«Զղջացել եմ խախտումներ թույլ տալու համար»․ Մնացական Մարտիրոսյան
Հասարակություն
28.12.2022 | 20:49Google որոնողական համակարգում եթե փնտրում իրականացնեք «իշխանությունների սրտի դատավոր» արտահայտությամբ, կգտնեք Մնացական Մարտիրոսյանին առնչվող բազմաթիվ հրապարակումներ։ Ընդ որում՝ հատկանշական է այն հանգամանքը, որ դատավոր Մարտիրոսյանին այդպես էին կոչում թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք․․․
Արդյո՞ք Մնացական Մարտիրոսյանն իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ ասելիք չունի․ Factor.am-ը դեկտեմբերի 16-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովից առաջ փորձեց Մարտիրոսյանից պարզաբանումներ ստանալ այդ քննադատության, իշխանափոխությունից հետո որպես դատավոր պաշտոնավարելու, առաջխաղացման և այլ հարցերի վերաբերյալ:
Դատավոր Մարտիրոսյանը հարցերին բանավոր չպատասխանեց, բայց խոստացավ դա անել գրավոր։ Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել դատավորին և ստացել է պարզաբանումներ:
Այսպես՝ 2020 թվականի մայիսի 20-ին՝ այն օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ՀՀ բոլոր դատարանների մուտքերն արգելափակվել էին, Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված, քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ Այդպիսի խախտումներ թույլ տված դատավորներից առավել քննարկվածը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերով բազմաթիվ մեղադրական դատավճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանն էր։
Գրավոր հարցմամբ դատավորից փորձել էինք պարզել՝ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նրան երբևէ առաջարկվե՞լ է հրաժարական տալ, հեռանալ պաշտոնից կամ արդյոք երբևէ հայտնե՞լ են, որ հեռացվելու է։ Նաև հարցրել էինք, թե երբևէ դատավորին առաջարկվե՞լ է որևէ նախապայմանով շարունակել պաշտոնավարել որպես դատավոր։ Մարտիրոսյանը նշել է, որ նման առաջարկներ չի ստացել։
2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը Մնացական Մարտիրոսյանին ընտրեց՝ որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու։ Այս ընտրությունը բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ, հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով, որպեսզի Հանրապետության նախագահը Մարտիրոսյանին չնշանակի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունն առարկություններով, վերադարձնի Բարձրագույն դատական խորհրդին։ ՀԿ ներկայացուցիչները հիշեցնում էին Մնացական Մարտիրոսյանի դատական ակտերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած խախտումներն ու նշում, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը, որ նման ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։
Դատավորին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ իր համար սպասելի՞ էր, որ հասարակության քննադատության ու ՄԻԵԴ վճիռների առկայության պայմաններում կընդգրկվի Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցանկում։ Խնդրել էինք հայտնել նաև՝ դատավորի համար պա՞րզ է, թե ինչու է հանրությունն այդպես ընդդիմանում ու քննադատում իրեն, ըստ դատավորի՝ ինչո՞ւ է վերջինս դատավոր աշխատելու գրեթե ամբողջ ժամանակահատվածում և բոլոր իշխանությունների օրոք պիտակավորվել՝ որպես «իշխանությունների սրտի դատավոր»։
«Ես ձգտել եմ ընդգրկվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկում՝ անկախ մամուլի հրապարակումներից ու դատական ակտերի բեկանումներից։ Ինձ համար սպասելի են եղել կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ հնարավոր քննադատությունները։ Ինձ համար պարզ է, որ քննադատությունների հեղինակներն, օգտվելով կարծիք արտահայտելու իրենց իրավունքից, ներկայացնում են դրանք»,- գրել է դատավոր Մարտիրոսյանը։
Վերջինս նաև նշել է որ իրեն հայտնի դարձած քննադատություններին վերաբերում է ըմբռնումով՝ «երբեմն նաև արձանագրելով, որ քննադատողն իրականում ծանոթ չէ խնդրին, կարծիքը ձևավորել է դեղին մամուլում տեղ գտած և իրականությանը չհամապատասխանող հրապարակումների ազդեցության տակ»։
Հարցին՝ երբևէ զղջացե՞լ եք Ձեր կայացրած դատական ակտերից որևէ մեկի համար, դատավորը պատասխանել է, որ զղջացել է։
«Իմ կողմից կայացված այն դատական ակտերով, որոնցով էական խախտումներ են արձանագրվել և այդ պատճառով դրանք բեկանվել են, իհարկե, զղջացել եմ խախտումները թույլ տալու համար»,- գրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Բարձրագույն դատական խորհրդի կայքում տեղադրված են դատավոր Մնացական Մարտիրոսյանի կարգապահական վարույթի նյութերը։ Դրանցից պարզ է դառնում, որ Արդարադատության նախարարությունը, հղում կատարելով «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով» ՄԻԵԴ վճռին, նշել է, որ դատավոր Մարտիրոսյանը, փորձագիտական եզրակացությունից տեղյակ լինելով Վարդան Ջհանգիրյանի՝ ծանր հիվանդություն ունենալու և խիստ անկողնային ռեժիմում
գտնվելու հանգամանքի մասին, կայացրել է նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշում, որ առկա է դատավորի անտարբեր վերաբերմունքը դիմումատուի առողջական վիճակի նկատմամբ։
Դատավորի վերաբերյալ այս կարգապահական վարույթը ԲԴԽ-ն առանց քննության է թողել, քանի որ օրենքով սահմանված եռամսյա ժամկետում չի հասցրել այն քննել։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված եռամսյա ժամկետը լրացել է նոյեմբերի 2-ին, դրանից առաջ՝ հոկտեմբերի 27-ին նշանակված նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի ներկայացել, նրա ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը նույն օրը Դատական դեպարտամենտ է մուտքագրել դիմում՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, այն հիմնավորմամբ, որ դատավոր Մարտիրոսյանը առողջական խնդիրներ ունի, բժշկական հետազոտություններ է անցնում և չի կարող ներկա գտնվել նիստին։
Դատավորին հարցրել ենք՝ եթե համարում է, որ ինքը կարող էր առողջական խնդրով պայմանավորված՝ չներկայանալ իր վերաբերյալ կարգապահական վարույթի քննությանը, ապա ինչո՞ւ է տարիներ առաջ Վարդան Ջհանգիրյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում որոշում կայացրել նրան բերման ենթարկելու մասին։
«Նշված հանգամանքները, մեղմ ասած, չեն բխում վերաբերելի նյութերում առկա փաստերից, ուստի դրանք մեկնաբանելու և դրանց վրա հիմնված որևէ հարցի պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- գրել է դատավոր Մարտիրոսյանը։
Արաքս Մամուլյան