Որտեղից հայտնվեցին ինտիմ կադրերը․ հոգևորականին վերագրվող տեսանյութի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Արդեն 3 օր է՝ հանրությունը քննարկում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տեսանյութերը, որոնք, ըստ հրապարակման, հաստատում են նրա ինտիմ կապը քեռակնոջ հետ։ Factor TV-ն ուսումնասիրել է տեսանյութերի հրապարակման աղբյուրը, նախորդած և հաջորդած իրադարձությունները։

Տեսանյութերն առաջինը հայտնվել են Armenian WikiLeaks անունով տելեգրամյան ալիքում հոկտեմբերի 25-ին։ Չնայած, որ այժմ այն արգելափակված է Telegram-ի օգտագործման պայմանները խախտելու համար՝ տեսանյութերը տարածում են գտել և պահպանվել այլ ալիքներում։

Նիկոլ Փաշինյանի գրառումները

Հոգևորականի մասնավոր կյանքին առաջին հրապարակային անդրադարձը եղել է դեռևս մայիսի 30-ին։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  էր արել՝ նշելով․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմ*ել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Դրան հաջորում է վարչապետի ևս մեկ գրառում հունիսի 17-ին․ «Կանոնագիրք Հայոց»-ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։  Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը՝ տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։ Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»-ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո»։

Թեև իշխանություն-եկեղեցու վերնախավ առճակատումը շարունակվում էր այս ամբողջ ընթացքում, սակայն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անունը հիմնականում չէր  շրջանառվում։

Հոկտեմբերի 22-ի ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հարցերից մեկին ի պատասխան ասում է․ «Հոգևորականը Բենթլի ունենա, 3 կնիկ ունենա, 4 սիրուհի ունենա, ամեն երկրում երեխա ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք, դուք ո՞ւմ եք ներկայացնում, Հիսուս Քրիստոսին, հետո էլ մեզ են ասում՝ նեռ»։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00։24-ին, իշխանական Medianews-ը գրում է, թե «Արշակ արքեպիսկոպոսը պահանջել է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը»։ 6 րոպե անց հոդվածն արտատպում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը՝ Civic.am-ը։ Այս հրապարակումից շուրջ 1 ժամ անց Armenian WikiLeaks-ում հայտնվում են ինտիմ տեսանյութերը։

ՔՊ-ի կապը տեսանյութերի հետ

Կիրակի օրը Հովհաննավանքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերին՝ պնդելով, որ իշխանությունները դրանց հետ կապ չունեն․

«Էդ մարդիկ, որ կոմպրոմատներ ունեն իրար դեմ, թող հեռու մնան եկեղեցուց, հեռու մնան ժողովրդից և գնան իրար կոմպրոմատները իրար դեմ օգտագործեն։ Խնդրում եմ մեզ, մեր ժողովրդին, եկեղեցուն այդ սրբապղծություններին չխառնեն»։

Տեսանյութերի հրապարակումից հետո թեև իշխող վերնախավը փորձում է հեռու վանել հրապարակման հետ իրենց ենթադրյալ կապը, սակայն փաստ է, որ ուշ գիշերին  տելեգրամյան ալիքում հրապարակվելուց հետո դրանց առաջին տարածողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հարող կամ աջակցող էջերն ու օգտատերերն են եղել։

Armenian WikiLeaks-էջում նույն օրը՝ ժամը 11։18-ին, անգամ կոչ հայտնվեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կարգալույծ անելու պահանջով։ 

Մեր ուսումնասիրած էջերի բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանք այս կամ այն կերպ կապված են ՔՊ-ականների հետ կամ պարզապես աջակցում են կուսակցությանը։

Medianews-ը հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10։33-ին, գրեց, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականի պահանջից հետո Գարեգին Բ-ն է տեսանյութերը հրապարակել։ Նույն լուրը 10 րոպե անց հրապարակում է Civic.am-ը։ Medianews-ի նյութը արտատպել է նաև Auroranews-ը։

Medianews-ում հայտնվող կոնտենտը իր տեղն է գտնում նաև ArmeniaNews ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութը տարածողները և նրանց ղեկավարները

Infocom-ը դեռ 2021-ին մի հետաքննություն էր հրապարկել, ըստ որի՝ Medianews-ը և ArmeniaNews-ը կապված են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Ինքը՝ Չախոյանը, երբեք չի հերքել կապը Medianews-ի հետ։

Civilnet-ը պարզել է, որ նման սխեմա գործել է նաև հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսման ժամանակ, որում երկխոսությունը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Medianews-ը հաճախ օգտագործվում է խնդրահարույց բովանդակություն տարածելու համար՝ փորձելով թաքցնել իշխանական հետքը։

Հոգևորականների ձայնագրությունից օրեր անց տարածվեց մեկ այլ հեռախոսազրույցի գաղտնալսում՝ այս անգամ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ներկայում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հանրահավաքին առերևույթ գումարով մասնակիցներ բերելու վերաբերյալ։

Փաստորեն, նույն սխեման է օգտագործվել նաև այստեղ։

Եկեղեցու արձագանքը

Տեսանյութերի հրապարակմանն անդրադարձել է հենց ինքը՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նա նախ հերքել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ է ներկայացրել․

«․․․Մարդկանցից շատերն ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը»:

Այդուհանդերձ՝ Խաչատրյանն ուղիղ տեքստով չի հերքել տեսանյութերի իսկությունը։ 5-րդ ալիքին տված մեկնաբանությունում  նշել է՝ հնարավոր է գաղտնի նկարահանումներ արված լինեն իրեն ինդենտիֆիկացնելու համար, հետո էլ մոնտաժային հնարքներով ստանան տեսանյութերը։

Մայր Աթոռը դրանց առնչությամբ պաշտոնական որևէ հաղորդագրություն մինչ այս պահը չի տարածել։

Armenian WikiLeaks-ը

Չնայած Armenian WikiLeaks անվանումով տելեգրամյան ալիքը արգելափակվել է հարթակի կողմից, սակայն նույն անունով մեկ այլ տելեգրամյան ալիք է սկսել գործել նախորդի փակվելուց ժամեր անց։ Նորաբաց ալիքի առաջին հրապարակումն այն մասին է, որ այն «չի լռելու»։ Այս ալիքում արդեն Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ինտիմ բնույթի տեսանյութերը հրապարակված չեն, սակայն բոլոր հրապարակումներն այդ թեմայի մասին են։

Էկրանապատկերում երևում է, որ ալիքը ստեղծվել է դեռևս 2024-ի հոկտեմբերի 22-ին, այնուհետև՝ անվանափոխվել։ Այս նոր ալիքում հիշատակումներ կան նաև իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի մասին, գուցե՝ փորձ անելով թաքցնել իշխանական առնչությունը հրապարակված տեսանյութերին։ Ալիքն այս պահին ավելի քան 11 հազար հետևորդ ունի։


Եթե տեսանյութերն իրական են, դրանց վերաբերյալ գնահատականներ կարող են տրվել միայն բարոյական հարթությունում, սակայն դրանք տարածելը հանցանք է, խախտվում է մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը (ՔՕ 204-րդ հոդված)։

Այս ֆոնին հանրային բազմաթիվ գործիչներ և սոցցանցերի օգտատերեր մտահոգություն են հայտնում, որ նման տեսաձայնագրություն ստանալը հնարավոր կլիներ միայն հատուկ ծառայությունների ներգրավմամբ։

Factor TV-ն քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկություն փորձեց ստանալ Քննչական կոմիտեից, սակայն գերատեսչությունից խնդրեցին լրագրողական հարցում պատրաստել և ուղարկել ՔԿ, բանավոր մեկնաբանություն չեն տալու։ Գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք և պատասխանն ունենալուն պես կհրապարակենք։ 

Եվգենյա Համբարձումյան