Արտահոսք Առողջապահության նախարարության տվյալների բազայից․ ի՞նչ խնդիր են լուծել կորոնավիրուսից մահացածների տվյալների հանրայնացմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.06.2020 | 22:05Ֆեյսբուքում տարածվել են լուսանկարներ, որոնցում նշված են Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները։ «Զնդան» անվանումով էջը, որը ստեղծվել է 2019-ի հունիսի 20-ին, ֆեյսբուքում գրանցված է որպես լրատվական ընկերություն և տնօրինվում է ՌԴ-ում բնակվող օգտատիրոջ կողմից, երեկ ուշ երեկոյան հրապարակել է 132 քաղաքացու անուն, ազգանուն, ծննդյան տարի, ամիս ու ամսաթիվ և այն հետևյալ կերպ մակագրել․ «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար։ Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է»։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հրապարակված տվյալները իրական են։ Մարդկանց անձնական տվյալների հրապարակման անթույլատրելի փաստի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը դիմելու է իրավապահներին․ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։ Կառույցի ղեկավար Գևորգ Հարապետյանը նշեց, որ այդ հրապարակման հետ կապված առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր:
«Պետք է հասկանալ՝ ով է հրապարակել, որտեղից, էդ ով որ հրապարակել էր, իր կարգավիճակով պայմանավորված ունե՞ր պարտականություն հրապարակելու կամ պարտականություն՝ չհրապարակելու։ Պետք է հասկանանք տվյալների կարգավիճակը, տվյալներն ում մոտ են եղել»,- ասաց Հայրապետյանը։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից փոխանցեցին, որ շուտով պատրաստվում են այս թեմայով հայտարարութուն տարածել։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս դեպքը կարող է նշանակել, որ իրականում ավելի մեծ քանակի տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել և սա դրա մի մասն է միայն։ «Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչի հետ գործ ունենք, ինչ քանակի տվյալներ են, որտեղից են հայտնվել և ում ձեռքով՝ հաշվի առնելով այն, որ էջի ադմինը պարզ չէ, թե ով է։ Ֆեյսբուքն իրեն ճանաչում է որպես ՌԴ-ում գտնվող մարդ»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետը նշում է․ եթե հիմա է նման արտահոսք տեղի ունեցել, ապա չի բացառվում, որ առաջիկայում էլ կարող են արտահոսել տվյալներ քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերը վերահսկող համակարգից, որն արդեն 3 ամիս է գործում է․ «Այդ համակարգը նույնպես, փաստացի, ինչ-որ ձևով Առողջապահության նախարարության հետ է առնչվում։ Եթե այս ձևով արտահոսք է եղել, այնտեղ էլ կարող է արտահոսք լինի, իսկ այդ համակարգի արտահոսքը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ, որովհետև բացահայտում է ողջ բնակչության տեղաշարժը»։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը թեև նկատում է, որ կար հանրային պահանջ և կարիք՝ թեմայի շուրջ տեղեկատվության, սակայն մահացածների տվյալները նման ձևաչափով հրապարակելն անօրինական է․ «Խնդիրն այստեղ անձնական տվյալի հրապարակումը չի, խնդիրն այն է, որ այստեղ կոնկրետ մարդկանց վերաբերյալ բժշկական տվյալներ են հրապարակվել։ Կա որոշակի հանրային լուրջ պահանջ, կարիք՝ իմանալու այդ տվյալները, սակայն այն ֆորմատը, որն ընտրվել է հրապարակման համար, անընդունելի է և անօրինական։ Մի բան ակնհայտ է․ արտահոսք է տեղի ունեցել բժշկական հաստատություններից կամ Առողջապահության նախարարության համակարգից, որովհետև այնտեղ է, որ համակարգված, ամբողջական այս ֆորմատով տվյալները առկա են»։
Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ հրապարակումը նորմալ կդիտվեր, եթե միայն անուն ազգանուններ նշված լինեին․ «Մի մասի դեպքում խնդիր չունենք, որովհետև մարդիկ իրենք են նախկինում իրենց հարազատի վերաբերյալ տվյալներն իրենց համաձայնությամբ, իրենց կամքով հանրայնացրել։ Սակայն, այն մասի դեպքում, որտեղ չունենք համաձայնության առկայություն, այստեղ վիճահարույց է»։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տնօրենն այս առիթով ամերիկյան New York Times-ի օրինակն է բերում։ Պարբերականի կայքում օրեր առաջ հրապարակվել են ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների տվյալները։ Անիմացիոն նյութի մեջ նշված է նրանց անուն, ազգանունը, տարիքը, քաղաքը, որտեղ բնակվել են և տվյալ անձին նկարագրող մեկ նախադասություն։ Սոցցանցերում նմանատիպ տվյալների հրապարակումը խնդրահարույց կարող է լինել նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Ուստի հարցի առնչությամբ դիմեցինք նաև Ազգային անվտանգության ծառայությունից։ Կառույցից որևէ մեկնաբանություն ստանալ, սակայն, ողջ օրվա ընթացքում չհաջողվեց։ Իսկ ահա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Factor.am-ին փոխանցեցին, որ այս պահի դրությամբ առկա վիճակի ուսումնասիրությունը վկայում է մարդու անձնական տվյալների մշակման, այդ գործընթացի անվտանգության ապահովման պահանջների խախտման մասին։
Թե որտեղից են Հայաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների անձնական տվյալները սոցցանցերում հայտնվել, առայժմ պարզ չէ։ Սակայն հստակ է մեկ բան․ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ մահացած մարդու անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն են տալիս նրա բոլոր օրինական ժառանգները, ժառանգներ չունենալու դեպքում՝ ժառանգության բացման վայրի համայնքի ղեկավարը, իսկ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի հավատարմագրային կառավարիչը, եթե մինչ այդ տվյալների սուբյեկտը նման համաձայնություն չի տվել:
Ըստ օրենքի՝ մահացած քաղաքացու անձնական տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե այդ տվյալները լինեն անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը և ամսաթիվը: Անհայտ օգտատիրոջ հրապարակման մեջ, սակայն, վերոնշյալ տվյալներից բացի նաև ներառված են մահացած քաղաքացիների բնակության հասցեները և այն բուժհաստատությունների անունները, որտեղ նրանք բուժում են ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան