Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Քաղաքականություն
24.11.2026 | 13:56
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Կովկասյան միջազգային կոնգրեսի մասնակիցներին, որը կազմակերպվել է Թուրքիայի Իգդիրի համալսարանի կողմից՝ «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» խորագրով։
Իր ուղերձում Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները «պատմական Շուշիի հռչակագրով» հասել են ամենաբարձր՝ դաշինքի մակարդակի, և երկու երկրների կողմից համատեղ իրականացված հսկայական նախագծերը, որոնք իրենց գերազանց աշխարհագրական դիրքով կամրջի դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև, վերաձևավորել են Հարավային Կովկասի և ընդհանուր առմամբ ամբողջ եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և կապի քարտեզը:
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը այս տարածաշրջանը վերածել է միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության առումով մեծ ռազմավարական նշանակության վայրի: Զանգեզուրի միջանցքը, որն այժմ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ոչ միայն կապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այլև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի հնարավորությունների մեծացմանը, միջազգային առևտրի և լոգիստիկ հարաբերությունների զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»,-հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, որպես այդպիսին՝ նման միջանցք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

