Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
Քաղաքականություն
20.10.2026 | 21:35
Թուրքիայի բարձրաստիճան զինվորական և պաշտպանական արդյունաբերության ոլորտի պաշտոնյաները երկու շաբաթ առաջ Բաքվում ժպիտներով էին հայտարարում ադրբեջանական բանակին զինտեխնիկա մատակարարելու՝ 500 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրերի մասին։ Այս գործարքները կարծես ցույց էին տալիս, որ երկու երկրների՝ էթնիկ, կրոնական, մշակութային և պատմական կապերով ամրապնդված դաշինքը շարունակում է արդյունքներ տալ, հատկապես 2021 թվականի Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո։ Այդ հռչակագրով Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվել են աջակցել միմյանց պաշտպանությանը։ Այս մասին ասվում է Middle East Eye-ի անդրադարձում, որը մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում Թուրքիա-Ադրբեջան լարված հարաբերություններից ու տիրող իրավիճակից։
Նշվում է, որ չնայած միմյանց տնտեսություններում էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներն ընդգրկող բազմամիլիարդանոց ներդրումներին՝ այս շաբաթ իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին մեղադրել են նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ ապստամբություն հրահրելու փորձի մեջ։ Թուրքիայի կառավարության և Ֆիդանի դեմ աննախադեպ հարձակումները հաջորդել են անցյալ ամիս Ադրբեջանի ընդունած որոշմանը՝ տարրական և միջնակարգ դպրոցներում գլխաշոր կրելն արգելելու մասին։ Այդ որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել և քննադատական արձագանքների տեղիք տվել Թուրքիայի լրատվամիջոցներում։
Անցյալ շաբաթ Ֆիդանը Բաքու էր այցելել տարածաշրջանային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Հաղորդվում է, որ այցի ընթացքում նա եղել է նաև քաղաքում գործող թուրքական կրթական հիմնադրամներից մեկում։
Ադրբեջանի նախագահականի հետ սերտ կապեր ունեցող Qafqazinfo կայքը Ֆիդանի այցը կապել է Ադրբեջանում թուրքական կապեր ունեցող կառույցների գործունեության վերաբերյալ ավելի լայն մեղադրանքների հետ։
«Ադրբեջանը նույնպես բախվել է Թուրքիային առնչվող կառույցների՝ երկրում պետական հեղաշրջում իրականացնելու և քաոս հրահրելու փորձերին»,- ասվում էր հրապարակման մեջ, որը հետագայում հեռացվել է և վերահրապարակվել՝ առանց Ֆիդանի դեմ ուղղված հատվածների, այն բանից հետո, երբ Թուրքիայի դեսպանատունը կտրականապես հերքել էր այդ մեղադրանքները։
«Կան լուրջ տեղեկություններ, որոնք վկայում են, որ Ֆիդանը հանդիպման ընթացքում կոնկրետ հրահանգներ է տվել»,- նշվում է հոդվածում։
Middle East Eye-ին մի շարք պաշտոնյաներ և խնդրին ծանոթ անձինք հայտնել են, որ Թուրքիայի և Ֆիդանի դեմ հարձակումները կազմակերպելու հրահանգը տրվել է երկրի բարձրագույն մակարդակով։
«Ֆիդանի այցն ավելի է վատթարացրել իրավիճակը»
Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ալիևը քողարկված քննադատություն էր հնչեցրել Անկարայի հասցեին՝ մեղադրելով նրան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ։ Ադրբեջանական աղբյուրներն ավելի վաղ MEE-ին հայտնել էին, որ Ալիևն արձագանքում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին, որի ընթացքում նա քննադատել էր այն երկրներին, որոնք խոչընդոտներ են ստեղծում մահմեդական աղջիկների կրթության համար։ Անկարան պնդում է, որ Էրդողանի այդ խոսքերն ուղղված էին եվրոպական երկրներին, այլ ոչ թե Ադրբեջանին։
Անցյալ շաբաթ ճգնաժամն ավելի է խորացել, երբ Թուրքիայի նախագահի խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում գրառում է հրապարակել՝ կոչ անելով Բաքվին չեղարկել գլխաշոր կրելու արգելքը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Լեյլա Շահին Ուստան, որը 1990-ականների վերջին Թուրքիայում գլխաշոր կրելու արգելքի դեմ պայքարի խորհրդանշական դեմքերից էր դարձել, նույնպես քննադատել է Ադրբեջանի որոշումը։
Նրանց հայտարարությունները դրդել են Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը կոշտ ձևակերպումներով հայտարարություն տարածել՝ նախազգուշացնելով Անկարային՝ իսլամական աշխարհի նկատմամբ գերիշխանություն հաստատելու փորձերից զերծ մնալու մասին։ Մինչ Թուրքիայի պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փորձում էին հարթել վեճը, նրանք պնդում էին, որ Սարալն արտահայտել է իր անձնական կարծիքը և չի խոսել Էրդողանի անունից։
Երեք պաշտոնյա և իրավիճակին ծանոթ մեկ աղբյուր MEE-ին հայտնել են, որ ի պատասխան՝ Բաքուն Անկարայից պահանջել է Սարալին ազատել պաշտոնից։ Բաքուն նաև Անկարային խնդրել է քրեական հետապնդում սկսել սոցիալական ցանցերի այն մեկնաբանների նկատմամբ, որոնք վիրավորել էին Ալիևին, և փոխանցել է այն հաշիվների ցանկը, որոնց արգելափակումն էր պահանջում։
Թուրքիայի կառավարությունը հետագայում արգելափակել է այդ մեկնաբաններին պատկանող որոշ հաշիվներ, սակայն մինչ այժմ այլ քայլեր չեն ձեռնարկվել։
Էրդողանի՝ հինգշաբթի Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը նույնպես զայրացրել է Բաքվին։ Էրդողանը հրաժարվել է մասնակցել՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ նույն սրահում չհայտնվելու համար։ Սա բարկացրել է Բաքվին, որը բացակայությունն ընկալել է որպես Ալիևի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Մի քանի աղբյուր MEE-ին հայտնել են, որ այս ամսվա վերջին Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը դեռ հաստատված չէ։ Ոմանք կարծում են, որ նա կարող է պատասխան քայլով նույնպես չմասնակցել։
Ֆիդանը մասնակցել է գագաթնաժողովին, սակայն Հերցոգի ելույթը բոյկոտելու՝ մյուս մասնակից երկրների հետ նրա որոշումը նույնպես բացասաբար է ընդունվել ադրբեջանցիների կողմից։
«Ֆիդանի այցն ավելի է վատթարացրել իրավիճակը։ Նրա այցը, գործողություններն ու ուղերձները բացասաբար են ազդել իրավիճակի վրա։ Մենք պետք է տեսնենք Թուրքիայի վերաբերմունքի իրական փոփոխություն»,- ասել է խնդրին ծանոթ ադրբեջանական աղբյուրը։
Վեճն ավելի է բարդացել այն բանից հետո, երբ Էրդողանն անցյալ շաբաթ կրթական հիմնադրամի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան այլևս այն երկիրը չէ, որտեղ երեխաները ստիպված են լինում արտասահմանում սովորել իրենց հագուստի կամ քաղաքական հայացքների պատճառով։ Ադրբեջանում նրա խոսքերը մեկնաբանվել են որպես Բաքվին ուղղված հերթական քննադատություն։
ԱԶԿ-ի դեմ ուղղված հրապարակումներ
Դրան հաջորդել է Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության կառավարության դեմ ուղղված հրապարակումների տարափը։ Qafqazinfo-ի հրապարակման մեջ ԱԶԿ-ին մեղադրել են իր հետ փոխկապակցված հասարակական կազմակերպությունների միջոցով իսլամիստական գաղափարախոսությունը տարածելու փորձի մեջ։ Դրանց թվում նշվել է նաև այն հիմնադրամը, որն, ըստ տեղեկությունների, այցելել էր Ֆիդանը։ Հրապարակման մեջ նաև պնդվել է, թե թուրքական հետախուզությունը նման կառույցներն օգտագործում է այլ երկրների ներքին քաղաքականությանը միջամտելու համար, և ենթադրվել է, որ Ֆիդանն իր այցի ընթացքում կարող էր այդ նպատակով հրահանգներ տալ։
Նույն հրապարակման մեջ պնդվել է, թե 1915 թվականին Օսմանյան կայսրությունը հայերին տեղափոխել է ադրբեջանական տարածք՝ երկիրը մասնատելու նպատակով։ Սա դավադրապաշտական տեսություն է, որը նախկինում տարածել են ադրբեջանցի որոշ ազգայնականներ։
Publika-ն ԱԶԿ-ին մեղադրել է իսլամիստական և «Մուսուլման եղբայրներ» շարժման գաղափարախոսությունն արտահանելու մեջ։ Այն նաև նախազգուշացրել է թյուրքական մյուս պետություններին, որ Թուրքիայի պետական զարգացման գործակալությունը՝ TİKA-ն, կարող է վտանգ ներկայացնել նրանց ներքին կայունության համար։
Musavat-ը պնդել է, թե AKP-ն գլխաշորի շուրջ վեճն օգտագործում է Թուրքիայի ներսում հնչող քննադատությունից, մասնավորապես՝ 17 միլիարդ դոլարի հիմնադրամի շուրջ սկանդալից ուշադրությունը շեղելու համար։
Ադրբեջանական մեկ այլ լրատվական կայք՝ Global Info-ն, Թուրքիային մեղադրել է տարածաշրջանում նեոօսմանյան քաղաքականություն վարելու մեջ՝ նշելով, որ Անկարան Բաքվին վերաբերվում է որպես ենթակայի, այլ ոչ թե հավասար գործընկերոջ։
Հրեական համաշխարհային գործակալության՝ «Սոխնուտի» պատվավոր դեսպան, իսրայելցի քաղաքագետ և լրագրող Ռոման Գուրևիչը News.Az International-ում հրապարակված հոդվածում գրել է. «Բաքուն իր ինքնիշխանությունը չի զիջի իսլամիստական պահանջներին»՝ կոչ անելով Անկարային դադարեցնել տարածաշրջան սեփական մոդելն արտահանելու փորձերը։
Գուրևիչը համարվում է Ալիևին մոտ կանգնած անձ։ Ալիևը տասնամյակներ շարունակ ռազմավարական դաշինք է պահպանում Իսրայելի հետ։
Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներին հրահանգվել էր ավելի լայնորեն տարածել Բաքվի մերժումը՝ ուղղված ԱԶԿ-ի քաղաքական իսլամին, Ադրբեջան այդ մոդելն արտահանելու ենթադրյալ փորձերին, երկրի ներքին գործերին միջամտելուն և Ադրբեջանին Թուրքիայի ազդեցության գոտու մաս դիտարկելուն։
«Սա ճգնաժամ էր, որի կարիքն ունեինք, հակառակ դեպքում Թուրքիայում ոմանք կարծում էին, թե Ադրբեջանը Թուրքիայի ազդեցության գոտու մասն է։ Հիմա նրանք պետք է հասկանան, որ մենք մեկ ազգ ենք, բայց երկու պետություն»,- նշել է աղբյուրը։
Թուրք պաշտոնյան MEE-ին հայտնել է, որ Անկարան կշարունակի պահպանել հանգստություն և չի սրի լարվածությունը՝ պատասխանելով ադրբեջանական հայտարարություններին ու լրատվամիջոցների հրապարակումներին։
«Մեր ռազմավարական դաշինքը մեր եղբայրների հետ բավական ամուր է՝ այս ճգնաժամը հաղթահարելու համար։ Մենք թույլ չենք տա, որ անբարեխիղճ դերակատարները գոհունակություն ստանան՝ տեսնելով, թե ինչպես ենք վնասում այն»,- ասել է պաշտոնյան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

