«Էդ շքանշանը փառատոնի շնորհակալությունն է տվյալ անձին»․ Կարեն Ավետիսյանը` Սամվել Ալեքսանյանին «Մանթաշյանց ասպետ» շքանշան տալու մասին
Ընդամենը երկու օր առաջ ավարտվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Այդ առթիվ Factor TV-ն զրուցել է փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի հետ.
-Ո՞րն էր այս տարվա փառատոնի գլխավոր առանձնահատկությունը։
-Տարբերությունները մի քանիսն էին։ Նախ կային ծրագրային տարբերություններ։ Այսինքն, ծրագրեր, որոնք գործարկվեցին այս տարի։ Օրինակ, մենք տարածաշրջանային մրցույթ հայտարարեցինք, որտեղ տարածաշրջանում կինոն ներկայացված է լինում եւ հայ կինոն ներկայացված է լինում տարածաշրջանային համատեքստում, «Ծուռ ծիրանը» մեկնարկեց, «Ավանգարդ» նորարական փորձարարական էսպիսի մի քիչ ռադիկալ եւ էքստրեմալ կինոյի ժանրերը, որ ներկայացված են առանձին լսարանի համար, ինչպես նաեւ գովազդային արշավն ուղղված էր ավելի երիտասարդ սերնդին, որովհետեւ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ երիտասարդության մեջ կա չօգտագործված պոտենցիալ, կա հանդիսատես, որը կարող է հարաբերվել հեղինակային կինոյի հետ, բայց մինչեւ վերջ տեղեկացված չէ փառատոնային կինոյից։ Կաննի կինոփառատոնից ունեցանք «Քննադատների շաբաթ» ծրագրի հատուկ ֆիլմաշարը, որը ներկայացվեց Երեւանում եւ կինոքննադատ Օլիվե Պինեսոնը Կաննի կինոփառատոնից անձամբ եկել էր ներկայացնելու երիտասարդ կինոքննադատների հետ աշխատարան ունենալու մեթոդները։
-Խոսեցիք գովազդային արշավի մասին, թե ինչպես ներգրավել կինոդիտողներին։ «Ծիրանս ուտես», «Խուժան կինո գալի՞ս ես» պաստառները էդ արշավի շրջանակներու՞մ էին։
-Տեսեք, նախ կարեւոր է հասկանալ, որ կոնկրետ «Ծիրանս ուտես»-ը, ամենամեծ ռեզոնանս բարձրացրածը, «Ոսկե ծիրանի» պաշտոնական պաստառը չէր, այլ «Երեւան» ամսագրի համարն էր, որը նվիրված էր «Ոսկե ծիրանին», եւ «Երեւան» ամսագիրը իր հատուկ լեզվական ռեգիստրն ունի, որով շփվում է իր թիրախային ընթերցողի հետ։ Դա ինչ-որ համապատասխան ենթամշակույթային ուղղվածության շրջանակում, դա իրենց ընտրությունն էր եւ ոչ մի կապ չուներ փառատոնի պաշտոնական պաստառի հետ։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե խոսում ենք սլենգային բառերի կիրառման մասին, որը ոչ միանշանակ արձագանք արթնացրեց, որն ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ ուղղված էր էլի հատուկ ենթամշակութային շերտի, ու էստեղ հիմնական փիլիսոփայությունն այն է, որ դրանք բառեր են, որոնք բոլորը կիրառում են։ Իհարկե, կարելի է ծայրահեղացնել, ասել՝ հայհոյանք էլ են բոլորը կիրառում, բայց ոչ հայհոյանք ենթադրող բառեր, օրինակ, «դուխով» բառը, որը էլի լեզվական առումով հասկանում ենք ինչի մասին է խոսքը, բայց կոնտեքստի մասով գիտենք ինչ է նշանակում։
– Այս տարի փառատոնը Մանթաշյանց ասպետ շքանշանի արժանացրեց գործարար Սամվել Ալեքսանյանին։ Ինչու՞։
-Ընդհանրապես փառատոնային ընթացակարգի մեջ կա էսպիսի մի ավանդույթ, երբ որ տարում ստացվում է որոշակի աջակցություն մասնավոր սեկտորի կողմից, հիմա նրան բարերար անվանենք, թե բիզնեսմեն անվանենք, թե մեկենաս։ Էդ շքանշանը փառատոնի շնորհակալությունն է տվյալ անձին, հաշվի առնելով, որ տվյալ տարվա փառատոնի կայացման մեջ էդ ներդրումը կարեւոր դեր է խաղացել։ Իհարկե, դա շատ խորքային, էթիկական հարց է, ինչի շուրջ որ էդ ռեզոնանսն առաջացել է, որը գալիս է դարերի խորքից, հենց Մանթաշյանցից սկսած, ով, ենթադրենք, եթե էդպիսի ռադիկալ չափորոշիչներ դնենք, ապա շատ սկեպտիկ կլինի վերաբերմունքը էն մարդու հանդեպ, ում անունն է կրում էդ մեդալը։ Այսօրվա հայեցակարգում Մանթաշյանցի գործունեությունը կհամարվեր ոչ էթիկական, որովհետեւ Մանթաշյանցը երկրին տրված էկոլոգիական վնասի արդյունքում հարստացավ։ Էստեղ յուրաքանչյուրն ինքը՝ արվեստագետը, փառատոնը, որեւէ ինստիտուցիա ընտրում է էդ խստության սահմանը։ Հիմնականում ո՞նց է՝ մենք պատասխանատու ենք մեր արած աշխատանքի համար, հաշվետու ենք ինքներս մեզ կամ հանրությանը կամ հովանավորներին, կոնկրետ Ա կետից Բ կետ արված աշխատանքի համար, որն արվել է էդ գումարի միջոցով։ Թե որտեղից են այդ գումարի աղբյուրները, նկատի չունեմ պարոն Ալեքսանյանին, դա արդեն խորացման երկրորդ էշելոն է, որն անհատ արվեստագետ լինի, թե փառատոն, ինքն իր համար է կայացնում էդ որոշումը, թե որքանով է դա իր գործը, ոչ թե պետության կամ իրավական շրջանակների։
-Էստեղ խնդիրն իրականում «ասպետ» անվանումն է, որովհետեւ Ալեքսանյանին փորձում են զուգադրել «ասպետ» հասկացության հետ։
-Մեդալի անվանումը հո ըստ ամեն տարվա ստացողի, որ մի հոգի էլ չի, շատ տարբեր են, Ռալֆ Յիրիկյանը, Գաբրիել Ջամբարջյանը։ Շատ տարբեր, իշխանությունների հետ կապված, տարբեր գործունեությունների, տարբեր էթիկական արձագանքների հասարակության կողմից, սրանք արդեն ուրիշ ասպեկտ են, որն ուրիշ քննարկման, քաղաքացիական դիրքորոշումների հարց է։ Բայց էդ բիզնեսի եւ արվեստի կապը միշտ էլ լինում է ներդրումների հանդեպ շնորհակալության փոխադարձ ձեւաչափով։
– Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը դիմում է գրել կինոգործիչների միությունից դուս գալու մասին։ Պատճառը «Արծաթե ծիրանի» արժանացած «Հասարակության գերին» ֆիլմն է մեր հարեւան վրացի ռեժիսորի նկարահանած, որի թեման տրանսգենդերն է։ Պարոն Սահակյանն ասում է տարեց տարի էդպիսի ֆիլմերը մեծ տեղ են գրավում «Ոսկե ծիրանի» փառատոնում։ Դուք մտադի՞ր եք հաշվի նստել նրա դժգոհության հետ։
-Ես չգիտեմ որեւէ փառատոն, գոնե մի քիչ հեղինակավոր փառատոն, որը որեւէ մասնակցություն որեւէ խավի, շերտի, երեւույթի մասով չի ունենում։ Այստեղ որքան գիտեմ պարոն Սահակյանցին անհանգստացրել է մրցանակը, որով պարգեւատրվել է այդ ֆիլմը, բայց մրցանակն էլ իր հերթին տրվում է միջազգային ժյուրիի կողմից։ Այսինքն, սա ոչ թե ինչ-որ լոկալ մոդելի մեջ տեղի ունեցող ինչ-որ գործողություն է, այլ դա միջազգային ժյուրի է տարբեր երկրներից, տարբեր կինոմասնագետներ տարբեր ուղղվածության, տարբեր տարիքի, որոնց վրա որեւէ ազդեցություն որեւէ փառատոնում իրավունք չկա։ Ինչ վերաբերվում է ֆիլմին, առիթից օգտվելով ասեմ, որ ֆիլմը Եվրոպական կինոակադեմիայի տարվա 10 լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մեկն է, Բրիտանական կինոինստիտուտի կողմից տարվա 10 լավագույն ֆիլմերից մեկն է։ Դրանք ֆիլմեր չեն, որոնք պարզապես ինչ-որ տեղից վերցվել-մտցվել են ինչ-որ բան ապահովելու համար։ Էդ համատեքստում շրջանառվում է Սորոսի գրասենյակի շահարկումը։ Հիմա հարցն այն է, թե ինչու է շահարկվում։ Ինչ վերաբերվում է Դավիթ Սահակյանցին, դա իր դիրքորոշումն է, իր իրավունքն է, թե որ կառույցի մաս լինել։
Զրուցեց Մհեր Արշակյանը
Մանրամասները տեսանյութում: