Զինվորը «էլեկտրահարվել» է լարից, որի մեջ հոսանք չի եղել․ ո՞ւմ մեղքով են ոչնչացվել ապացույցները և ինչ ՉԻ անում ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2024 | 16:29
Բրնձի առանձին տեսակների նկատմամբ սահմանվել է սակագնային քվոտա
01.11.2024 | 16:18
Զապորոժիեի ԱԷԿ-ում վերականգնվել է ռեակտորից ջրի արտահոսքի պատճառ դարձած ճեղքը
01.11.2024 | 16:06
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
01.11.2024 | 15:54
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին
01.11.2024 | 15:42
Հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ․ Անահիտ Ավանեսյան
01.11.2024 | 15:31
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին
01.11.2024 | 15:22
Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
01.11.2024 | 15:10
Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
01.11.2024 | 15:00
Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ նիստի քննարկման, Կոբախիձեն՝ Վրաստանի ընդդիմության բոյկոտի մասին. ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 14:53
Խնդիրներ միշտ կան. Հրաչյա Հակոբյանը` ՔՊ-ի փակ նիստում Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:41
Ինձ համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:29
Լավրովն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր
01.11.2024 | 14:18
Նոյեմբերի առաջին տասնօրյակը տաք է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է
01.11.2024 | 14:02
Կոբախիձեն կարծում է, որ ընդդիմությունը ստիպված կլինի աշխատել նոր գումարման խորհրդարանում
01.11.2024 | 13:59
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

17 տարի է՝ Գոհար Սարգսյանի զգեստապահարում սևից բացի՝ այլ գույն դժվար է գտնել, ինչի հետևանքով նրան և բախտակից տասնյակի հասնող այլ կանանց Հայաստանում մեկ արտահայտությամբ միանգամից ճանաչում են՝ նրանք սևազգեստ մայրերն են։

Տիգրան Օհանջանյանի առեղծվածային մահը

2007 թվականի օգոստոսի 30-ը 18-ամյա զինծառայող, ձյուդոյի չեմպիոն Տիգրան Օհանջանյանի համար վերջին օրն է եղել։ Գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի զորամասի հերթապահը 3 անգամ ձայն է լսել և շտապել դրա ուղղությամբ։ Ռադիո-ռելսային տելեսկոպիկ կայմի մոտ նա տեսել է Տիգրանին՝ մեջքի վրա գետնին պառկած: Գալստյանն օգնություն է կանչել, փորձել են ընկածին օգնել, սակայն օգնությունն ուշացած էր․ զինծառայողը մահացել էր։

Ինչպես Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի մեծ մասի՝ Տիգրան Օհանջանյանի դեպքում ևս նախաքննական մարմինը շատ արագ է որակել դեպքը՝ զինծառայողը հոսանքահարվել է՝ դիպչելով զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված տելեսկոպիկ կայմի ձգալարին: Սակայն էլեկտրահարման վարկածը Դատախազությունն այդպես էլ չի կարողացել հաստատել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում։

2011 թվականին գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ 12 տարի անց արձանագրվել է, որ խախտվել է Օհանջանյանի  կյանքի իրավունքը, իշխանությունների կողմից իրականացված հետաքննությունն էլ լրջագույն թերություններ է ունեցել։

Որդեկորույս մոր աչքերը 17 տարի է՝ չեն չորանում․ ի վերջո, ինչպե՞ս է կորցրել իր ավագ որդուն։ Ստրասբուրգյան դատարանի վճիռն իրենից նոր քննություն է ենթադրում, սակայն վերաբացված գործում առաջընթաց չկա։

Factor TV-ն հետաքննել է, թե ՄԻԵԴ վճիռներից հետո ինչ ընթացք են ունենում Օհանջանյանի և մյուս անձանց մասով գործերը, արդյո՞ք ՀՀ-ն կարողանում է վերականգնել դիմումատուների խախտված իրավունքները, թե՞ սահմանված փոխհատուցումը տրամադրելով՝ ձեռքերը լվանում է հարյուրի հասնող արյունոտ գործերից։

Օհանջանյանների ընտանիքը երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ կուրսում, չանսալով ծնողների հորդորներին, 18-ամյա Տիգրանը վերադարձել է Հայաստան՝ իր տարեկիցների հետ ազգային բանակ զորակոչվելու: Առաջին մի քանի ամիսը համեմատաբար հանգիստ է անցել։ Օգոստոսի 30-ին, սակայն, Օհանջանյանների ընտանիքը ստացել է ծանր բոթը:

Ընտանիքն առաջին իսկ չվերթով հասել է Հայաստան, զինծառայողի հայրը պահանջել է ներկա գտնվել դիահերձմանը։ Նա կարողացել է լուսանկարել որդու մարմինը, որը պատված է եղել բռնության հետքերով։

Եթե դատաբժշկական փորձաքննությունը չէր արձանագրել Տիգրանի պարանոցի, ատամնաշարի, մարմնի և ոտքի վնասվածքները, ապա Պաշտպանության նախարարության ուղարկած պատասխանն ավելի տարակուսելի է դարձրել նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածը։ ՊՆ-ն շեշտել է՝ դեպքի վայրի զննության ժամանակ ստուգվել է ձգալարերի և փոկերի էլեկտրական հոսանքը։ Արդյունքում պարզվել է, որ այնտեղ հոսանք չի եղել։ Ավելին, «էլեկտրահարված» Տիգրանի մարմնի կամ արյան որևէ մասնիկ չի հայտնաբերվել էլեկտրալարի վրա, որին, ըստ նախաքննական մարմնի, հպվել է զինծառայողը։ Ստացվում է, որ Տիգրանը հոսանքահարվել է մի լարից, որի մեջ հոսանք չի եղել:

Սպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար

Գլխավոր դատախազություն, Կառավարություն, նախագահական նստավայր և գործին առնչվող այլ պատկան մարմիններ… այսպես է սկսվել որդեկորույս ընտանիքի պայքարը՝ գտնել և բացահայտել որդու մահվան կամ սպանության իրական մեղավորներին։ Այդ ճանապարհին գործը բացահայտելու խոստումներով շատերն են փորձել, այսպես ասած, փափուկ բարձ դնել ընտանիքի գլխի տակ։

«Դուք շատ լավ գիտեք, որ ես ձեր բոլոր գործերին շատ լավ տեղյակ եմ, և մենք բազմիցս, այս յուրաքանչյուր հարցը, յուրաքանչյուր հանցագործության հետ կապված ձեր այս դժբախտությունների, մեր բոլորի դժբախտությունների հետ կապված և՛ մտքեր ենք փոխանակել, և՛ ձեռնարկել և ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ։ Յուրաքանչյուրիդ գործով ես ներգրավվածություն եմ ունեցել և դրանք բոլորը շարունակվում են»,- սևազգեստ մայրերի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր  ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Եթե Գլխավոր դատախազ Կոստանյանը խոստումներ էր տալիս, ապա դրանից 3 տարի առաջ՝ զինվորական դատախազ Կոստանյանը, որին այդ ժամանակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղիղ հրահանգել էր հետամուտ լինել գործին, կտրուկ հերքել էր քննչական փորձարարությունների կեղծման  հնարավորությունը:

Այնուամենայնիվ, տուժողի կողմից պարբերաբար բարձրաձայնվող խախտումների մասին աղաղակող փաստերով ընթացող նախաքննությունից 2 տարի հետո՝ գործն ուղարկվել է դատարան։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել զորամասի կապիտան Ռուստամ Ասատրյանը և ենթասպա Կարեն Թովմասյանը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեղադրանքով։ Այնինչ, որդեկորույս մայրը մինչ օրս համոզված է՝ այդ տղաներն անմեղ էին, իսկ իր որդու հետ կատարվածը սպանություն է, այլ ոչ դժբախտ պատահար։

Էլեկտրահարության վարկածը դատախազությունը չի կարողացել հաստատել  նաև դատարաքննության ընթացքում,  որն անցել է բավականին թեժ և լարված։ Տուժող կողմը պատրաստ է եղել անգամ արտաշիրիմել 18-ամյա Տիգրանի դիակը, սակայն դատարանը թույլ չի տվել, որ գործընթացին մասնակցի նաև տուժող կողմի հրավիրած փորձագետը, ինչի պատճառով Օհանջանյանները չեն համաձայնվել արտաշիրիմմանը։ Ի վերջո, ընդամենը կես տարվա դատաքննությունից հետո, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Յուրիկ Իսկոյանն արդարացման դատավճիռ է կայացրել՝ հռչակելով զորամասի կապիտանի և ենթասպայի անմեղությունը։

Զինվորական դատախազությունը, սակայն, դատավճիռը բողոքարկեց Վերաքննիչ դատարան, որը մերժեց այն՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Բողոք ներկայացվեց նաև Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վարույթ չընդունվեց։ Փաստացի, մեղադրանքը փլուզվեց, ամբաստանյալներն  արդարացվեցին, իսկ Օհանջանյան ընտանիքը կրկին կանգնեց իր կորստի համար պատասխանատուների փնտրտուքի առջեւ․  ի վերջո՝ ինչու և ում մեղքով մահացավ իրենց որդին։

Որդու կորստից 4 տարի անց, ներպետական բոլոր ատյանների և պատկան մարմինների դռները թակելուց և որևէ արդյունքի չհասնելուց հետո, Օհանջանյան ընտանիքը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ-ում գանգատի քննության ընթացքում, Տիգրանի գործի հերթական կասեցման լուրը լսելուց հետո, սրտի կաթվածից մահանում է հայրը՝ Սուրիկ Օհանջանյանը։ 12 տարի գործը քննելուց հետո ՄԻԵԴ-ը վճռում է՝ Հայաստանի կառավարությունը խախտել է 18-ամյա զինծառայող Տիգրան Օհանջանյանի կյանքի իրավունքը, բացի այդ՝ բավարար ջանքեր չեն գործադրվել ներպետական դատարանների որոշումներից հետո թերությունները վերացնելու համար: Ընդհանուր առմամբ, իշխանություններին չի հաջողվել արդյունավետ քննություն իրականացնել Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ-ն պարտավորվել է Օհանջանյանների ընտանիքին փոխհատուցել 50 հազար եվրո։

Ուշագրավ է, որ ՄԻԵԴ-ում գործի քննության ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչը դատարանից պահանջել էր գանգատը հանել ցուցակից: Մասնավորապես, նա ընդունել է, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի խախտում և պարտավորվել են մահացած զինծառայողի մորը վճարել 21 հազար 500 եվրո փոխհատուցում: Պարտավորվել են նաև «ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ սույն գործով խախտումները վերացնելու համար»: Սակայն ՄԻԵԴ-ի համար բավարար չեն եղել Կառավարության խոստումները, քանի որ դրանք երաշխիքներ չեն ունեցել: Բացի այդ, ՄԻԵԴ-ը արդարացի չի համարել առաջարկվող փոխհատուցման չափը:

ՄԻԵԴ նմանօրինակ բազմաթիվ վճիռները, որոնք կայացվել են ընդդեմ Հայաստանի՝ արձանագրելով կոնվենցիայի տարբեր հոդվածների խախտումներ, շատ հաճախ նոր քննություն են պահանջում։ Սակայն անգամ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքում դրանք այդպես էլ մնում են նախաքննական մարմնի սեղանին։

Factor TV-ն Գլխավոր դատախազությանը  խնդրել էր տրամադրել վերջին 10 տարիների ընթացքում ՄԻԵԴ վճիռներից հետո վերաբացված գործերի ցանկը՝ յուրաքանչյուրի դեպքում նշելով, թե գործը քննության որ փուլում է և ինչ որոշումներ կան դրանց մասով։ Ուշագրավ է, որ մեր հարցումից ավելի քան մեկ ամիս անց Դատախազությունը պատասխանեց, որ նման վիճակագրություն չի վարում։

Այսինքն, դեպքերի մեծ մասով ՄԻԵԴ վճիռներով ՀՀ-ն նյութական փոխհատուցում տրամադրելով տուժած դիմումատուներին՝ լուծված է համարում նրանց առաջ ունեցած իր պարտավորությունները և նոր քննություն սկսելու դժվարություններն առաջ բերելով՝ տարիներով քնեցնում է նախաքննական վարույթները։ Այս պայմաններում պարզ է՝ գործերը կարճվելու են, իսկ մեղավորները մնալու են չբացահայտված:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան