21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի համաձայն՝ ուսումնասիրված 21 երկրում 12-17 տարեկան շուրջ 20 միլիոն երեխա մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության կամ բռնության։ Դեպքերի գրեթե 60 տոկոսը տեղի է ունեցել սոցիալական մեդիայի հարթակներում, իսկ Հայաստանում նման դեպքերի կեսից ավելիի մասին երեխաները որևէ մեկին չեն հայտնել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօր հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ 21 երկրում 12-17 տարեկան շուրջ 20 միլիոն երեխա՝ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը, մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության առնվազն մեկ ձևի։

Երեխաների աչքերով․ ինչպես են թվային տեխնոլոգիաները նպաստում երեխաների նկատմամբ սեռական բռնությանը զեկույցը համադրում է երեխաների վկայությունները և հասանելի հարցումների տվյալների ամենածավալուն շտեմարաններից մեկը՝ ահազանգելով երեխաների նկատմամբ սեռական բռնության և ոտնձգության լայն տարածում ունեցող միտման մասին, որը տեխնոլոգիաների միջոցով դրսևորվում է ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում։

Զեկույցի գնահատմամբ՝ ավելի քան 15 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի սեռական բնույթի բովանդակության, 9 միլիոն երեխայի իրենց կամքին հակառակ առաջարկվել է մասնակցել սեռական բնույթի զրույցների կամ կիսվել սեռական բնույթի պատկերներով, իսկ 4 միլիոն երեխայի սեռական բնույթի պատկերները տարածվել են առանց նրանց համաձայնության։ Սակայն խնդրի իրական մասշտաբը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները հաճախ չեն հայտնում իրենց հետ տեղի ունեցածի մասին։

«Զեկույցը բացահայտում է ցավալի իրականություն։ Ուսումնասիրված երկրներում ավելի քան 20 միլիոն երեխա առերեսվել է անցանկալի բացահայտ սեռական բնույթի բովանդակության կամ առցանց ոտնձգության՝ հաճախ այն թվային միջավայրերում, որտեղ նրանք սովորում են, խաղում և շփվում ընկերների հետ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Այսպիսի փորձառությունները խորապես ազդում են երեխաների հուզական և հոգեկան բարեկեցության վրա։ Շատ երեխաներ լուռ են տանջվում՝ չիմանալով, թե ում դիմել օգնության համար։ Մենք չենք կարող աչք փակել այս խնդրի վրա»։

Զեկույցում նշվում է, որ դեպքերի գրեթե 60 տոկոսը տեղի է ունեցել սոցիալական մեդիայի հարթակներում, այդ թվում՝ Facebook-ում, Instagram-ում, Snapchat-ում, TikTok-ում և WhatsApp-ում, իսկ դեպքերի 14 տոկոսը՝ առցանց խաղեր խաղալիս։ Երեխաների վստահությունը շահարկելու նպատակով օգտագործվել են այդ հարթակների հնարավորությունները, գործառույթներն ու դիզայնը։ Մոնտենեգրոյում հաղորդված դեպքերի ավելի քան 80 տոկոսը կապված է եղել սոցիալական մեդիայի հարթակների հետ, իսկ Կոլումբիայում՝ ավելի քան կեսը։

Ուսումնասիրված երկրներում դեպքերի 57 տոկոսում բռնություն գործադրողը երեխային արդեն ծանոթ անձ է եղել՝ այդ թվում հասակակից, սիրային հարաբերությունների մեջ գտնվող անձ, ընկեր կամ ընտանիքի անդամ։ Սա կասկածի տակ է դնում այն տարածված պատկերացումը, թե առցանց բռնությունը հիմնականում իրականացվում է անծանոթների կողմից։ Երեխաների միայն 38 տոկոսը բռնություն գործադրողին առաջին անգամ հանդիպել է առցանց։ Տվյալները նաև ցույց են տալիս, թե ինչպես կարող են, օրինակ, կեղծ հաշիվներն ու անձնական հաղորդագրությունների գործառույթները նպաստել բռնության իրականացմանը։

Տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգություններն ու բռնությունը կարող են խորապես ազդել երեխաների հուզական բարեկեցության, ապահովության զգացողության և այլ մարդկանց նկատմամբ վստահության ունենալու վրա։ Հետազոտության շրջանակում անցկացված հարցազրույցներում երեխաները հաճախ խոսել են վախի, ամոթի, շփոթության և մեկուսացման զգացումների մասին։ Շատերը դժվարացել են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ կամ որտեղ կարող են աջակցություն ստանալ։

«Ես չգիտեի՝ ինչպես արձագանքել… մի փոքր շոկի մեջ էի», – ասել է Դոմինիկյան Հանրապետությունից մի երիտասարդ կին՝ պատմելով, թե ինչպես են 14 տարեկանում իր անձնական լուսանկարները տարածվել առանց իր համաձայնության։ Հետազոտության մեկ այլ մասնակից, անդրադառնալով նմանատիպ փորձառությանը, ասել է, որ իրեն զգացել է «ամենա- շահագործված, ամենակեղտոտ, ամենավատ մարդը»։

Տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության ենթարկված երեխաների շրջանում ինքնասպանության մասին մտքերի կամ վարքագծի և ինքնավնասման մասին հաղորդելու հավանականությունը չորս անգամ ավելի բարձր է եղել, իսկ տագնապայնության մակարդակը՝ զգալիորեն ավելի բարձր։

Օրինակ՝ Մեքսիկայում և Հյուսիսային Մակեդոնիայում ինքնասպանության մասին մտքերի կամ վարքագծի ռիսկը ռնության ենթարկված երեխաների շրջանում ավելի քան ութ անգամ բարձր է եղել, իսկ Պակիստանում ինքնավնասման ռիսկը՝ ավելի քան յոթ անգամ։

Տեխնոլոգիաների միջոցով իրականացվող բռնության դեպքերի ավելի քան 40 տոկոսի մասին երեխաները որևէ մեկին ընդհանրապես չեն պատմել, և դեպքերի 1 տոկոսից պակասն է հաղորդվել իրավասու մարմիններին, այդ թվում՝ ոստիկանությանը, սոցիալական աշխատողներին կամ աջակցության թեժ գծերին։ Ընդհանուր առմամբ, լռելու ամենատարածված պատճառն այն է եղել է, որ երեխաները չգիտեին՝ ուր դիմել կամ ում պատմել տեղի ունեցածի մասին։ Ուսումնասիրված որոշ երկրներում դեպքերի մասին չհայտնելու ցուցանիշն ավելի բարձր է եղել, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ դեպքերի կեսից ավելիի մասին երեխաները ոչ մեկին չեն հայտնել։

Այս տվյալները վկայում են, որ թվային դարաշրջանում երեխաներին ավելի լավ պաշտպանելու համար պետությունները, տեխնոլոգիական ընկերությունները և մյուս շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն։ Զեկույցում կոչ է արվում շտապ միջոցներ ձեռնարկել՝

  • Թվային հարթակներն ի սկզբանե ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ՝ երեխաների համար գաղտնիության առավել ամուր երաշխիքներով, մեծահասակների կողմից երեխաների հետ անցանկալի կապ հաստատելու սահմանափակումներով, ավելի անվտանգ առաջարկությունների համակարգերով, ինչպես նաև բռնության դեպքերի հայտնաբերման և հաղորդման ավելի արդյունավետ մեխանիզմներով։
  • Բարելավելու օրենսդրական և կարգավորող դաշտը, ինչպես նաև հաշվետվողականությունը՝ ապահովելով, որ կառավարություններն ունենան անհրաժեշտ գործիքներն ու կիրառման մեխանիզմները՝ բռնության զարգացող ձևերին, այդ թվում՝ սեռական շանտաժին և արհեստական բանականության միջոցով ստեղծվող սեռական բռնության նյութերին արձագանքելու համար։
  • Ստեղծելու երեխաների վստահությունը վայելող համակարգեր, որտեղ դեպքերի մասին հաղորդում կներկայացնեն և աջակցություն կստանան, ինչպես նաև ներդրումներ կատարելու երեխաների պաշտպանության, առողջապահության, արդարադատության և սոցիալական ծառայությունների ոլորտներում։
  • Երեխաների վրայից հանելու պաշտպանվելու բեռը՝ ապահովելով, որ ընտանիքները, դպրոցներն ու համայնքները երեխայի կողմից բռնության մասին պատմելուն արձագանքեն աջակցությամբ և օգնեն ու նպաստեն նրան, որ երեխան կարողանա ապահով կերպով դիմել անհրաժեշտ աջակցության։