Հակակոռուպցիոն դատարանում քննվող  մի շարք աղմկահարույց գործեր մակագրվել են ձեռքով, չնայած համակարգչային բաշխման օրենքի պահանջին

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան։ Այս և այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործերը Հակակոռուպցիոն դատարանում ոչ թե համակարգչային  ծրագրով, այլ ձեռքով, այսինքն՝ դատարանի նախագահի կողմից են մակագրվել։ Ընդհանուր առմամբ, Հակակոռուպցիոն դատարանի գործելուց` 2022 թվականի օգոստոսից  ի վեր 174 քրեական և 41 քաղաքացիական գործ ոչ թե համակարգչային եղանակով, այլ դատարանի նախագահի կողմից է մակագրվել` չնայած օրենքի պահանջին, որ գործերը համակարգչային ծրագրի միջոցով պետք է բաշխվեն։

Factor TV-ն պարզել է, թե ինչն է եղել գործերը ձեռքով մակագրելու պատճառը, ինչ ռիսկեր է պարունակում ձեռքով մակագրումը և ինչ աղմկահարույց,  քաղաքական հնչեղություն ստացած գործեր են մակագրվել ոչ համակարգչային եղանակով:


Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկին առկա չի եղել գործերի համակարգչային բաշխման ծրագիր

2019 թվականի հոկտեմբերին Հայաստանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարություն, որով նախատեսվում էր կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված մարմինների, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում։

«Կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվում է հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը  պետք է օգտվի բավարար մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներից, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ,  բազմակողմանի և արդյունավետ լուծմանը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանը` խթանելով դրա զարգացումը»,- գրված էր 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության մեջ:

Ի կատարումն այս ռազմավարության՝ ստեղծվեցին Հակակոռուպցիոն կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ 2021-ի ապրիլին Ազգային ժողովն ընդունեց Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը: 2022 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 8-ը նշանակվեցին կոռուպցիոն գործեր քննող դատավորները։ Օգոստոսի 8-ից Հակակոռուպցիոն դատարանը սկսեց  գործել: Այսինքն՝ արդեն 1,5 տարի է՝ մասնագիտացված դատարանը լիարժեք գործում է:

Չնայած օրենքի այն պահանջին, որ գործերը դատարաններում պետք է համակարգչային ծրագրի միջոցով մակագրվեն, դրանք սկզբնական շրջանում դատարանի նախագահի պաշտոնակատար Արամ Գրիգորյանի կողմից, այսինքն՝ ձեռքով են մակագրվել: Պատճառը Հակակոռուպցիոն դատարանում գործերի՝ համակարգչային եղանակով մակագրման հնարավորության բացակայությունն էր։

«Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը, որի միջոցով իրականացվում է գործերի համակարգչային բաշխումը, սպասարկում է «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ն: Ուսումնասիրել ենք այս ընկերության և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի միջև 2021 թվականից մինչև 2023-ի տարեվերջ կնքված պայմանագրերը: Պարզել ենք, որ Դատական դեպարտամենտը Հակակոռուպցիոն դատարանում գործերի բաշխման ու վերաբաշխման ավտոմատ համակարգ մշակելու պատվեր ընկերությանն առաջին անգամ տվել է  2022 թվականի  օգոստոսի 29-ին:

Ստացվում է՝ թեև 2021 թվականին հայտնի էր, որ ստեղծվելու է Հակակոռուպցիոն դատարան, դրա  գործունեության մեկնարկի պահին՝ 2022-ի օգոստոսի 8-ին, դեռևս մշակված չէր գործերի էլեկտրոնային բաշխման ծրագիր:

Համակարգչային մակագրումը՝ օրենքի պահանջ

Դատական օրենսգրքով սահմանվում է, որ դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում, կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության հիման վրա։ Գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի  մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելը,  ծրագիրը գործարկելը և սպասարկելն ապահովում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Օրենսդիրը համակարգչային ծրագրի ներդրման միջոցով նպատակ է հետապնդում չեզոքացնել մակագրման գործընթացում մարդկային գործոնի առկայությունը, և միայն մեկ բացառություն է նախատեսում, երբ գործերի բաշխումը կարող է ոչ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվել․ եթե առկա է անհաղթահարելի ուժ։

Մասնավորապես, Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե  անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը, ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:

Միջազգային իրավունքում անհաղթահարելի ուժի առկայություն է համարվում այնպիսի արտակարգ իրադարձությունների ի հայտ գալը,  որոնք կախված չեն մարդկանց կամքից, գործում են օբյեկտիվորեն, չեն կարող կանխատեսվել կամ կարող են կանխատեսվել, բայց չեն կարող կանխվել և վերացվել։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանն անսպասելիորեն և մարդու կամքից անկախ հանգամանքներում չէր ստեղծվել, ուստի պետությունը պարտավոր էր նախապես քայլեր ձեռնարկել, որպեսզի այս դատարանում գործերի բաշխումն ի սկզբանե համակարգչային ծրագրի միջոցով իրականացվի, ինչը, փաստորեն, չի արվել:

Արդարադատության նախարարություն ուղարկված հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ նախարարությունը պարտավորություն ունե՞ր մինչև Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկը գործերի համակարգչային եղանակով բաշխումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու,  թե՞ դա Դատական դեպարտամենտի տիրույթում էր։ Հարցին ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնել են, որ նախարարությունը պարտավորություն ուներ համակարգի բարելավման առումով, որն իրականացվել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված ժամկետներում:

«Մակագրման հետ կապված մնացյալ հարցերը Դատական դեպարտամենտի տիրույթում են»,- հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Դատական դեպարտամենտն էլ, փաստորեն, դատարանի գործունեթյան մեկնարկից ավելի քան 20 օր անց է միայն պատվիրել այդպիսի համակարգի մշակումը: Այդ պայմաններում ակնհայտ էր, որ ծրագիրը 1-2 օրերի ընթացքում չէր գրվելու, ժամանակ էր անհրաժեշտ, ինչը խոչընդոտ էր ստեղծելու համակարգչային եղանակով մակագրման համար՝ մեծացնելով մարդկային գործոնով պայմանավորված ռիսկերը:

Մեր հարցին, թե ի՞նչն է եղել պատճառը, որ նախապես քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի դատարանի գործունեության մեկնարկի պահին արդեն գործի համակարգչային բաշխման ծրագիրը, Դատական դեպարտամենտից հայտնեցին, որ գործընթացը երկար է տևել, քանի որ Դատական դեպարտամենտը «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության հետ բանակցություններ է վարել, նրանք ծրագիր են գրել, փորձարկվել է, և միայն այն բանից հետո, երբ փորձարկման արդյունքը դրական է եղել, ընկերության հետ պայմանագիր է կնքվել։

Այսինքն՝ ստացվում է, որ Դատական դեպարտամենտը պատշաճ քայլեր չի ձեռնարկել՝ ժամանակին ծրագիր ունենալու և մակագրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված  ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ։

 

Աղմկահարույց քրեական գործերը Հակակոռուպցիոն դատարանում ձեռքով են մակագրվել


Հակակոռուպցիոն  դատարանում քննության են ենթակա պետության շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քաղաքացիական գործերը և կոռուպցիոն բնույթ ունեցող քրեական  գործերը: Երբ Հակակոռուպցիոն դատարանը սկսեց գործել, Հայաստանի այլ դատարաններում արդեն իսկ քննվում էին կոռուպցիոն բնույթ ունեցող մի շարք քրեական գործեր, որոնց մի մասն ուղարկվեց նորաստեղծ դատարան: Օրենքի համաձայն՝  դատարաններում գտնվող բոլոր գործերը չէ, որ պետք է ուղարկվեին Հակակոռուպցիոն դատարան, այլ միայն նրանք, որոնք չէին մտել դատաքննության փուլ:

2022 թվականի օգոստոսի 29-ին Դատական դեպարտամենտի և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել է Հակակոռուպցիոն դատարանի ծրագրի, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքացիական և հակակոռուպցիոն քրեական գործերի ավտոմատ բաշխման/վերաբաշխման մեխանիզմի ստեղծումն ու ծրագրի լիարժեք շահագործումն ապահովել մինչև ընթացիկ տարվա  ավարտ, սակայն դատաքննության փուլ չհասած գործերը սկսեցին Հակակոռուպցիոն դատարան ուղարկվել արդեն օգոստոսից, և ստացված գործերը սկսեցին մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատարի կողմից՝ ձեռքով:

Դատական դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ գործերի ավտոմատ բաշխման համակարգը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում սկսել է գործարկվել 2022 թվականի նոյեմբերի 14-ից, իսկ Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ նույն տարվա դեկտեմբերի 19-ից։

Դատական դեպարտամենտ ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե դատարանի աշխատանքների մեկնարկի պահից մինչև գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի գործարկումը քանի՞ գործ է դատարանի նախագահի կողմից մակագրվել։

Ըստ պատասխանի՝ մինչև բաշխման համակարգի գործարկումը 41 քաղաքացիական և 174 քրեական գործ մակագրվել է դատարանի նախագահի կողմից։

Ուսումնասիրել ենք այս ժամանակահատվածում Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործերը: Ըստ ուսումնասիրության՝ այս ժամանակահատվածում են Հակակոռուպցիոն դատարան ուղարկվել պաշտպանության նախկին նախարար  Դավիթ Տոնոյանի, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, նախկին ոստիկանապետ  Վլադիմիր  Գասպարյանի,  Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոսյանի և այլոց գործերը։

Հատկանշական է, որ այս գործերի մի մասը, օրինակ՝ Աղվան Հովսեփյանի, Ռուբեն Վարդազարյանի գործերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ևս ձեռքով էին մակագրվել՝ այլ պատճառաբանությամբ,  և պաշտպանները տևական ժամանակ վիճարկում էին հարցը, որ դրանք օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից չեն քննվում: Ստացվում է՝ այս գործերը նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան ուղարկվելուց հետո ևս համակարգչային ծրագրի միջոցով չմակագրվեցին։

Այս դատական գործերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ, օրինակ,  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դարձած, նախկին դատախազ Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննված քրեական գործերից մեկով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ գործն օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից չի քննվում, այն դատավորին մակագրվել է ձեռքով։ (Տես՝ ՀԿԴ/0010/01/22 քրեական գործը): 


Դատավոր Վահե Դոլմազյանը, մինչև դատավոր ընտրվելը, որպես դատախազ ներգրավված է եղել քաղաքական հնչերանգ ունեցող մի շարք գործերով։ Օրինակ՝ եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատախազը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի որոշման դեմ  բողոքով քննությանն է որպես դատախազ մասնակցել, ինչպես նաև Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով է դատախազ եղել։

Այժմ դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում են քննվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի, ՀՀԿ փոխնախաագահ Արմեն Աշոտյանի, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և մի շարք այլ գործեր։

Պաշտպան Հունան Բաբայանը դատավոր Վահե Դոլմազյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ նշել է, որ գործի մակագրումը կատարվել է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ։ Նրա դիտարկմամբ՝ նախ գործերի բաշխման ընդհանուր՝ էլեկտրոնային մակագրման սկզբունքից շեղումը հիմնավորված չէ, բացի այդ, ակնհայտ է, որ չեն պահպանվել գործի ձեռքով մակագրման պայմանները։ Ըստ պաշտպանի՝ այս  գործի քննության շրջանակում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ դատարանը չի կարող հանդիսանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։

«Օրենքի հիման վրա ստեղծված» արտահայտությունն առնչվում է ոչ միայն «դատարանի» գոյության իրավական հիմքերին, այլև ամեն առանձին գործով դատարանի կազմին։ «Օրենքի հիման վրա ստեղծված» հասկացության նպատակն է ապահովել, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանակազմությունը կախված չլինի գործադիրի հայեցողությունից, այլ կարգավորված լինի օրենքով, որն ընդունվել է օրենսդրի կողմից… այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացվող պահանջներն ապահովված չեն, խաթարվում է օրինականության սկզբունքը՝ անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առջև կանգնելու իրավունքից»,- ՄԻԵԴ որոշումներին, ՀՀ ՄԻՊ զեկույցին, ներպետական օրենսդրության դրույթներին հղում կատարելով՝ միջնորդության մեջ նշել է Հունան Բաբայանը։

Դատավոր Վահե Դոլմազյանը, սակայն, մերժել է միջնորդությունն ու շարունակել  այս գործի քննությունը:

Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերին, ապա բաշխման համակարգչային ծրագրի բացակայության պայմաններում են Հակակոռուպցիոն դատարան ուղարկվել և մակագրվել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, վերջինիս անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ  Խաչատրյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերը։

Խախտվել է Հակակոռուպցիոն դատարանում գործերի հրապարակայնության սկզբունքը

 

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը, իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից դեռևս 2021 թվականի փետրվարին ընդունած որոշմամբ առկա է Դատական իշխանության կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկ, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի։ Ըստ այս ցանկի՝ քաղաքացիական գործերով հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը հասնում է շուրջ 4 տասնյակի, իսկ քրեական գործերով՝ 2 տասնյակի։ Հրապարակման ենթակա տեղեկությունների մեջ մտնում են նաև գործերի մակագրման, վերամակագրման, ստացման եղանակի, ինքնաբացարկի, բացարկի վերաբերյալ կայացված որոշումների մասին և այլ տեղեկություններ:

Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում առկա է «էլեկտրոնային արդարադատություն» պատուհանը, որը տանում է դեպի «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգ: Հենց այս հարթակի միջոցով են հրապարակվում պարտադիր հրապարակման ենթակա դատական ակտերն ու որոշումները:

2023 հունվարի 3-ին Դատական դեպարտամենտի և «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ ընկերությունը պետք է ապահովեր «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար և անխափան  փոխանցումը «Դատալեքս»  դատական-տեղեկատվական համակարգի սերվեր:

Սակայն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Հակակոռուպցիոն քրեական և Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի պատուհանները տեսանելի են դարձել դատարանի գործելուց ավելի քան մեկ տարի անց միայն՝ 2023-ի հոկտեմբերին:

Մինչ այդ Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում  հրապարակվել են միայն Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի նիստերի օրերն ու ժամը, տեղեկություն այն մասին, թե որ դատավորի վարույթում և դատական նիստերի որ դահլիճում են քննվելու գործերը, դրանք դռնբաց են, թե՞ դռնփակ, ինչպես նաև գործով եզրափակիչ դատական ակտերը, որը չի կարող համարվել հրապարակայնության սկզբունքի լիարժեք ապահովում:

Ավելին, անգամ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հակակոռուպցիոն գործերի ենթաբաժինների ստեղծումից հետո այն ամբողջ ծավալով գործարկված չէ։ Օրինակ՝ չի աշխատում հակակոռուպցիոն գործերի նիստերի ժամանակացույցը:

Ստացվում է՝ Հակակոռուպցիոն դատարանում գործերի էլեկտրոնային բաշխման/վերաբաշխման հնարավորությունը ստեղծվել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծվելուց 3-4 ամիս անց՝ այսպիսով  կասկածի տակ դնելով այստեղ քննվող գործերի՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից քննվելու հանգամանքը, իսկ  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում այդ գործերը շատ ավելի ուշ են սկսել տեսանելի լինել՝ շուրջ 14 ամիս անց, ինչի հետևանքով տևական ժամանակ խախտվել է այս գործերի հրապարակայնության սկզբունքը:  

 

Արաքս Մամուլյան