Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
Մշակույթ
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 27-ին Հորդանանի Փոքր Պետրա պատմամշակութային վայրում համատեղ բացօթյա համերգով հանդես կգա աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի հետ։
Նվագախումբը Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդագրությունը՝ ստորև․
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության սահմանները։
Նոյեմբերի 27-ին նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում:
Մայրամուտին մեկնարկող բացօթյա համերգին նվագախմբի հնչողությունն ու մաեստրո Բոչելիի ձայնը կմիավորվեն Պետրայի յուրահատուկ միջավայրում՝ հանդիսատեսին պարգևելով բարձրակարգ երաժշտական երեկո։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին Աբու Դաբիում»։

