Ոստիկանությունում «մարդ չեն ուտում», բայց երբեմն խոշտանգում են․ վարչապետի՝ «ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ» հարցերին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
Բոլորը

Ոստիկանության Արաբկիրի բաժնում հակագազով խոշտանգման տեսանյութի հրապարակումից հետո իրավապահները շտապեցին շեշտել, որ տեսանյութը հրապարակվել է տարիներ առաջ։ Իսկ ինչպիսի՞ իրավիճակ է այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ զարմացել է պատգամավոր Քրիոստինե Պողոսյանի հարցից այն մասին, թե կան պնդումներ, որ հեղափոխությունից հետո էլ արձանագրվել են ոստիկանական խոշտանգումների դեպքեր։

«Հեղափոխությունից հետո Ոստիկանությունում մարդ են խոշտանգե՞լ, ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ։ Տենց տեղը կարելի ա ասել չեն խոշտանգում մենակ, նաև ուտում են, բայց որտե՞ղ, ե՞րբ»,- արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությունը հարուցել է իրավապաշտպանների տարակուսանքը, որոնք հիշեցնում են անցած մեկուկես տարիների ընթացքում Ոստիկանությունում գրանցված խոշտանգումների դեպքերը։

Ամենից աղմկահարույցը Էդգար Ծատինյանի խոշտանգման, ապա՝ մահվան դեպքն է։ Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը Factor TV-ին պատմել էր, որ այս տարվա ապրիլի 7-ին Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում որդուն ստիպել են ցուցմունք տալ հարևանների դեմ, սակայն երբ Էդգար Ծատինյանը հրաժարվել է, սկսվել են ոստիկանական խոշտանգումները։

«Մեքենայի մեջ ջարդելով՝ հեռախոսը վերցնում են, ասում է՝ թողեք, զանգեմ տատիս ասեմ, որ ինձ տանում եք, չեն թողնում: Ծեծելով տանում են Ոստիկանություն, էնտեղ լավ ծեծում են, ո՛չ միայն իրեն, այլ Աբրահամին, Ֆեդյային, թաղից մի 15 հոգու։ Ծեծում են մի այլ կարգի, ասում են՝ էնքան էին խփել պոչկեքիս, չեմ կարողանում շարժվել, չեմ կարողանում շնչել։ Երեխես ասել ա՝ մի կում ջուր տվեք, կանդալած տանում են զուգարան, քցում են գետնին, սկսում են խփել։ Ասում ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ինքը որ վթարի էր ենթարկվել, ոտքը հավաքած ա շշով։ Ասա, թե որ ոտքդ ա, որ կտրենք, ու սկսում են հարվածել, ջուրը շփում են վրեն, թե՝ ա՛ռ, խմի՛։ Բերում նստացնում են ու ասում են՝ գրի, պիտի գրես, որ էդ կնոջը սպանել են Արմանն ու իր կինը։ Ասում ա՝ ես չեմ տեսել, ո՞նց տենց բան գրեմ, չեմ գրի տենց բան»,- պատմել էր Լարիսա Եթարյանը։

Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահից առաջ Էդգար Ծատինյանը հասցրել էր հարազատներին պատմել, որ ոստիկանական բաժանմունքում կրիստալը գցել են իր գրպանը, ձեռնաշղթաներ հագցրել ու ծեծել։ Մինչ օրս Էդգար Ծատինյանին խոշտանգողները անպատիժ են։ Անցած տարի օգոստոսի 16-ին Գեղարքունիքի Զոլաքար գյուղի բնակիչ Միշա Մխիթարյանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել էր, որ Ոստիկանությունը հետապնդել ու բռնության է ենթարկել 18-ամյա թոռանը՝ Հայկ Մխիթարյանին։ Երիտասարդին ոստիկանները կասկածել էին բանակից ազատվել ցանկանալու մեջ։ Նրա զորակոչը, սակայն, առողջական խնդիրներով պայմանավորված հետաձգվել էր։ Օգոստոսի 12-ին երիտասարդին ոստիկանները գյուղից բերել էին Երևան, ճանապարհին, ըստ երիտասարդի, շատ կոպիտ, սպառնալիքներով և հայհոյանքներով էին խոսում: Ոստիկանության Նորքի բաժնում ևս 18-ամյա երիտասարդի հետ շարունակել են հայհոյանքներով խոսել:

«Հայհոյանքներով հետս խոսում էին, 24-25 տարեկան էին։ Եկա բաժին հանեցին վերև քննիչի մոտ նստեցի։ Ասեցի՝ հետս քֆուրով չխոսես: Իրար հետ վիճեցինք, խփեց ինձ: Հետո ինձ տարան գնդապետի մոտ: Մի գեր մարդ էր իր հետ նստած: Ասեցին՝ հլը պատմի տենանք, թե չէ կյանքովդ մեկ գնալու ես փտես բանտերում»,- պատմել է Հայկ Մխիթարյանը։

Փաստաբան Արսեն Սարգսյանը Factor TV-ին պատմեց իր պաշտպանյալ Օմար Ազմանյանի նկատմամբ Մեծամորի բաժնի ոստիկանների վատ վերաբերմունքի մասին։ Եզդի տղամարդը պատմել է, որ Ոստիկանությունում իրեն ծեծել են, կողոսկրը ջարդել և ստիպելով ընդունել հանցանքը։ Ոստիկանների սպառնալիքների ներքո Օմար Ազմանյանը չկատարած հանցանքի մեղքն իր վրա է վերցրել։ Փաստաբան Արսեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ոստիկանների դեմ հարուցված խոշտանգման փաստով քրեական գործը ՀՔԾ-ն կարճել է՝ անբավարար ապացույցների հիմքով։ Դատաբժշկական փորձաքննությամբ վնասվածք չէր հայտնաբերվել։ Արսեն Սարգսյանը պատմեց․«Պատմել էր, որ սահմանից բերելիս և ճանապարհին էին կոպտել ու հարվածել, բռնություն գործադրել, հետո բերել էին աշխատասենյակ, ասել էին չոքի, ստորացրել էին, ասել էին՝ կստորացնենք, հետո կնկարենք, կուղարկենք քսիֆը բերդ։ Էս ձևի բաներով ազդեցություն էին գործել՝ ասելով՝ մեկը հարվածել էր, կպել էր սեղանին։ Էդ վնասվածքն էր, որ պիտի արձանագրվեր։ Ավելի ուշ փորձաքննություն նշանակվեց, որ ավելի ուշ տարան դատաբժշկական փորձաքննության։ Արդեն կարող էր ապաքինված լիներ»։

Հեղափոխությունից հետո ոստիկանական խոշտանգման ևս մեկ պատմություն է հրապարակել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպությունը։ Այս տարվա փետրվարի 28-ին Ստեփանավանի Ոստիկանության բաժանմունքից մարմնական վնասվածներով՝ անգիտակից վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել Ստեփանավանի բնակիչ Արման Հոդաբաշյանը։ Ընկերներն ահազանգել էին, որ Հոդաբաշյանը խոշտանգվել է Ստեփանավանի Ոստիկանության բաժանմունքում, ապա նրան ստիպել են գրել, թե իբր վնասվածքներ ստացել է աստիճանների վրա ընկնելու հետևանքով։

«Հելսինկյան ասոցացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը, որ դատարաններում պաշտպանում է խոշտանգված անձանց իրավունքները, արձանագրում է՝ խոշտանգումների դեպքերը նոր Հայաստանում մնում են անպատիժ։ Խոսում է փաստերով։ 2017-ի հոկտեմբերին Իջևան քաղաքի Ոստիկանության քրեական հետախուզության պետ Գերասիմ Մարդանյանը ծեծի է ընթարկել Ժորա Սիմոնյանին։ Ոստիկանը հայհոյել, ապտակել, ոտքով հարվածել է 19-ամյա երիտասարդի փորին ու ոտքերին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանը խոշտանգել է պատժելու նպատակով։ Հիմնավորվել էր վնասվածքներ ստանալու փաստը։ Սակայն դատարանը արդարացրել է քրեական հետախուզության պետ Գերասիմ Մարդանյանին։ Բողոքարկել են Վերաքննիչ ատյան։ Երկրորդ պատմությունը, որում որպես պաշտպան ներգրավված է փաստաբան Արա Ղարագյոզյանը, կրկին խոշտանգում է՝ հեղափոխությունից հետո՝ 2018-ի մայիսի 25-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի 4 աշխատակիցներ ծեծելով խոշտանգել են Արմեն Աղաջանյանին։ Վերջերս դատարանը խոշտանգման դեպքը վերաորակել է  լիազորությունների անցում։ ՔԿՀ աշխատակիցներից Արմեն Հովհաննիսյանը դատապարտվել, ու կարճ ժամանակ անց համաներումով ազատ է արձակվել։ Խոշտանգված Աղաջանյանին գտել են կախված վիճակում։

«Խոշտանգումներ նույնիսկ հեղափոխությունից հետո կան և խոշտանգումների գործերով արդյունավետ քննություններ չեն իրականացնում։ Դատավորները խոշտանգողներին արդարացնում են, իսկ տուժողների խախտված իրավունքներին մնում են անհաղորդ։ Միանշանակ՝ վարչապետը և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Այս գործերը, երբ ՄԻԵԴ գնան, դատավորները չէ, որ պատասխանատվություն կկրեն, այլ կառավարությունը։ Նույնիսկ հեղափոխությունից հետո այդ դաժան վերաբերմունքը եղել է ոստիկանական բաժիններում։ Պարտադիր չէ մարդու միայն ցուցմունք կորզեն, որ համարվի խոշտանգում։ Նույն արհամարհական և հոգեբանական ճնշումները»,- պատմեց փաստաբանը։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանն ասում է, թե ոստիկանական խոշտանգումների մասին ահազանգեր քաղաքացիներն իրենց չեն ուղղել։ Թեև ոստիկանական գործողությունները կատարյալ չեն, ըստ իշխանական պատգամավորի, խոշտանգումները հնարավորինս բացառված են:

«Ես չեմ կարծում, թե այս պահին ոստիկանական բաժանմունքներում կարող են խոշտանգման դեպքեր լինել և եթե անգամ որևէ ոստիկանի մտքով անցնի նման կերպ վարվել քաղաքացիների հետ նույնիսկ մեղավոր ճանաչված, նշանակում է, թե չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած փոփոխության տրամաբանությունը։ Արկածախնդրության դիմելու պես բան է, և նման դեպքերը որևէ կերպ չեն ներվելու և ջրվելու, բոլոր նման վարքի տեր մարդիկ պետք է արժանանան պատասխանատվության անկախ իրենց կարգավիճակից»,- ասաց պատգամավորը։

Ներպետական ատյաններում խոշտանգման գործով ոչ մի անձ չի դատապարտվել, փոխարենը  խոշտանգման 12 փաստով իրավունքի խախտում է արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Ռոբերտ Անանյան