Ռեզերվային դատավորներին առաջարկել են առանց աշխատելու գումար ստանալու փոխարեն գործուղվել մարզեր ու աշխատել մյուսների համեմատ ցածր վարձատրությամբ՝ առանց հավելումի

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում հունվարի 13-ին ռեզերվային դատավորների հետ հանդիպում է տեղի ունեցել։ Խորհրդից հաստատում են հանդիպման հանգամանքը և մանրամասնում․

«Քննարկման բուն թեման եղել է այն, որ կան դատավորներ, որոնք, շուրջ մեկ տարի գտնվելով ռեզերվում, 2023 թվականի ընթացքում ստացել են գրեթե նույն վարձատրությունը, ինչ խիստ ծանրաբեռնվածության պայմաններում գործող դատավորները:

Հանդիպման նպատակը եղել է այն, որ գտնվի բոլորի համար ընդունելի լուծում, թե՛ պետական միջոցներն առավել արդյունավետ տնօրինելու, և թե՛ վերջիններիս օր առաջ դատական համակարգ վերադարձնելով՝ քրեական մասնագիտացում ունեցող և գերծանրաբեռվածության պայմաններում աշխատող իրենց գործընկերներին աջակից լինելու գործում: Հանդիպման արդյունքները ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդին և հնարավորինս սեղմ ժամկետում կկայացվի որոշում դատական համակարգի բեռնաթափման համար»։

ԲԴԽ-ն հանդիպումից այլ մանրամասներ չի հայտնում, այնուամենայնիվ, Խորհրդում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ռեզերվային դատավորներին, ըստ էության, առաջարկվել է, ռեզերվային դատավորի կարգավիճակում մնալու և առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն գործուղվել մարզեր և աշխատել՝ այսպիսով թեթևացնելով նաև այլ դատավորների ծանրաբեռնվածությունը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավորները 2024 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխության համաձայն աշխատավարձի 60%-ի չափով հավելում են ստանալու, և նրանց աշխատավարձը կազմելու է ամսական մոտ 1 մլն դրամ։ Իսկ ահա ռեզերվային դատավորների վարձատրության մեջ, ըստ նրանց արված առաջարկի, որևէ փոփոխություն տեղի չի ունենալու․ նրանք ստանալու են մոտ 600 հզ դրամ, այսինքն՝ այն նույն աշխատավարձը, որը ստացել են դատավոր աշխատելու ընթացքում, ինչպես նաև ռեզերվային դատավորի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն 2023 թվականի հունվարից քրեական մասնագիտացմամբ առանձին դատավորները, որոնք քննում էին միայն մինչդատական քրեական վարույթի վերաբերյալ գործեր և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ, ռեզերվային դատավորի կարգավիճակ են ստացել:

Մինչ փոփոխությունները գործող օրենքի համաձայն՝ եթե դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները, կամ ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը, ապա դատարանում համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորը շարունակում է պաշտոնավարել՝ որպես դատավոր և դադարում է համարվել ռեզերվային, սակայն օրենքի փոփոխություներով նախատեսվել է նաև, որ առանձին դատավորները, որոնք դարձել են ռեզերվային, չեն կարող պաշտոնավարել մինչև սահմանված կարգով որակավորման հատուկ ստուգում կամ լրացուցիչ վերապատրաստում չանցնեն։

Ռեզերվային դատավորի կարգավիճակ ստացած դատավորներից մի քանիսն այժմ արդեն պաշտոնավարում են որպես դատավոր, իսկ մի մասն էլ անցել է վերապատրաստման դասընթացը, սակայն դեռևս շարունակում է մնալ ռեզերվային։

Մինչ այս ռեզերվային դատավորները կավարտեին դասընթացը, Բարձրագույն դատական խորհուրդը համալրել է դատարաններում առկա թափուր հաստիքները և նոր դատավորներ նշանակել։ Այժմ դատարաններում դատավորների թափուր հաստիքներ չկան, որպեսզի ռեզերվային դատավորներն աշխատեն, իսկ պետությունն էլ քրեական մասնագիտացմամբ նոր հաստիքներ չի ավելացնում:

Դատավորների սոցիալական երաշխիքները չպետք է նվազեցվեն՝ ուստի, չնայած նրան, որ դատավորները, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ավելի կոնկրետ՝ պետության գործողությունների հետևանքով հայտնվել են ռեզերվային դատավորի կարգավիճակում, նրանք այս մեկ տարվա ընթացքում շարունակել են ստանալ իրենց աշխատավարձերը՝ ամսական մոտ 600 հզ դրամ։

Ստացվում է, որ եթե այժմ ռեզերվային դատավորները համաձայնեն գործուղվել մարզեր ու աշխատել, ապա մի կողմից նրանք, փաստացի, կվերադառնան դատական համակարգ, մյուս կողմից ավելի քիչ կվարձատրվեն, քան առաջին ատյանում աշխատող մյուս դատավորները։

Այս համատեսքում տեղին է հիշեցնել, որ դատավորներին աշխատավարձի հավելում տրամադրելու օրենսդրական նախաձեռնության հիմքում դրվել է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև դատավորի աշխատանքը գրավիչ դարձնելու անհրաժեշտությունը։

«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին»,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է պետության ռեսուրսներն առավել արդյունավետ տնօրինելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի մտահոգությանը, ապա հարկ է նշել, որ հենց պետությունն է ստեղծել այն իրավիճակը, որ գործող դատավորները ստանան ռեզերվային դատավորի կարգավիճակ ու առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանան։

Արաքս Մամուլյան