Դատավոր Վարդգես Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել Դավիթ Գրիգորյանի գործով՝ հայտնելով, որ ինքն ու Կարեն Բիշարյանը եղել են այդ գործով դատախազ

Լուրեր

21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուսանկարում՝ ձախից՝ Վարդգես Սարգսյան, Դավիթ Գրիգորյան, Կարեն Բիշարյան։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանն ինքնաբացարկ է հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով։ Ինքնաբացարկի հիմքում Սարգսյանը դրել է այն հանգամանքը, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշման դեմ ներկայացված բողոքով դատարանում եղել է դատախազության ներկայացուցիչը, ինչն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել իր՝ որպես դատարանի, անաչառության վերաբերյալ։ Որոշման մեջ Վարդգես Սարգսյանը հիշատակել է, որ այս գործին, որպես դատախազ, առնչություն է ունեցել նաև Կարեն Բիշարյանը։ Վերջինս, որպես դատավոր, մասնակցել է Վճռաբեկ դատարանում Դավիթ Գրիգորյանի գործի քննությանն ու ստորագրել նրան արդարացնելու որոշումը բեկանելու մասին դատական ակտը։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որին 2019 թվականին մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Այս որոշումից կարճ ժամանակ անց Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով, և Գրիգորյանի պաշտպաններն այս հետապնդումը կապել էին Քոչարյանի գործով որոշումների հետ։

Այսպես՝ Քոչարյանի և մյուսների գործով որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը, սակայն այն ժամանակ դատախազ եղած Կարեն Բիշարյանը Փանոսյանի բողոքը մերժել է և քրեական գործ չհարուցելու որոշումը թողել ուժի մեջ։ Դատախազի այս որոշման դեմ Փանոսյանը բողոք է ներկայացրել դատարան, որտեղ որպես դատախազ մասնակցել է Վարդգես Սարգսյանն ու պնդել, որ օրինական է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։

Հետագայում, սակայն, գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, գործ է հարուցվել, և դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ գործով ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է բողոք, և դատավորը, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում, դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն։

Դավիթ Գրիգորյանի գործը 2020 թվականին՝ այն ժամանակ, երբ դեռևս Հակակոռուպցիոն դատարանը ստեղծված չէր, ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին։ Վերջինս որոշում է կայացրել առանց դատաքննություն նշանակելու Դավիթ Գրիգորյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակից Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ ի թիվս այլնի, հիմքում դնելով այն հանգամանքը, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Դավիթ Բալայանի այս որոշումը Վերաքննիչ դատարանում մնացել է անփոփոխ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը բողոքը վարույթ է ընդունել։ 2021 թվականին վարույթ ընդունված գործով մինչև 2022 թվականի հուլիս որոշում կայացված չի եղել։ Այդ ժամանակ արդեն ձևավորվել է Հակակոռուպցիոն դատարանը, և Դավիթ Գրիգորյանի գործին առնչություն ունեցող դատախազ Վարդգես Սարգսյանը դարձել է Առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ նույն գործին առնչված դատախազ Կարեն Բիշարյանը՝ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Նկատի ունենալով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանին վերագրվող պաշտոնեական կեղծիք կատարելու արարքը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում՝ գործն ուղարկվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան և վերամակագրվել դատավոր Բիշարյանին։

Վերջինս էլ, որպես դատական կազմի դատավոր, մասնակցել և 2023 թվականի հունիսի 12-ին ստորագրել է Դավիթ Գրիոգրյանին և Գոռ Վարդանյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բեկանելու և գործն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին որոշումը։
Գործը բեկանվելուց հետո ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որտեղ մակագրվել է Վարդգես Սարգսյանին, որը, փաստորեն, ինքնաբացարկ է հայտնել՝ ի տարբերություն Կարեն Բիշարյանի։
Փաստացի, ստացվում է, որ Կարեն Բիշարյանը, որը նախկինում համաձայնել է Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործ չհարուցելու մասին որոշման հետ, այժմ, արդեն որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, անաչառության խնդիր չի տեսել և ստորագրել է նրան արդարացնելու որոշումը բեկանելու վերաբերյալ դատական ակտը։
Բացի Դավիթ Գրիգորյանի գործին ուղղակի առնչությունից, Կարեն Բիշարյանը եղել է նաև Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից։ Իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցած քրեական գործընթացներն, ինչպես արդեն վերը նշել ենք, վերջինիս պաշտպանները կապել են Քոչարյանին 2019 թվականին ազատ արձակելու և նրա վերաբերյալ գործով Սահմանադրական դատարան դիմելու որոշումների հետ։

Այս հանգամանքը ևս անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր կասկած հարուցել Կարեն Բիշարյանի՝ որպես դատարանի անաչառության վերաբերյալ։ Երբ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը դեռևս որոշում չէր կայացրել Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ, Factor.am-ը Կարեն Բիշարյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք վերջինս կաշկանդված չէ Քոչարյանի գործով նախկինում դատախազ լինելու հանգամանքով, ինչին ի պատասխան Կարեն Բիշարյանը հայտնել էր, որ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմը նվազագույնը երեք դատավորի կազմով կարող է գործել, և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրենք 3 դատավորի կազմով են աշխատում, այլ դատարան ստեղծել հնարավոր չէ, և ինքը չի կարող ինքնաբացարկ հայտնել։

Մինչդեռ հունիսին, երբ որոշում է կայացվել, Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմը համալրվել էր ևս մեկ դատավորով, այսինքն՝ եթե անգամ Բիշարյանը ինքնաբացարկ հայտներ, դատարանի կազմում ևս երեք դատավոր կար, որոնք կարող էին որոշում կայացնել։

Նշենք, որ դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները երեկ դադարել են․ վերջինս հուլիսի 21-ին հրաժարականի դիմում է նեկայացրել, որից 10 օր անց միայն ԲԴԽ-ն որոշում է կայացրել նրա լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ։
Ըստ իրավական շրջանակներում տարածված լուրերի՝ Բիշարյանը տեղափոխվել է ԱՄՆ։

 

Արաքս Մամուլյան