Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
Քաղաքականություն
20.10.2026 | 20:57
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ստեփանյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո, ըստ ՔՊ նախընտրական ցուցակի, հաջորդ թեկնածուն Եսթեր Սահակյանն է։
ՀՀ կառավարության պաշտոնական կայքի կենսագրական տվյալների համաձայն՝ Եսթեր Սահակյանը 2024 թվականի մարտի 15-ից զբաղեցնում է ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը։ Նախկինում նա աշխատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնում, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների բաժնի ավագ մասնագետ։ 2016-2018 թվականներին աշխատել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում՝ որպես փորձագետ։
Factor.am-ին Սահակյանի հետ կապ հաստատել չհաջողվեց` մեկնաբանություն ստանալու համար, արդյոք վերցնելու է մանդատը, թե շարունակելու է աշխատել վարչապետի աշխատակազմում։
Նշենք, որ Վարչապետի արարողակարգի պատասխանատու Եսթեր Սահակյանին 2026 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը ներառյալ Փաշինյանի որոշմամբ տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Նարեկ Կիրակոսյան

