Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
Քաղաքականություն
20.10.2026 | 22:30
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների հարցում «ոչինչ չի փոխվել»։ Այս մասին նա հայտարարել է Հնդկաստան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում, հայտնում է «Европейская правда»-ն։
Ռուբիոն ընդունել է, որ ներկայում կարող են ուշացումներ առաջանալ Ուկրաինային հրթիռային որսիչների մատակարարման հարցում, քանի որ ամերիկյան բազմաթիվ գործընկերներ նույնպես հավակնում են այդ տեսակի սպառազինությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, PURL ծրագիրը շարունակում է գործել առանց փոփոխությունների, իսկ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը։
«Ուստի թույլ տվեք հստակեցնել իրավիճակը։ Ինչպես արդեն նշել եմ նրա՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցի ընթացքում, նախ՝ Պատերազմի նախարարության մասով՝ այն ամենը, ինչ նրանք անում են Ուկրաինայի առնչությամբ, մնում է անփոփոխ։ Ոչինչ չի փոխվել։ Երկրորդ՝ խոսքը հետախուզական տվյալների փոխանակման մասին է։ Նախագահը՝ Դոնալդ Թրամփը, հստակ հասկացնել է տվել, որ այստեղ ամեն ինչ կարգին է։ Որևէ նման փոփոխություն չկա»,- ասել է պետքարտուղարը։
Նա նշել է, որ հակահրթիռային որսիչները շարունակում են մնալ աշխարհում ամենապահանջված սպառազինության տեսակը, ուստի դրանց մատակարարումների ընթացքում կարող են ուշացումներ առաջանալ։
«Աշխարհի ամեն երկիր կցանկանար ւնենալ որսիչները։ Աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններ դիմում են մեզ՝ դրանք ստանալու խնդրանքով։ Հավանաբար, ներկայումս սա պաշտպանական ոլորտի ամենապահանջված արտադրանքն է։ Հետևաբար, երբ որևէ երկիր Միացյալ Նահանգներից չի ստանում, դա չի նշանակում, որ մենք մերժում ենք նրան։ Մենք նույնպես ունենք մեր կարիքները։ Ուստի Ուկրաինային ոչնչում միտումնավոր չեն մերժում։ Պարզապես անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել մյուս գործընկերների հանդեպ մեր պարտավորությունների և, անկեղծ ասած, մեր սեփական օբյեկտների պաշտպանության չափանիշների ու պահանջների միջև»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է, որ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների ցանկացած ուշացում քաղաքական դրդապատճառներ չունի։
«Կարծում եմ՝ ձեզ համար գլխավոր եզրակացությունն այն է, որ Ուկրաինային վնաս հասցնելու որևէ կանխամտածված քաղաքական դիրեկտիվ չի եղել»,- հավելել է նա։
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության մակարդակով նկատվում է Ուկրաինայի համար անհրաժեշտ միջոցների մատակարարումների ուշացում։
Ավելի վաղ Զելենսկին Միացյալ Նահանգներին մեղադրել էր Կիևի վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ՝ ստիպելու նրան կապիտուլյացիայի ենթարկվել Ռուսաստանի առաջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

