Խախտելով օրենքը․ Դատական դեպարտամենտը չի տրամադրում «Դատալեքս»-ի խափանման վերաբերյալ տեղեկատվություն
Հասարակություն
10.11.2022 | 12:02Դատական դեպարտամենտը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մի քանի դրույթներ, տեղեկություն չի տրամադրում այն մասին, թե օրեր առաջ ի՞նչն է եղել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի խափանման պատճառը, տարեկան որքա՞ն է կազմում համակարգի աշխատանքի համար հատկացվող բյուջեն։ Բացի այդ պատասխան չի հնչել նաև Factor․am-ի գրավոր հարցման մեջ ընդգրկված մի քանի այլ հարցերի։
Հոկտեմբերի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է:
«Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ»,- ասված էր հայտարարության մեջ։
Այդ պահին համակարգը մասնակի գործում էր, միայն նոր մուտքագրված գործերի վերաբերյալ տեղեկությունները կայքում հասանելի չէին։ Հոկտեմբերի 22-ից արդեն կայքն առհասարակ չէր գործում։ Մեկ շաբաթ անց միայն՝ հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Դատալեքս»-ի աշխատանքը վերականգնվել է։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի հարգելի՛ օգտատերեր,
Տեղեկացնում ենք, որ «Դատալեքս»-ի տեխնիկական խոտանը վերացվել է. համակարգը գործում է անխափան:
Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- հայտնում էին ԲԴԽ-ից։
Սա Դատական-տեղեկատվական համակարգի խափանման առաջին դեպքը չէր․«Դատալեքս»-ը պարբերաբար է խափանվում, բացի այդ՝ հաճախակի չի աշխատում ոչ աշխատանքային օրերին, իսկ 2021 թվականի տարեվերջին և 2022-ի տարեսկզբին համակարգում նոր գործերի մասին տվյալներ հնարավոր չէր գտնել։
Որպես համակարգի խափանման պատճառ՝ մշտապես նշվում է տեխնիկական խնդիրը, իսկ թե ինչու են ծագում այդ խնդիրները, Դատական դեպարտամենտը երբևէ չի պարզաբանել։ Ոչ պաշտոնապես շրջանառվում է «Դատալեքսը» սպասարկող համակարգչային սերվերի հին լինելու վարկածը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Դատալեքս»-ը սպասարկող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունն ու ԲԴԽ-ն պարբերաբար անհամաձայնություններ են ունենում ծրագրային սպասարկման գնի շուրջ․ «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս»-ը պահանջում է այնպիսի գումար, որը ԲԴԽ-ն չի կարող վճարել, սակայն այս ընկերությանն այլընտրանք դեռևս չի գտնվել։
Նշենք, որ «Դատալեքս»-ի խափանման դեպքում հնարավոր չի լինում հետևել դատական համակարգում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններին։ Ավելին՝« Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» համաձայն դատարանի եզրափակիչ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված այլ դեպքերում դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
Խոսքն, օրինակ, քաղաքացիական գործերով վերջնական վճիռների մասին է․ քաղաքացիական գործերով դատավորները ոչ թե դատական նիստերի դահլիճում են վճիռները հրապարակում, այլ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով։
Դատական իշխանության պաշտոնական կայքը Court.am-ն է, այստեղ ակտիվ հղումով առկա է «էլեկտրոնային արդարադատություն և դատական գործեր» պատուհանը։ Այս պատուհանը տանում է դեպի «Դատալեքս»։ Court.am կայքում որևէ այլ շտեմարան չկա, որտեղ հրապարակվում են պարտադիր հրապարակման ենթակա դատական ակտերը։ Այսինքն՝ դրանք հրապարակվում են «Դատալեքս»-ի միջոցով, և երբ այս համակարգը խափանվում է, օրենքով սահմանված կարգով քաղաքացիական գործերով վճիռները չեն հրապարակվում։
Դատական դեպարտամենտ ուղարկված հարցումը և դրան տրված պատասխանը
Հոկտեմբերի 24-ին հարցում էինք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ՝ պարզելու, թե տեխնիկական որ խնդիրներն են համակարգի խափանման պատճառը, արդյոք դրանք կապ ունեն սերվերի հին լինելու հետ, որքան է կազմում «Դատալեքս»-ի աշխատանքն ապահովելուն հատկացվող տարեկան բյուջեն, երբ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը չի գործում, քաղաքացիներն ինչպ՞ս կարող են տեղեկանալ դատական իշխանության պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ դատական ակտերի մասին և , վերջապես, ե՞րբ կվերականգնվի «Դատալեքս»-ի բնականոն աշխատանքը։
Նշենք, որ տեղեկատվական համակարգում այս պահին առկա չէ նաև նոր ձևավորված «Հակակոռուպցիոն դատարանի», Դատական երաշխիքների վարույթով (նախաքննության փուլում գտնվող վարույթների վերաբերյալ միջնորդությունները և բողոքները) հրապարակման ենթակա գործերի վերաբերյալ տեղեկություններ։
Բարձրագույն դատական խորհուրդն արդեն տևական ժամանակ է՝ խոսում է գործերի բաշխման էլեկտրոնային միասնական համակարգ ներդնելու անհրաժեշտության մասին, ինչի պարագայում այս գործերը նույնպես կմուտքագրվեն դատական տեղեկատվական համակարգ։
Դատական դեպարտամենտից հետաքրքրվել ենք նաև՝ այժմ միջոցներ ձեռնարկո՞ւմ են գործերի բաշխման միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ։ Դրական պատասխանի դեպքում խնդրել ենք հայտնել, թե կոնկրետ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։
Հարցումն ուղարկելուց 15 օր անց Դատական դեպարտամենտից ստացվել է մի գրություն, որի բովանդակությունից պարզվում է, որ այն փոխանցվել է «Դատալեքս»-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանին։
Հատկանշական է որ Մանուկյանին ուղարկված գրությունը թվագրված է նոյեմբերի 8-ով, այսինքն՝ այն ստանալուց 15 օր անց է ուղարկվել ընկերության տնօրենին։
«Հարգելի պարոն Մանուկյան
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարին հասցեագրած Ֆակտոր տեղեկատվական կենտրոն ՀԿ-ի լրագրող Ա․ Մամուլյանի 24․10․2022 թվականի հարցմամբ խնդրվել է տրամադրել տեղեկություններ, որոնք առնչվում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ձեզ է ուղարկվում հիշյալ հարցումն՝ ի տնօրինություն»,- ասված է Արմեն Մանուկյանին ուղարկված գրություն մեջ, որը ստորագրված է Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Գալստյանի կողմից, իսկ որպես կատարող նշված է Խաչիկ Պետրոսյանը։
Նկատենք, որ մեր հարցման մեջ միայն «Դատալեքս»-ի տեխնիկական խնդրին առնվող հարցադրումներ չեն, բայց այն ամբողջությամբ ուղարկվել է «Դատալեքս»-ի տեխնիկական սպասարակումն իրականացնող ընկերությանը։ Այսինքն՝ Դատական դեպարտամենտը, որը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն է, համարում է, որ «Դատալեքս»-ը սպասարկող ընկերությունը պետք է պատասխանի, օրինակ, այն հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Դատական դեպարտամենտը միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտումները
Վերը նշված գործողություններով Դատական դեպարտամենտն ակնհայտորեն խուսափել է մեր կողմից հայցվող տեղեկություննները տրամադրելուց՝ մի քանի կետով խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
Այս օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։
Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հնգօրյա ժամկետում, իսկ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝
10․ Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
11․ Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվությունը տնօրինողը պարտավոր է հնգօրյա ժամկետում հայտնել նաև տեղեկատվության տրամադրումը մերժելու մասին։
Այսինքն՝ մեր կողմից ուղարկված գրավոր հարցմանը ցանկացած պարագայում պետք է պատասխան տրվեր հնգօրյա ժամկետում։
Այս ժամկետում կա՛մ պետք է տրամադրվեր մեր կողմից հայցվող տեղեկատվությունը, կա՛մ հայտնվեր, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է պահանջվում՝ միաժամանակ տրամադրելով պատասխանը հետաձգելու պատճառն ու այն տրամադրելու վերջնական ժամկետը կա՛մ պետք է հայտնվեր, որ Դեպարտամենտը չունի այդ տեղեկատվությունը, դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակում չէ, կա՛մ պետք է մասամբ տրամադրվեր տեղեկատվություն, եթե Դատական դեպարտամենտը մասամբ էր տիրապետում հայցվող տեղեկատվությանը կա՛մ մերժեր տեղեկատվության տրամադրումը։
Դեպարտամենտը, սակայն, ինչպես տեսնում ենք, հնգօրյա ժամկետում մեզ որևէ պատասխան չի տրամադրել և հարցումը փոխանցել է «Դատալեքս»-ը սպասարկող ընկերությանը։ Հատկանշական է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում որևէ դրույթ գոյություն չունի, որի հիման վրա տեղեկություն ստանալու հարցումը կարող է փոխանցվել մեկ այլ մարմնի կամ կազմակերպության, հետևաբար՝ Դատական դեպարտամենտը գործել է օրենքով չսահամանված կարգով։
Բացի այդ, ակնհայտ է, որ Դատական դեպարտամենտը հենց այն մարմինն է, որը հանդիսանում է մեր կողմից հայցվող տեղեկատվության տնօրինողը, հակառակ պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը չէր կարող հրապարակել տեղեկություններ այն մասին, որ «Դատալեքս»-ի աշխատանքը խափանվել է, պատճառները տեխնիկական են կամ խնդիրը վերացվել է ու համակարգը սկսել է գործել։
«Դատալեքս»-ի պարբերական խափանումների, այն սպասարկող ընկերության և ԲԴԽ-ի միջև անհամաձայնությունների թեմայով պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում։
Արաքս Մամուլյան