Բացասման բացասման օրենքը live կամ մերժվածների կողմից մերժված նախագծի վերակենդանացումը

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

«Մեր գլխավոր ձախողումը կապված էր բարեփոխիչների հռետորաբանության և նրանց իրական գործողությունների հետ: … Եվ ինչպես ինձ է թվում, Ռուսաստանի ղեկավարությունը գերազանցեց կապիտալիզմի վերաբերյալ մարքսիստների ամենաֆանտաստիկ պատկերացումները. նրանք համարեցին, որ պետության գործը կապիտալիստների նեղ շրջանակին ծառայելն ու նրանց գրպանը ինչքան հնարավոր է շատ և ինչքան հնարավոր է արագ փող մղելն է: Դա շոկային թերապիա չէ: Դա չարամիտ, կանխամտածված, լավ ծրագրավորված գործողություն է, որի նպատակը մարդկանց նեղ շահերի հիման վրա հարստության լայնածավալ վերաբաշխումն է»։ Սրանք 1991-94թթ. Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի տնտեսական խորհրդականների թիմի ղեկավար Ռուսաստանում իրականացված «շոկային թերապիայի» հեղինակ, Հարվարդից դոկտորի աստիճան ստացած, Կոլումբիայի համալսարանում տնտեսագիտություն դասավանդող Ջեֆրի Սաքսի խոսքերն են (սեփական թարգմանություն):

Ամենայն հավանականությամբ 1990-ականների սկզբին առաջին բարեփոխումները նախաձեռնած երիտասարդ գործիչները շատ սխալներ են թույլ տվել: Փոփոխությունները շատ մասշտաբային էին, իսկ սովետական և արտասահմանյան բուհերում ոչ պլանային տնտեսությունից ազատ շուկայականի, ոչ էլ տոտալիտար համակարգից ժողովրդավարականին անցնցում անցում չէին դասավանդում: Ամեն ինչ նոր էր և անորոշ, ու հետխորհրդային մի շարք հանրապետությունների ղեկավարների ամենօրյա աշխատանքի հիմնական նպատակը սովը և քաղաքացիական պատերազմը կանխելն էր: 25-30 տարի է անցել և կուտակված փորձը պետք է որ հետագա սոցիալական և տնտեսական ցնցումներից խուսափելու լուծումներ առաջարկեր: Թվում է, անցած երկու տասնամյակում ՀՀ կառավարությունները ամեն ինչ փորձարկել էին, մշտապես ու պարբերաբար փոփոխություններ էին կատարել օրենքներում:

Սակայն 2019թ. կիսվել է, իսկ մենք, կարծես, մաքուր սպիտակ թուղթը դեմներս դրած՝ փորձում ենք մեր կյանքը նոր էջից սկսել՝ հերքելով անցյալն ու վերջին 25-30 տարիների կուտակված փորձը: Մի կողմից հուսադրող է, որ «բացասման բացասման» հեգելյան օրենքի համաձայն, չնայած բոլոր վայրիվերումներին, պարուրաձև և հակասական բնույթին, զարգացումն իր հիմնական ուղղությամբ վերընթաց է: Սակայն ցավ ես ապրում այն իրողության գիտակցումից, որ անցյալում կուտակված փորձն այլ մարդկանց կողմից անտեսվելու պատճառով անցյալը ևս մեկ անգամ պետք է վերապրես, քանի որ հանրային օրակարգ է բերվել մի նախագիծ, որ մերժված իշխանության կողմից մերժվել էր սոցիալական նկատառումներով:

Հավանաբար իշխանությունն առաջանորդվում է այն տրամաբանությամբ, որ եթե նախագիծը մերժվել է հանրության լայն շրջանակների կողմից մերժված իշխանության կողմից, ապա ուրեմն այն լավն է: Հավանաբար գործող իշխանությունը մերժելով հինը՝ փորձում է հնից վերցնել իր կարծիքով «դրականը»: Իսկ միգուցե նախորդ իշխանությունը հրաժարվել է նախագիծն առաջ մղել, քանի որ մերժվելու վտանգ է զգացել: Այսինքն, չի բացառվում, որ եթե նախորդ իշխանությունը չմերժեր համահարթի գաղափարը, ապա սոցիալական անարդարության զգացողությունը կսրվեր ոչ թե 2018թ., այլ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ: Օրենսգրքի փոփոխության և հանրային դժգոհության կապն ուղղակի չէ, և հանրության լայն շրջանակները օրենքի ընդունման դեմ բողոքելու համար փողոց դուրս չեն գալու: Սակայն եթե առաջիկա տարիներին կառավարությանը չհաջողվի արմատական փոփոխություններ կատարել կրթության, առողջապահության, ճանապարհաշինության, հասարակական տրանսպորտի և այլ այնպիսի ոլորտներում, որոնց հետ հասարակությունը առնչվում է ամեն օր, և որոնցում փոփոխություններ կատարելու համար խոշոր հանրային ներդրումներ են հարկավոր, ապա հանրությանը չի հետաքրքրելու՝ արդյոք դրանք պետակա՞ն, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ոլորտում են: Հանրությունը մեղադրելու է իշխանությանը և իր դժգոհությունն է արտահայտելու այդ ծառայությունների հասանելիության հետ կապված, ինչից փորձելու է օգտվել ընդիմությունը: Հանրությանը չի հետաքրքրելու, թե ինչու այդ ծառայությունների շահառուների ավելացման կամ դրանց որակի բարելավման համար գումարները չեն բավարարում: 2018թ. արմատական փոփոխությունների հիմնական կարգախոսներն արտացոլում էին սոցիալական անարդարության, կոռուպցիայի և թալանի հետ կապված դժգոհությունները և հարկային օրենսգրքի ԱԺ կողմից կատարվող այս արմատական փոփոխությունը այդ հարցերի հետ կապված բարելավումներ չի առաջարկում:

105 տարի է անցել, ինչ Թումանյանի մանկության ընկեր, հեքիաթ ասող, մաքուր ու միամիտ Նեսոյի կյանքն այլ կերպ դասավորվեց, քանի որ նա չկարողացավ կրթություն ստանալ: Մեր օրերում հանրակրթությունում ընդգրկվածությունը շարունակում է խնդրահարույց լինել: Մի շարք համայնքներում երեխաները հաճախում են աղետալի շենքային պայմաններ ունեցող դպրոցներ, դպրոցների մի զգալի մասի լաբորատորիաները բավարար կահավորված չեն, ուսուցիչները ստանում են ամսական մի քանի տասնյակ հազար դրամ աշխատավարձ, իսկ ՀՀ կառավարությունը որոշել է հօգուտ ամենաբարձր եկամուտ ունեցող քաղաքացիների հրաժարվել բյուջեի մի քանի տասնյակ միլիարդ դրամ եկամուտից:

Եթե կառավարությունը հանրային ծառայությունների ֆինանսավորումը պահի այսօրվա մակարդակում, ապա եկամուտների ծրագրավորվող անկման պայմաններում ստիպված է լինելու ավելացնել բյուջեի պակասուրդը և պետական պարտքը: Այլընտրանքը հանրային ծառայությունների ֆինանսավորման մակարդակի իջեցումն է, ինչը կարծես թե ծրագրավորում է կառավարությունը, քանի որ պատրասվում է ծախսերը 2019թ. համար նախատեսված ՀՆԱ 25.2%-ից 2020թ. իջեցնել մինչև 24.9%, իսկ 2021թ.՝ 24.7%: Հավանականությունը, որ կառավարութունը կբարելավի Նեսոներին մատուցվող կրթական, առողջապահական և այլ ծառայությունների քանակն ու որակը, նվազում է:

ՀՀ պաշտոնյաները պարբերաբար խոսում են ԵՄ-ից, ԱՄՆ-ից և այլ երկրներից օժանդակություն ստանալու մասին, սակայն չեն պարզաբանում, թե ինչու պետք է իր բարձր եկամուտներից 37% հարկ վճարող ամերիկացին, 45% վճարող գերմանացին կամ ֆրանսիացին, 50% վճարող բելգիացին, 52% վճարող հոլանդացին ցանկանա օգնել իր բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներից 20% հարկ գանձող ՀՀ կառավարությանը: Չեն պարզաբանում, թե որ հարկերի դրույքաչափերն են բարձրացնելու, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային առևտրի ծավալների, էներգակիրների կամ պղնձի գների անկման պատճառով տնտեսական խնդիրներ առերեսող երկրներին առաջարկի առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ներքին ռեսուրսները:

Եկամտային հարկի հավաքագրումների վերջին տարիների ցուցանիշները տպավորիչ էին և գերազանցում էին ՀՆԱ 6%, այն դեպքում, երբ համադրելի երկրներում այն կազմում է 3.5%: Համադրելի երկրները նաև ՀՆԱ գրեթե 9% հասնող սոցիալական ապահովության վճարներ են հավաքագրում: Փոխանակ եկամտային հարկի համակարգն ավելի կատարելագործելու և նրա պրոգրեսիվությունը բարելավելու, կառավարությունը գնում է եկամտի այդ տեսակի մի մասից հրաժարվելու ճանապարհով:

Պրոգրեսիվից համահարթ հարկման անցնելու դեպքում սոցիալական արդարության հետ կապված խնդիրների մասին այս օրերին շատ է նշվել և ավելի քիչ ուշադրություն է դարձվել տնտեսական ռիսկերի կառավարմանը: Կառավարությունը խոսում է ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում հավակնոտ ծրագրերի մասին, սակայն հրաժարվում է եկամուտներից ու դիտարկում նոր պարտք ներգրավելու անհրաժեշտությունը, երբ պարզից պարզ է, որ պարտքի սպասարկման հետ կապված ծախսերն առաջիկա տարիներին բեռ են դառնալու պետական բյուջեի համար: Պետական պաշտոնյաները հաճախ նշում են, որ բարձր եկամուտ ունեցողները աշխատավարձի մի մասն ստանում են ծրարով (հատկապես հիշատակում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը), սակայն չեն բերում մեկ օրինակ, որ հարկային մարմիններն այդպիսի դեպք արձանագրած լինեն: Ո՞ւր մնաց փաստերի վրա հիմնված քաղաքականությունը:

Դեռ մայիսի 11-ին նշել էի, որ այդ մի քանի տասնյակ միլիարդ դրամն այն ամրության բարձիկն է, որ Հայաստանին թույլ կտա մեղմել արտաքին աշխարհից եկող հնարավոր տնտեսական հարվածների հետևանքները, սակայն ԱԺ-ում ծավալվող քննարկումներում տնտեսական անվտանգության խնդիրը կարծես չի անհանգստացնում ժողովրդի ներկայացուցիչների մեծ մասին: Մեր ժամանակների հերոսներին իռացիոնալ առատության կենսակերպի մղելը չի լավացնելու Նեսոյի ու նրա ընկերների կյանքը: Սակայն աշխարհի առաջատար մի շարք երկրներում պետական պարտքի բարձր մակարդակի պայմաններում առևտրային պատերազմներն ու անջատողական տրամադրություները կարող են վտանգել համաշխարհային տնտեսության կայունությունը, ինչին ՀՀ տնտեսությունը պետք է պատրաստ լինի:

Եթե ՀՀ կառավարությունն ԱԺ պատգամավորներին ասել է, թե այս փոփոխությունների արդյունքում որքան կավելանան ՀՀ տնտեսությունում ներդրումներն ու արտահանումը, որքանով կկրճատվի ստվերային տնտեսությունը և հավաստիացրել է, որ բյուջեն կֆինանսավորի կառավարության բոլոր հավակնոտ ծրագրերն ու առանց դժվարության կսպասարկի պետական պարտքը, ապա, իհարկե, պատգամավորները պարտավոր են քվեարկել համահարթի օգտին: Եթե ազատական գաղափարներ դավանող, արևմտյան կրթություն ստացած պատգամավորները կառավարությանն ու իրենք իրենց չեն տվել այդ և այլ կարևորագույն հարցերը և առանց քննադատական վերլուծության ենթարկելու և առանց ազդեցության գնահատական ունենալու քվեարկելու են կառավարության առաջարկի օգտին, ապա այս և հետագայում ընդունվելիք օրենքների կապը ՀՀ տնտեսությունում և սոցիալ-տնտեսական հարաբերություններում տիրող իրողությունների հետ խնդրահարույց է, և ոչ շատ հեռու ապագայում դրանց վերանայման անհրաժեշտության առաջացումը խիստ հավանական է:

Մոնումենտում և այլ վայրերում կառուցված առանձնատների մասին հիշատակելով իշխանության ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ եկամտային հարկի և շահութահարկի կորուստները վերականգնելու են գույքահարկի միջոցով: Անտեսվում է մի կարևոր հանգամանք, որ բարձր հարկերը խոչընդոտելու են նոր գույքի ձևավորմանը և այդ կերպ նվազեցնելու հարկման բազայի էական ընդլայնման հնարավորությունը: Այնինչ եկամտային հարկի տվյալների վերլուծությունը վկայում է, որ չնայած պրոգրեսիվ «բարձր» դրույքներին, նման զարգացում չի նկատվել: Անտեսվում են նաև անշարժ գույքի շուկայում գների անկման, ինչպես նաև այդ գույքի տերերի սնանկ ճանաչվելու հետ կապված ռիսկերը, ինչի առաջին դրսևորումներին հանրությունն արդեն իսկ ականատես է եղել: Սա էականորեն նվազեցնելու հարկման բազան, հարկերը և բյուջեի եկամուտները:

Կառավարությունը որոշել է եկամուտների մի մեծ կտորից հրաժարվել 2020թ., երբ պետական պարտքի գծով վճարումները հասնելու են իրենց առավելագույն մեծությանը՝ մոտավորապես 1 միլիարդ դրամ: Եթե այս իրավիճակը բնութագրելու այլ բառ չգտնվի, ապա սա առնվազն զարմանալի է: Հուսով եմ իմ մտահոգությունները հոռետեսական են, այլապես, դավադրությունների տեսությունների սիրահարների համար մտավարժաքների մի նոր լայն դաշտ է բացվելու, թե ո՞վ սա արեց, ինչո՞ւ և ինչպե՞ս սա հնարավոր եղավ: Մինչդեռ ամեն ինչ շատ ավելի պարզ է. մարդկանց մի խումբ չցանկացավ քննադատական վերլուծության ենթարկել իրեն մատուցվող տեղեկատվությունը:

Արտակ Քյուրումյան