տարբեր պատճառներով լինել՝ չհստակեցնելով պատասխանատուներին: Փաստացի՝ Դեպարտամենտը խուսափում է սպասարկող ընկերության թերացումների մասին նշել:

Այսպիսով՝ Դատական դեպարտամենտը տարիներ շարունակ մեծ գումարներով պայմանագրեր է կնքում «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի անխափան աշխատանքն ապահովելու համար, և չնայած համակարգի պարբերական խափանումներին՝ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար: Սպասարկման համար Դատական դեպարտամենտը մրցույթներ չի հայտարարում, այն շարունակում է իրականացնել «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունը, և հայտնի չէ, թե այս ընկերությունն առաջիկայում ինչ նոր պայմաններ կարող է թելադրել պետությանը:

Արաքս  Մամուլյան