Թանգարան Հանրապետության հրապարակում. իրատեսակա՞ն, թե ռիսկային նախաձեռնություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը, հնարավոր է` կրկին բացվի և թանգարանի վերածվի։ Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

Գաղափարը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանինն է։ Վարչապետ Փաշինյանն էլ օրեր առաջ ողջունել է նախաձեռնությունը։

Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում գտնվող ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է 2003 թվականին՝ հրապարակի վերանորոգման ժամանակ։ Շինարարական աշխատանքների ընթացքում՝ ասֆալտի վերին շերտը հանելուց հետո հայտնաբերվել են պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կավե սափորների մասեր ու ջրատար խողովակներ։

«Սա շինարարական արվեստի գլուխգործոց է։  Այն ժամանակ՝ դեռ 2003 թվականին, զբոսաշրջիկները գալիս էին, ասում էին բաց թողեք, ապակի դրեք, սա գիտե՞ք զբոսաշրջության համար ինչ է։ Շատ խնդրեցինք Կառավարությանը, Կառավարությունը մերժեց», – ասում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆրինա Բաբայանը։

Նա հրապարակի ստորգետնյա քաղաքը թանգարանի վերածելու՝ նոր իշխանությունների նախաձեռնությունը թեև ողջունում է, բայցև ափսոսում է կորցրած ժամանակը. «Տխրություն եմ ապրում այս քանի օրը, որովհետև մենք արդեն բացել էինք։ Դա շատ տանջալի աշխատանք է։ Գիտե՞ք՝  ոնց եմ աշխատել։ 4 մետր բարձրություն ունեն այդ նկուղային հարկաբաժինները։ Աստիճանները դնում էինք, իջնում, դույլերով մաքրում։ Մաքրել, հանձնել ենք Կառավարությանը, իսկ նրանք վերցրին ու նորից հող լցրին»։

Գաղափարը լավն է, սակայն շտապել պետք չէ․ նշում են  մասնագետները։ Ըստ նրանց՝ յուրաքանչյուր քայլ պետք է մտածված արվի։

«Բազմաթիվ խնդիրներ կան՝ կապված հրապարակի հետ․ ավտոկայանատեղիներն են, ստորգետնյա ամբողջ տարածքի ուսումնասիրությունն է, ավտոկանգառները ներքև իջեցնել է պետք։ Հրապարակն այսօր մեքենաների տրանսպորտային հանգույց է դարձել։ Եվ այն, բնականաբար,  պետք է վերադարձնել ժողովրդին»,- նշում է ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն էլ ընդգծում է․ «Եթե մենք սկսում ենք այս պրոցեսը, սրա բուն վերականգնման գործընթացը՝ ոչ թե քանդման, նվազագույնը 2-3 տարի ժամանակ է  պահանջում։ Արդյոք այսօր Կառավարությունը կամ, ընդհանրապես, պետությունը պատրա՞ստ է  նման բան անել, թե՝ ոչ։ Եթե այս տարի ուզենք շըփ-թըփ անել՝ ինչպես հաճախ լինում է, փչացնելու և կորցնելու ենք այդ պատմական ժառանգությունը։ Որպես գաղափար շատ լավն է, բայց, տեսնելով ժառանգության պահպանման այն մոտեցումները, որոնք կան վերջին 2 տարվա ընթացքում, վախենում եմ, որ անդառնալի կորուստներ կունենանք»։

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի կարծիքով՝ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ անհայտ են․ «Չկա նախագիծ, չկա առաջարկ։ Կա գաղափար, որը նետվել է դեպի օդ և  դրանից այն կողմ մենք չենք գնում։ Հրապարակը, միևնույն է,  անընդհատ փոփոխվում է։ Եվ եթե խոսքն այդ հատվածը բացելու մասին է, ես սկզբունքորեն դեմ չեմ։  Ինձ համար հսկայական նշանակություն ունի, թե ինչպես է դա արվելու։  Եթե դա ինչ-որ մի ձևով կազդի հրապարակի տեսքի վրա, ես կտրականապես դեմ եմ լինելու»։

Մարկ Գրիգորյանն առաջարկում է հրապարակի ստորգետնյա քաղաքը թանգարանի վերածելու տարբերակները նաև Հայաստանից դուրս փնտրել․ «Եթե մենք ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել, եկեք միջազգային մրցույթ հայտարարենք, տեսնենք՝ ինչ գաղափարներ կան։ Գուցե և լինեն առաջարկներ, որոնք հրապարակի ընդհանուր տեսքին չեն խանգարի»։

Անելիքներն ու ժամկետներն այժմ քննարկման փուլում են․ որոշումներ կայացնող խումբ է ձևավորվել․ մանրամասնում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը․ «Կունենանք պատկերացում, թե ինչպես ենք դա իրականացնելու  և արդեն կհայտարարենք նախ նախագծային, հետո արդեն՝ շինարարական մրցույթ։ Կան տարբերակներ, որ ցանկապատ լինի և կարողանան մոտենալ, վերևից նայել։ Կա ամբողջությամբ ապակու տակ առնելու տարբերակը կամ կեսը ապակու տակ, մնացածը՝ գետնի տակ՝ որպես թանգարանային հատված։ Կընտրվի լավագույն տարբերակը, որը չի խախտի հրապարակի ընդհանուր մոնումենտալությունը»։

Նախարարի տեղեկացմամբ՝ նախագծի բյուջեն դեռ չեն հստակեցրել․ քննարկման փուլում է։ Առայժմ միայն տեղացի մասնագետների են ընդգրկել․ «Նաև նախատեսել ենք, որ եթե լուծումներ ունենք, գործուղումներ անենք տարբեր քաղաքներ՝ լավագույն փորձն ուսումնասիրելու և Հայաստանում ներդնելու համար»։

Որքան արագ, այնքան լավ․ ասում է Արայիկ Հարությունյանն ու վստահեցնում․ անհարմարությունները փորձելու են նվազագույնի հասցնել, սակայն եթե դրանք լինեն էլ, ապա միայն հօգուտ Երևանի։

 

Նելլի Մելքոնյան