Դատախազ Ծովակ Մնացականյանի բարեվարքությունը ստուգելուց հետո ԿԿՀ-ն վարույթ նախաձեռնելու հարցով դիմել է Դատախազությանը. վարույթը գաղտնի է պահվել

Լուրեր

24.04.2026 | 20:30
Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
24.04.2026 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
24.04.2026 | 20:00
Դրոշ այրելը մանկահասակ երեխայի վարք է՝ եթե այն գնել ես դերձակից, ոչ թե մարտի դաշտում գրավել ես․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:50
«Իրական Հայաստան» ընդդեմ պատմական հիշողության․ ինչ է փոխվել ապրիլքսանչորսյան խոսույթում․  ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 19:41
Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը
24.04.2026 | 19:30
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
24.04.2026 | 19:17
Ըմբշամարտի ԵԱ. Թևանյանը և Խնձրցյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
24.04.2026 | 19:13
Չեննայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2026 | 19:00
Տեղեկություն ունենք՝ մի նախկին պաշտոնյա կազմակերպում է ՌԴ-ից 100 մլն դոլարից ավելի ապօրինի գումար բերելը ՀՀ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 18:46
Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի «հուսալի» անդամ է՝ դաշինքից հեռացնելու ԱՄՆ-ի սպառնալիքի լուրերի ֆոնին
24.04.2026 | 18:33
Հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին, կոչ ենք անում անցյալի հետ առերեսվել. Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիա
24.04.2026 | 18:20
Դատախազ Ծովակ Մնացականյանի բարեվարքությունը ստուգելուց հետո ԿԿՀ-ն վարույթ նախաձեռնելու հարցով դիմել է Դատախազությանը. վարույթը գաղտնի է պահվել
24.04.2026 | 18:09
Իրանի ԱԳ նախարարն Իսլամաբադ կայցելի՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու
24.04.2026 | 18:00
Արա Աղանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի փոխչեմպիոն
24.04.2026 | 17:51
Ֆրանսիայի վարչապետի մասնակցությամբ Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի, Արմեն և Սերգեյ Սմբատյանների, Հասմիկ Պողոսյանի, Նարեկ Մալյանի, Պողոս Պողոսյանի սպանության գործեր, վերջին գործով կեղծ փորձագիտական եզրակացություն տալու գործ․ սրանք մի քանիսն են քաղաքական երանգ ունեցող այն հնչեղ գործերից, որոնցով մեղադրողը Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն է։ Դատախազությունում նման գործերը սովորաբար պատահական մարդկանց չեն վստահվում։

Factor TV-ի տեղեկություններով՝ Ծովակ Մնացականյանը 2023-ին բարեվարքություն անցնելու գործընթացում հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

2023-ին Մնացականյանը հավակնել է առաջխաղացում ունենալ Դատախազությունում, որի համար պետք է բարեվարքություն անցներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ։ Ավելին՝ նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել, և կառույցից դիմել են Դատախազություն՝ վարույթ նախաձեռնելու հարցով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հազվադեպ է վարույթ նախաձեռնելու հարցով Դատախազություն դիմելու որոշում կայացնում: Այդ մասին է վկայում կառույցից մեր ստացած պատասխանը:

Ինչպես պարզվում է՝ 2020 թվականից մինչև 2025-ը ներառյալ՝ հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացի շրջանակներում  234 դատախազի և նրանց ընտանիքների վերաբերյալ հայտարարագրեր է ստուգել, բայց Դատախազություն դիմել է ընդամենը 5 հայտարարագրի հարցով:

 

Ուսումնասիրությունների արդյունքում գույքային դրության առնչությամբ ձևավորված հիմնավոր կասկածի հիման վրա 2023 թվականին 3 դատախազի վերաբերյալ է հաղորդում ներկայացվել, 2024-ին՝ 1, 2025-ին՝ ևս մեկ դատախազի վերաբերյալ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված պատասխանի համաձայն՝ կառույցին հասանելի է դարձել, որ ներկայացված 5 հաղորդումներից 4-ով վարույթ է նախաձեռնվել, սակայն 3 դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել։

Դատախազությունն առհասարակ հրաժարվել է պատասխանել դատախազների բարեվարքության վերաբերյալ հարցերի: Հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ բացասական եզրակացությամբ առաջխաղացումներ Դատախազությունում եղե՞լ են, թե ոչ, ինչպես նաև՝ ԿԿՀ-ի կողմից հաղորդումների առթիվ դատախազների վերաբերյալ քանի՞ վարույթ է այս պահին առկա:

«Հայտնում ենք, որ Դատախազությանը վերաբերելի հարցերով առանձին վիճակագրություն չի վարվում»,- գրել են Դատախազությունից։

Այնուամենայիվ, մեզ հայտնի է դարձել, որ ԿԿՀ-ի կողմից 2023 թվականի 3 հաղորդումներից մեկը հենց Ծովակ Մնացականյանի հայտարարագրի վերաբերյալ է եղել։

Թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից չեն հայտնում՝ պարզաբանելով, որ ներկա օրենսդրությամբ բարեվարքության եզրակացությունը գաղտնի է, դրա հետ կապված որևէ հանգամանք հայտնել չեն կարող։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ 2020-ից 2025 թվականները բարեվարքության ստուգման գործընթացից հետո Դատախազություն  ներկայացված բոլոր հաղորդումները եղել են դատախազների գույքային դրության առնչությամբ ձևավորված հիմնավոր կասկածի հիման վրա՝ կարող ենք եզրակացնել, որ Ծովակ Մնացականյանի դեպքում ևս խնդիրը կասկածելի գույքային դրությանն է վերաբերել:

Ծովակ Մնացականյանին առնչվող գործընթացի վերաբերյալ հարցում ենք ուղարկել նաև Գլխավոր դատախազություն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ի տարբերություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գլխավոր դատախազությունը շատ դեպքերում այնքան էլ գաղտնապահ չէ։ Այս մասին վկայում է  այն  հանգամանքը, որ Դատախազության պաշտոնական էջը, ինչպես նաև ֆեյսբուքյան էջը ողողված են նախկին պաշտոնյաներին առնչվող վարույթների վերաբերյալ հրապարակումներով։ Միայն թե մի հանգամանք հաշվի չէինք առել. Ծովակ Մնացականյանը ոչ թե նախկին, այլ ներկա պաշտոնյա է, ընդ որում՝ ինչպես արդեն վերը նշեցինք, բազմաթիվ հնչեղ գործերով մեղադրանք պաշտպանող պաշտոնյա:

Դատախազությունից ոչ միայն հրաժարվել են Մնացականյանին առնչվող  վարույթի վերաբերյալ տեղեկություններ հայտնել, այլև փորձել են պատասխանը ձևակերպել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։

Կառույցին ուղարկված գրավոր հարցմամբ հայցել ենք հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ծովակ Մնացականյանի հայտարարագրի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի քննությունը արդյոք շարունակվո՞ւմ է։

2․ Գործով ի՞նչ կարգավիճակ ունի Ծովակ Մնացականյանը։

3․Եթե մինչդատական վարույթն ավարտվել է, ապա խնդրել ենք հայտնել, թե երբ և  ինչ որոշմամբ, գործով ի՞նչ կարգավիճակ է ունեցել Մնացականյանը։

«Տեղեկացնում ենք, որ որևէ քրեական վարույթով Ծովակ Մնացականյանը որևէ կարգավիճակ չունի»,- գրել են Դատախազությունից:

Մինչդեռ, ինչպես արդեն վերը նշեցինք, Մնացականյանի վերաբերյալ վարույթ եղել է, որի քննությունը տևական ժամանակ շարունակվել է: Այս ընթացքում Ծովակ Մնացականյանը շարունակել է մինչդատական վարույթի շրջանակներում հսկողություն իրականացնել, դատարաններում մեղադրանք պաշտպանել քաղաքական հնչերանգ ունեցող բազմաթիվ գործերով: Այս պահին վարույթը կարճված է, թե ոչ, մեզ հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա, իսկապես, մեղադրյալի կարգավիճակ չունի:

Սակայն մեղադրյալի կարգավիճակ չունենալը չի նշանակում գործով առհասարակ կարգավիճակ չունենալ, ինչպես Դատախազությունն է պատասխանել մեր հարցմանը. ողջամտությունը ենթադրում է, որ նա քրեական վարույթի շրջանակներում չէր կարող առնվազն որպես վկա չհարցաքննվել, իսկ քրեական վարույթով վկայի կարգավիճակը ևս համարվում է կարգավիճակ, հետևաբար, Դատախազության պատասխանը, թե Ծովակ Մնացականյանը որևէ գործով որևէ կարգավիճակ չունի ճշմարիտ լինել չի կարող: Իսկ եթե, տեսականորեն ընդունենք, որ դա ճշմարտություն է, ապա այսպես կարող է առաջ գալ շատ ավելի լուրջ հարց. գործով թերի քննություն է իրականացնվել: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր անձի  հայտարարագրերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինս առնվազն վկայի կարգավիճակով  չհարցաքննվել:

Ամենևին կասկածի տակ չդնելով Մնացականյանի մասնագիտական գիտելիքները՝ այնուամենայնիվ անաչառ դիտորդի մոտ չի կարող հարց չառաջանալ՝ արդյո՞ք կարող է քաղաքական հնչերանգ ունեցող գործերով օբեյկտիվ աշխատել այն պաշտոնյան, որին առնչվող առկախված քրեական վարույթ է առկա կամ եղել:

Այս հարցերի ու դատողությունների ճշգրիտ պատասխանները փորձել ենք ստանալ նաև անձամբ իրենից՝ Ծովակ Մնացականյանից, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել որևէ հարցի՝ առաջարկելով գրավոր հարցում կատարել: Պարզաբանել ենք, որ արդեն իսկ գրավոր դիմել ենք Դատախազություն, սակայն պատասխաններ չենք ստացել՝ կրկին առաջարկելով իրեն առնչվող վարույթի վերաբերյալ պատասխանել մեր հարցերին, սակայն Մնացականյանը պարզաբանումներ չի ներկայացրել:

Ծովակ Մնացականյանը դարձյալ ԿԿՀ-ից  բարեվարքության վերաբերյալ եզրակացության է սպասում

Ծովակ Մնացականյանը

  • 2021-ին եղել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:
  • 2022-ին արդեն Երևան քաղաքի ավագ դատախազ էր:
  • 2023-ին փոխադրվել է Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն: 
  • 2024-ին նա նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:
  • 2025-ին փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: 

Factor TV-ի տեղեկություններով՝ այս պահին նա կրկին ցանկանում է առաջխաղացում ունենալ, որի համար դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարեվարքություն անցնելու նպատակով: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ԿԿՀ-ն մի քանի անգամ է Մնացականյանի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել: Այս անգամ ինչ կորոշեն կառույցից, դեռևս պարզ չէ:

Ի՞նչ գործերով է Մնացականյանը  ներգրավված որպես դատախազ

Գլխավոր դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե Ծովակ Մնացականյանը մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության շրջանակներում քանի՞ գործով է ներգրավված որպես դատախազ, ինչպես նաև, թե դատարաններում քննվող քանի՞ գործով է հանդիսանում հանրային մեղադրող:

Այս հարցին կառույցից չեն պատասխանել:

Ինչպես արդեն վերը նշել ենք, գործերը, որոնցում Ծովակ Մնացականյանը վերգրավված է, բազմաթիվ են: Կանդրադառնանք դրանցից մի քանիսին միայն:

Սերժ Սարգսյանի գործ

Ծովակ Մնացականյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դատարանում քննվող գործերից մեկով հանրային մեղադրողն է: Սարգսյանի վերաբերյալ, հիշեցնենք, Հակակոռուպցիոն դատարանում քննվող մի քանի գործ կա: Այն բանից հետո, երբ դատարանները վերացրել են Սարգսյանի վերաբերյալ գործերով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու ագելլքը, Ծովակ Մնացականյանը դիմել է դատավորներին՝ Սարգսյանի նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրելու հարցով՝ պատճառաբանելով, որ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում է դուրս գալ Հայաստանից: Դատավորները, սակայն, Մնացականյանի միջնորդությունները մերժել են: Դրանից հետո Սերժ Սարգսյանը կանչվել է Հակակոռուպցիոն կոմիտեի, մեկ այլ գործով նրան մեղադրանք են առաջադրել ու խափանման միջոցն ընտրել բացակայելու արգելքը, այսինքն՝ հասել էին  այն արդյունքին, որին փորձել էին հասնել դատարանների միջոցով, բայց չէր ստացվել: Հետագայում Սարգսյանի պաշտպանական թիմը բողոքարկել է Սերժ Սարգսյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով բացակայելու արգելք ընտրելու որոշումը, և դատարանը բավարարել է Սարգսյանի բողոքը, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը: Դատախազություն այս որոշումն արդեն չի բողոքարկել:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործ

Մնացականյանը որպես հանրային մեղադրող ներգրավված է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով, որոնք մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: Այս գործով պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ գործի շրջանակներում մոնտաժված ու գործի հանգամանքները խեղաթյուրող ձայնագրություններ են հրապարակվել, սակայն գործը դեռևս քննության փուլում է: Գործի սկզբնական շրջանում բոլոր մեղադրյալները կալանքի տակ էին, այժմ նրանց մեծամասնության նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել: Դիտարկենք, որ Մնացականյանն այս նիստերին ակտիվորեն չի մասնակցում, դատարան գնացել է առաջին մեկ կամ երկու նիստին, որոնց շրջանակներում քննարկվում էին մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցեր:

Նարեկ Մալյանի գործ

2023-ի սեպտեմբերին Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Խոսքը Արցախից բռնի տեղահանման օրերին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցերի ընթացքում ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին ցույցի հրավիրելու Մալյանի կոչի մասին է: Նա հայտնել էր, որ գործողությունների ժամանակն է: Միջին ծանրության այս արարքի համար Նարեկ Մալյանը 1 տարի անազատության մեջ է գտնվել: Այս գործով հանրային մեղադրողը նույնպես եղել է Ծովակ Մնացականյանը:

Սերգեյ Սմբատյանի գործ

Ծովակ Մնացականյանը հանրային մեղադրող է եղել նաև աշխարհահռչակ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գործով: Հիշեցնենք, որ 2023-ին Սմբատյանը կալանավորվեց՝ զրկվելով նախապես պլանավորված հյուրախաղերին մեկնելու հնարավորությունից: Նույն ժամանակամիջոցում կալանավորվեց նաև Սմբատյանի հայրը՝ Արմեն Սմբատյանը: Ըստ Դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է: Այս նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ուներ նաև Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: Մեկ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով, իսկ 4 ամիս անց Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ արդարացնող հիմքով:

Արմեն Սմբատյանի և Հասմիկ Պողոսյանի գործ

Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանն անցում են նաև մեկ այլ՝  հայտնի ԱՕԿՍ-ի գործով: Դատախազությունից 2023-ին հայտնել են, որ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը։ Այս գործով ևս մեղադրողը Ծովակ Մնացականյանն է:

Պողոս Պողոսյանի  սպանության գործ

Ծովակ Մնացականյանը վերջերս որպես մեղադրող ներգրավվել է «Առագաստ» սրճարանում 25 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով:

Հիշեցնենք, որ խոսքը «պրիվետ Ռոբ» արտահայտության համար տեղի ունեցած միջադեպի մասին է, որով մեղադրյալը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության նախկին պետ Աղամալ Հարությունյանյանն է:

Մնացականյանը հսկող դատախազ է նաև Պողոս Պողոսյանի սպանության գործի շրջանակներում կեղծ փորձագիտական եզրակացություններ տալու գործով: Այս գործով երկու փորձագետ մեղադրյալի կարգավիճակ է ունեցել: Նրանցից մեկը Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործերով  դատախազ Վահան Հարությունյանի հայրն է, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս փորձագետի՝ Շավարշ Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան, ներկայում քննության փուլում է:

Ինչ վերաբերում է Պողոս Պողոսյանի սպանության դատական գործի քննությանը՝ Ծովակ Մնացականյանն այս գործում ներգրավվելուց հետո միջնորդություն է ներկայացրել 25 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով արտաշիրիմում իրականացնելու ու նոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Այս պահին դեռևս տեղեկություններ չկան՝ գործընթացը սկսվել է, թե՞ ոչ:

Սրանք միայն մի մասն են այն քաղաքական հնչերանգ ունեցող  գործերի, որոնցով Ծովակ Մնացականյանը մեղադրանք է պաշտպանել՝ ինքը լինելով խոցելի վիճակում այն առումով, որ իրեն առնչվող առկախված գործ է եղել: Մնացականյանը նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, Սուրմալույում տեղի ունեցած պայթյունի գործով հանրային մեղադրողն է:  Ինչ ազդեցություն է ունեցել նրան առնչվող քրեական վարույթը նրա դատախազական  գործունեության վրա, մենք գնահատել չենք կարող, բայց նման պայմաններում նրա անաչառության վերաբերյալ կասկածներ ունենալ կարող է ցանկացած անաչառ դիտորդ:

 

Արաքս Մամուլյան