Ինչպե՞ս են ներկայանում կին քաղաքական գործիչները Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.09.2018 | 16:45Աշխարհի բնակչության մոտավորապես կեսը և ՀՀ բնակչության շուրջ 53%-ը կանայք են։ Մինչդեռ նորանկախ Հայաստանն իր քաղաքական պատմության ընթացքում ընդամենը չորս կին նախարար է ունեցել և ոչ մի վարչապետ կամ նախագահ։ Կանայք չեն եղել նաև ՀՀ խոշոր համայնքների ղեկավարներ։
2013-ից ուժի մեջ մտած «Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը» միտված է կանխելու քաղաքականության մեջ և այլ ոլորտներում կանանց նկատմամբ խտրականության բոլոր դրսևորումները։ Սակայն որքանո՞վ են կանանց հավասար իրավունքները համատեղելի հայկական միջավայրի հետ, և որո՞նք են նրանց ոչ ակտիվ գործունեության պատճառները։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին խնդիրը ռեսուրսների պակասն է։ Կանայք ունեն ժամանակի, աջակցության և ֆինանսների պակաս․«Քաղաքական ներգրավվածությունը պահանջում է բավականին լուրջ ռեսուրսներ՝ սկսած ժամանակից, որը կանայք չունեն։ Ընտանեկան կյանքում բաշխումը հավասար չի կատարվում։ Բացի այդ, կա մշակութային պատկերացումներից եկող իներցիա, թե քաղաքական կամ հանրային գործունեությունը տղամարդու գործ է, իսկ կինը տանը պետք է մնա»։
Գլոբալ գենդերային անհավասարության այս տարվա զեկույցի համաձայն՝ Հայաստանը, կանանց՝ քաղաքական ներգրավվածության տեսանկյունից, 97-րդ տեղում է՝ զիջելով Վրաստանին, Ռուսաստանին և Ուկրաինային։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ այս հարցում համեմատություններ անցկացնելը ոչ տեղին կլինի։ Պատմության ընթացում հարևան պետությունները կանանց ակտիվության ավելի բարձր ցուցանիշներ են գրանցել։
«Դա կապված է պատմական և մենթալ առանձնահատկությունների հետ։ Ի տարբերություն վրացիների, մենք չենք ունեցել Թամար թագուհի։ «Իշխող կին» հասկացությունը Հայաստանում այդքան էլ ընկալված չէ, սակայն դա ժամանակի հարց է, կլուծվի»,- նշում է Կարեն Քոչարյանը։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով էլ վերջին քաղաքական իրադարձություններից հետո կանանց քաղաքական ակտիվությանը խոչընդոտող շատ գործոններ փոփոխության են ենթարկվել։ Եթե նախկինում հասարակական ու քաղաքական ակտիվություն ցուցաբերող կնոջը հանդիմանում էին, այսօր՝ խրախուսում են․ «Քաղաքացիական շարժումներում կանայք հիմնական և լուրջ դերակատարում ունեցան։ Թավշյա հեղափոխության ժամանակ մենք տեսանք կանանց՝ քաղաքական գործընթացներում ակտիվ ներգրավածություն և հայ կնոջ ավանդական դերի փոփոխում»։
2013-ից ի վեր, 97-րդ հորիզոնականը Հայաստանի ամենացածր ցուցանիշն է, ինչը վկայում է այն մասին, որ վերջին տասնամյակում կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին նվազել է։ Նույնիսկ նոր կառավարության նշանակումների արդյունքում ունենք ընդամենը երկու կին նախարար՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Այդուհանդերձ, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ունեցավ առաջին կին քաղաքապետը՝ Էջմիածնում։ Կարեն Քոչարյանի խոսքով Խորհրդային ժամանակներում Հայաստանը բազմաթիվ կին նախարարներ է ունեցել, կին ռայկոմի քարտուղարներ, քաղկոմի քարտուղարներ և բավականին լավ աշխատող, իշխանական դաշտում լուրջ ազդեցություն ունեցող։ Ըստ նրա՝ քաղաքականության մեջ չկա կին և տղամարդ։ Հարցը լավ կամ վատ քաղաքական գործիչ լինելն է։
ԵԽԽՎ «Կանանց և տղամարդկանց՝ քաղաքական և հանրային կյանքում հավասարակշռված մասնակցության մասին» հանձնարարականում ընդգծվում է որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող մարմիններում յուրաքանչյուր սեռի առնվազն 40 տոկոս ներկայացվածության անհրաժեշտությունը։ Ըստ այդմ՝ նրանց ներկայացվածությունը պետք է լինի այնպիսին, որ սեռերից որևէ մեկը չհավակնի 60 տոկոսից ավելի և 40 տոկոսից պակաս ներկայացվածության։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, սակայն, նկատում է, որ կանանց ներկայացվածության ցուցանիշի ապահովումը չպետք է լինի ինքնանպատակ․ «Սխալ է, երբ կինը քաղաքականության մեջ ինքնանպատակ է՝ օրենքով նշված կերպով գլխաքանակ ապահովելու համար։ Ազգային ժողովում տեսնում ենք անգիր արած տեքստերով կանանց ու աղջիկների, որոնք չեն հասկանում անգամ իրենց արտասանած բառերը։ Դա ես նորմալ չեմ համարում»։
Ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի քաղաքական իրականության մեջ առաջին անգամ քաղաքապետի երեք կին թեկնածու կա։ Հավասար իրավունքների տեսանկյունից սա լավ հնարավորություն է կին քաղաքական գործիչների պահանջն ու հնարավորութունները մեծացնելու համար։
Քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը նշում է, որ քաղաքական դաշտում կանանց ու կանանց տրվող հնարավորությունների պակաս կա։ Այդուհանդերձ, գործունեության ընթաքում տղամարդկանց կողմից երբեք ճնշում չի զգացել․ «Ինձ թվում է՝ կանայք ավելի պատասխանատու են։ Ելնելով իրենց պարտավորություններից, նրանք ավելի կազմակերպված են, ավելի հոգատար, քան տղամարդիկ։ Վերջիններս ավելի կտրուկ են իրենց որոշումներում։ Իսկ կանայք միտված են դեպի համերաշխություն ու հոգատարություն։ Նրանք կարող են իրենց կողմից կառավարվող քաղաքները գեղեցկացնել ու բարելավել այնպես, ինչպես իրենց բնակարանը կգեղեցկացնեին»։
Առաջիկա ընտրություններում երեք կին թեկնածու լինելու փաստը տիկին Թարխանյանը դրական է գնահատում և ընդգծում, որ վերջին ամիսներին անգամ ստվերում մնացած կանայք հնարավորություն ստացան աշխատել և իրենց գործունեությամբ նպաստել տարբեր ոլորտների զարգացմանը։ Իսկ դա միայն հօգուտ հանրության է։
Նելլի Մելքոնյան