«Մի օր ընկերուհուս խփեց կաթի բիդոնով, ինքը բողոքեց». մանկատան նախկին սանի պնդմամբ՝ ինքն ու ընկերուհին շահագործման են ենթարկվել անասնաֆերմայում

Լուրեր

21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:25
Արման Ավագյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 19:14
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
21.11.2024 | 19:00
Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանը անուններ տա․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 18:52
Հրայր Ալիխանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Լիլիթը (անունը փոխված է) նորածին է եղել, երբ մայրը լքել է նրան, քրոջն ու երկու եղբայրներին: Հայրն ու բարեկամներն են խնամել երեխաներին, հետո հայրը հայտնվել է կալանավայրում, իսկ 4 երեխաները՝ մանկատանը։ Այստեղից դուրս գալուց հետո Լիլիթն ու քույրը շուրջ երկու տարի ապրել են հասարակական կազմակերպություններից մեկի կենտրոնում, հետո երկուսն էլ ամուսնացել են։

Լիլիթը մանկատան շրջանավարտներին տրամադրվող աջակցության ծրագրերից չի օգտվել, կապը կորցրել է թե՛ մանկատան, թե՛ քույր-եղբայրների հետ։

Ամուսնանալուց հետո Լիլիթը տարբեր անասաֆերմաներում է աշխատել, հետո ամուսնու հետ որոշել են մարզերից մեկում գտնվող անասնաֆերմայում միասին աշխատել։ Դեռ նոր են աշխատանքի տեղավորված եղել, երբ Լիլիթի ամուսինը հայտնվել է հիվանդանոցում ու մահացել։ Կինը, չնայած մեկ տարեկան երեխայի խնամքին, ստիպված է եղել շարունակել աշխատանքն անասնաֆերմայում։ Ապրել է հենց ֆերմային կից քարե շինությունում, որը ֆերմայի տերն էր տրամադրել։ Աշխատել է, բայց գումար չի ստացել․ ասում է՝ ֆերմայի տերը չի վճարել, և այսպես՝ շուրջ 6 տարի:

Մեզ հետ զրույցում պատմում է, որ ամեն անգամ, երբ խնդրել է հաշվարկ կատարել ու աշխատավարձ վճարել, ֆերմայի տերը ձգձգել է խնդրանքի կատարումն ու փոխարենը պարտադրել իր խանութից օրական 2000 դրամի սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ վերցնել։

«Հաց ու ջրի համար էինք աշխատում՝ հաց, կոֆե, պեսոկ, մակարոն։ Ինձ ասել էր, որ քեզ 2000 դրամից ավելի ապրանք չեմ տա, Հասմիկենց էլ (անունը փոխված է) մի 1000 դրամի ավել էր տալիս, որովհետև իրենք մեծ նաֆար էին»,- պատմում է Լիլիթն ու նաև դժգոհում, որ Ժ.Ս.-ն իրենց թանկ գնով է տվել ապրանքը:

«Էժան խանութներ կային, բայց ինքը մեր վրա ապրանքը թանկ էր նստացնում։ Ինքը թող մեզ փող տար, մենք էժան խանութից առևտուր անեինք»,- ասում է Լիլիթը՝ նշելով, որ իր՝ անասնաֆերմայում աշխատելու շուրջ 6 տարվա ընթացքում Ժ.Ս.-ն ընդամենը մոտ 30 հազար դրամ ախատավարձ է տվել իրեն:

Սա այն դեպքում, երբ, ըստ Լիլիթի, ինքն անդադար աշխատելիս է եղել ֆերմայում:

«Խոտի գործ էի անում, թրիք էի թափում, գոմը մաքրում,կով կթում․ ինչ գործ ասես՝ արել եմ: Երեխուս էլ չէի նորմալ տեսնում, միայն երեկոյան քնելիս էի տեսնում, որովհետև առավոտից երեկո աշխատում էի»,- ասում է Լիլիթը ու նշում, որ ստիպված է եղել համակերպվել իր վիճակի հետ։

«Բա ի՞նչ անեի, իմ փոքր երեխուն ո՞վ պահեր։ Տուն ու տեղ չունեի, գնալու տեղ չունեի, ես էլ ստիպված աշխատում էի, թե՛ ծեծով, թե՛ վիրավորանքով պիտի աշխատեի, որ իմ երեխուն պահեի,- ասում է Լիլիթը:

Կնոջ պատմելով՝ ինքը միակը չի եղել այս կարգավիճակում․ նույն անասնաֆերմայում աշխատելիս է եղել նաև մանկատանն իր հետ մեծացած ընկերուհու մայրը՝ Հասմիկը (անունը փոխված է), որը 10 տարեկան երեխայի հետ է եղել։

Ըստ Լիլիթի պատմածի՝ երեխային տարել են սարերում կենդանիներ պահելու, իսկ ինքն ու Հասմիկը, որ տարաբնույթ աշխատանքներ են կատարել ֆերմայում, միայն դժգոհություն են լսել իրենց աշխատանքի համար։

«Ոչ մի օր չի եղել, որ ասի՝ ապրեք, շատ լավ եք աշխատել։ Իրա աչքերի դեմը միշտ վատն ա երևացել, լավը չի երևացել»,-սրտնեղում է կինը:

Մեր հարցին՝ երբևէ փորձե՞լ է դուրս գալ աշխատանքից, հեռանալ անասանֆերմայից, Լիլիթը պատասխանում է, որ վախեցել է․ ֆերմայում տեսախցիկներ են եղել, և եթե ինքը փորձեր դուրս գալ, ֆերմայի տերը՝ Ժ․ Ս․-ն իրեն ծեծի կենթարկեր։

Ինչպես է բացահայտվել դեպքը

Լիլիթն արդեն շուրջ 6 տարի աշխատելիս է եղել, երբ անասանֆերմայում է հայտնվել նրա ընկերուհին՝ Հասմիկի դուստր Թամարան (անունը փոխված է), որի հետ նույն մանկատանն է մեծացել։ Վերջինիս ևս, ըստ Լիլիթի պատմածի, շահագործել են, բայց ֆերմայում հայտնվելուց մի քանի ամիս անց նա ընդդիմացել ու հայտնել է իրավապահներին։

«Մի օր Ժ․-ն ընկերուհուս խփեց կաթի բիդոնով, իբր՝ կեղտոտ ա, ինքը բողոքեց, ասաց՝ ի՞նչ իրավունք ունես, կաթի բիդոնը վերցնես, խփես ինձ,- պատմեց Լիլիթը՝ հայտնելով, որ ընկերուհին երկու հեռախոսահամար է ունեցել․ մեկի մասին Ժ․-ն իմացել ու նրանից վերցրել է, իսկ մյուսի մասին չի իմացել։ Ընկերուհին երկրորդ համարով զանգել է ամուսնուն, որն այդ պահին սարերում է եղել, պատմել է դեպքի մասին։ Ամուսինն էլ ոստիկաններին է ահազանգել։ Ահազանգի հետքերով եկել ու իրավապահներն իրենց տարել են ոստիկանություն, որտեղ Լիլիթը, ընկերուհին՝ Թամարան, վերջինիս մայրը մանրամասներ են հայտնել իրենց հետ տեղի ուենցածի վերաբերյալ։

«Եթե ընկերուհիս չգար, երևի ես կդառնայի էդ ֆերմայի գերին, ինքն է ինձ դուրս հանել, ինքն է օգնել, որ ազատվեմ այդ ամենից,- մեզ հետ զրույցում պատմում է Լիլիթը՝ նորից հիշեցնելով, որ Ժ.-ն իրենց շահագործել է:

«Մեզ շահագործում էր, վիրավորում էր, տփում էր, դրա համար տուժվում ա: Թող հիմա իմանա՝ լավը որն ա, վատը՝ որը»,- ասում է Լիլիթը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով։ Այն այժմ քննվում է Քննչական կոմիտեում։ Ֆերմայի տերը՝ Ժ․Ս․-ն մեղադրյալի կարգավիճակ ունի, կալանքի տակ է։
Օրեր առաջ Լիլիթն առերեսվել է Ժ․Ս․-ի հետ, ասում է, որ քննիչի մոտ նույնպես պնդել է այն ամենն, ինչ մեզ է պատմում։ Լիլիթը պատմում է, որ Ժ․Ս․-ն ասել է, թե հակառակը՝ ինքն է մոտ 2 մլն դրամ գումար պարտք։

«Ես իրեն ասացի՝ դու իմ հետ հաշվարկ չես արել, ինչ թվեր էլ որ գրել ես, էդ սուտ ա։ Իբր մենք ենք իրեն պարտք, ոչ թե ինքը՝ մեզ։ Ես չհասկացա էդ հաշիվը, ո՞նց թե՝ ես կարամ իրեն պարտք մնամ, պարզվում է՝ էսքանից հետո ես եմ իրեն պարտք մնացել, ոչ թե ինքը՝ ինձ»,- ասում է Լիլիթը։

Քննիչը, որի վարույթում է այժմ գործը, այս պահին նպատակահարմար չգտավ դեպքի մասին մանրամասներ հայտնել, ասաց, որ վարույթը դեռ նոր է նախաձեռնվել, դեռ պետք է քննություն իրականացնել ու պարզել հանգամանքները։

Պաշտպանական կողմը պնդում է, որ Ժ․Ս․-ի արարքը թրաֆիքինգ չէ

Ժ․Ս․-ի պաշտպան Շամս Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ժ․Ս․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական օրենսգրքում հոդվածը հետևյալ կերպ է ձևակերպված․

«Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու միջոցով»։

Շամս Ղազարյանի խոսքով՝ Ժ.Ս-ն մեղսագրվող արարքում իրեն մեղավոր չի ճանաչում, նշում է, որ իր կատարած արարքը թրաֆիքինգ չէ։

«Անձը ունեցել է անասնաֆերմա, որտեղ տարբեր անձինք աշխատել են, անասնաֆերմային բնորոշ աշխատանքներ են կատարել։ Որոշակի պայմանավորվածություն է ունեցել, և այդ պայմանավորվածությունը գործել է. որոշակի աշխատանքի դիմաց իր ընտանիքին պատկանող խանութից այդ անձինք վերցրել են սննդամթերք և այլ պարագաներ։ Ընդամենը հետագայում, որ պետք է հաշվարկ կատարվեր, վերջնահաշվարկը կատարված չի եղել»,- ասաց Շամս Ղազարյանը՝ պնդելով, որ տուժողների և իր պաշտպանյալի միջև ընդամենը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային հարաբերությունների վեճ է։

«Եթե այն տեսանկունից մոտենանք, որ ցանկացած գործատու, եթե իր աշխատողին չի վճարում, դա թրաֆիքինգ է, աբսուրդ կլինի»,- ասում է Շամս Ղազարյանը՝ ըստ էության չհերքելով, որ Ժ․Ս․-ն իր դեմ բողոք ներկայացրած աշխատակիցներին աշխատավարձ չի վճարել։

Հարցին՝ ինչո՞ւ գործատուն չի վճարել աշխատողին, որպեսզի վերջինս իր նախընտրությամբ առևտուր կատարի, այլ ոչ թե խանութից ամեն օր 2000 դրամի սննդամթերք վերցնի, Շամս Ղազարյանն այսպես պատասխանեց.

«Երբ գործատուն իր աշխատողին աշխատավարձն ամբողջությամբ, միանվագ վճարում է, մարդն իր աշխատավարձը մոտակա մի քանի օրվա մեջ ամբողջությամբ ծախսում է, հետո էդ մարդը սննդի կարիք է, չէ՞, զգում: Այսինքն՝ իր աշխատավարձը չկա, բայց իրեն սնունդ է պետք, որոշակի բաներ են պետք, ու խնդիր է առաջանում: Հիմա իրենք էլ խանութ ունեն․ այդ նույն խանութից պետք է պարտք գոյանա»,- ասաց Շամս Ղազարյանը՝ պնդելով, որ
գործատուի կողմից այս մեխանիզմի ներդրումն ապոհովում է, որ այս մարդկանց վերցրած ապրանքի արժեքը չգերացանցի իրենց վճարվելիք գումարը, որպեսզի ավելորդ պարտավորություն չառաջանա նրանց համար։

Մեր դիտարկմանը, որ գործատուի խնդիրը չէ, թե աշխատողն ինչ չափի գումարով և որտեղից է գնում կատարում, Շամս Ղազարյանը պատասխանեց, թե գործատուն շահագրգռված է եղել, որպեսզի նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծի։

«Մարդը, որ սոված մնաց, բնականաբար, այդ աշխատանքն իր համար էլ հետաքրքրություն չի ներկայացնի»,- ասաց Ղազարյանը՝ պնդելով, որ նշված անձանց անվճար տրամադրվել են նաև կեցավայր ու կենցաղային այլ հարմարություններ՝ էլեկտրաէներգիա, վառելիք, վառարան, կենցաղային պարագաներ։

Անդրադառնալով այն հարցին, որ, ըստ Լիլիթի պնդման, Ժ․Ս․-ն նաև ծեծի է ենթարկել աշխատակիցներին, պաշտպանը նշեց, թե անձն ազատ է ասել այն, ինչ ուզում է, բայց նրա խոսքերի արժանահավատությունը, եթե ոչ նախաքննության, ապա դատաքննության ընթացքում կստուգվի։

«Ես համոզված եմ, որ մի շարք հանգամանքներ՝ ծեծի, բռնության ենթարկելու մասին, հայտարարության մակարդակից ավելի հիմնավորում չեն կարող ունենալ, այդպիսի ապացույցներ չեն կարող լինել, ավելին, կլինեն հակառակն ապացուցող փաստեր»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ Ժ․Ս․-ն Լիլիթին ասել է, թե վերջինս 2 մլն դրամ գումար է պարտք իրեն, Ղազարյանը նշեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

«Մինչև հիմա մեզ համար էլ, մեղադրյալի համար էլ հստակ չէ՝ վերջնահաշվարկ կատարվելու արդյունքում այս աշխատողներն իրեն պարտք կմնա՞ն, թե՞ ինքը պարտք կմնա այդ աշխատողներին․ ինքը հիմա անազատության մեջ է և որոշակի փաստաթղթեր, իր կողմից արձաագրված որոշակի հանգամանքներ ուսումնասիրելու հնարավորությունից զրկված է»,- ասաց պաշտպանը։

Աշխատանքային շահագործման դեպքում պետք է լինեն հարկադիր աշխատանքի տարրերը․ փորձագետ

Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքային շահագործման դեպքում պետք է լինեն հարկադիր աշխատանքի տարրերը՝ այսինքն՝ անձի համաձայնության բացակայությունը և համաձայնության բացակայության պարագայում նրա նկատմամբ որևէ սպառնալիքի իրականացումը։

«Մեծամասամբ հարկադիր աշխատանքը դրսևորվում է հետևյալ կերպ․ անձին ներգրավում են չվարձատրվող կամ չնչին վարձատրվող աշխատանքներում, դրանից հետո, երբ անձը հրաժարվում է այդ վարձատրությամբ աշխատանքը կատարել, նրան հնարավորություն չեն ընձեռում թողնել այդ աշխատանքը՝ տարբեր պատրվակներով կախյալ վիճակի մեջ գցելով։ Այս հատկանիշների առկայությունն արդեն բավարար է, որ մենք կարողանանք քննարկել հարկադիր աշխատանքի առկայությունը։ Եթե դրան զուհագեռ իրականացվում են տարբեր եղանակով ճնշումներ, բռնություն, սպառնալիքներ, մասնավորապես՝ այդ անձի ապագային ուղղված ինչ-որ վատթարացնող գործողություն, որը ոչ իրավաչափ գործողություն է (եթե չանես, կլինեն ինչ-որ հետևանքեր), տվյալ պարագայում դա հիմնավորում է նաև հարկադիր աշխատանքին զուգահեռ թրաֆիքինգի եղանակի իրականացումը, որը բավարար է, որ մենք ունենանք ավարտված հանցակազմ»,- բացատրեց Դավիթ Թումասյանը։

Որպես զոհ նույնացված անձանց թիվն աճել է

Լիլիթի և մյուների հետ կապված դեպքի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվել է նաև «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով»-ին, որի կողմից այս 4 անձինք զոհ են ճանաչվել:

Լիլիթն այժմ պետության աջակցությամբ տրամադրվող կացարաններից մեկում է․ այնտեղից է կապ հաստատել մեզ հետ։ Նրա երեխան խնամքի կենտրոններից մեկում է, ասում է՝ բարի մարդիկ երեխային տարել են, որ խնամեն, որ կրթությունից հետ չմնա։

«Հիմա դպրոց է գնում, որ սովորի, խելոք երեխա դառնա, որ մեծ տղա դառնա»,- երեխայի մասին գորովանքով խոսում է մայրն ու կիսվում իր պարզ երազանքով․

«Ես ուղղակի ուզում եմ իմ տունը ստեղծեմ, իմ երեխեն իմ կողքը լինի, աշխատեմ, ապրեմ»։

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի համաձայն՝ անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը և քրեադատավարական նորմերին համապատասխան տուժող ճանաչելը տարբեր նպատակներ հետապնդող գործընթացներ են, որևէ կերպ չեն կարող բխել միմյանցից, սակայն դրանց համար հիմք համարվող տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը Factor.am-ի հետ զրույցում նույնացված զոհերի վերաբերյալ թվային տվյալներ է ներկայացնում, համաձայն որոնց՝ նույնացված զոհերի թիվն այս տարի բավականին մեծ է։

2023 թվականի 9 ամսվա ընթացքում արդեն 20 անձ հանձնաժողովի կողմից նույնացվել է որպես զոհ։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, 2022-ին ամբողջ տարվա ընթացքում նույնացվել է ընդհանուր 6 անձ։

Դավիթ Թումասյանն այս հանգամանքը պայմանվորում է կորոնավիրուսի համավարակով։ Փորձագետի խոսքով՝ 2020 թվականին, երբ սահմանները փակվել են՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բոլոր երկրներում էլ ներքին թրաֆիքինգի դեպքերն ավելացել են։

Իսկ ինչո՞ւ են ենթադրյալ դեպքերը միայն տարիներ անց ի հայտ գալիս․ Թումասյանը բացատրում է, որ շատ դեպքերում շահագործումը տևում է ոչ թե մեկ-երկու ամիս, այլ տարիներ, ուստի՝ տրամաբանական է, որ հիմա են այդ դեպքերը բացահայտվում։

Սոֆի Բոստանչյանի խոսքով՝ 2023-ին նույնացման հանձնաժողովի կողմից զոհ ճանաչված անձանց մեջ ամենաշատը՝ 17 անձ, աշխատանքային շահագործման զոհերն են։

«Այս 17 անձանց մեջ, ցավոք սրտի, մեծամասնություն են կազմում նաև անասնաֆերմաներում աշխատանքային շահագործման ենթարկված անձինք։ Երեք դեպքով ունեցել ենք երեք և ավելի նույնացված զոհեր, որոնք շահագործման են ենթարկվել անասնաֆերմաներում»,- ասում է Սոֆի Բոստանչյանը։

Վերջինիս խոսքով՝ անասնաֆերմայում շահագործման դեպքերով ենթադրյալ շահագործման ենթարկողը ենթարկվողին հրավիրել է անասնաֆերմայում որոշակի աշխատանք կատարելու, որի դիմաց նախապես խոստացել է որոշակի գումար, սակայն հետագայում չի տվել խոստացված գումարը, ավելին, կան դեպքեր, երբ ոչ միայն գումարը չեն տվել, այլ նաև մյուս երաշխիքներով չեն ապահովել։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ զոհերը բնակվել են անասնաֆերմայում՝ վատ սանիտարահիգիենիկ պայմաններում։

Ըստ Բոստանչյանի՝ անասնաֆերմաներում շահագործման են ենթարկվել հատկապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կանայք, ընդ որում՝ կան դեպքեր, երբ ծնողների հետ եղել են նաև երեխաները, և նրանք նույնպես ենթարկվել են շահագործման։

«Կան նաև դեպքեր, երբ երեխան ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ դուրս է մնացել կրթությունից և չի հաճախել դպրոց»,- ասում է Բոստանչյանը։

Արդյո՞ք այս հարցում անելիք չունի նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը։ Փորձագետ Դավիթ Թումասյանի խոսքով՝ այս մարմինը պետք է վերանայի իր պլանային ստուգում իրականացնելու օբյեկտները, հաճախականությունը, որ կարողանա վաղաժամկետ հայտնաբերել նման իրավիճակները, այլ ոչ թե թողնի, որ ունենանք ավարտված հանցագործություններ, որից հետո նոր միայն բարձրաձայնվի դրանց մասին։

Արաքս Մամուլյան