Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
Քաղաքականություն
24.11.2026 | 11:49
ՌԴ զինված ուժերի մի քանի ինքնաթիռներ կարճ ժամանակով մուտք են գործել Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի՝ Ճապոնական ծովի երկնքում։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները, փոխանցում է Yonhap գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ տեղական իշխանությունները բնակիչներին ուղղված նախազգուշացման մեջ սխալմամբ ինքնաթիռները ներկայացրել էին որպես հյուսիսկորեական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսական ինքնաթիռները վաղ առավոտյան մուտք են գործել հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի (KADIZ)՝ մոտենալով Ուլլինդո կղզուն, ապա լքել այդ գոտին, ինչի կապակցությամբ զինվորականները շտապ նախազգուշացում են տարածել»,- ասվում է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ։
Սեուլը օդ է բարձրացրել կործանիչներ, ինչից հետո ռուսական ինքնաթիռները լքել են ՀՕՊ նույնականացման գոտին՝ չխախտելով Հարավային Կորեայի օդային տարածքը, ընդգծել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սին Չխոլը հայտարարել է, որ ռուսական ռազմական ավիացիայի՝ երկրի KADIZ գոտի մուտք գործելու դեմ բողոք հայտնելու նպատակով հրավիրվելու է Ռուսաստանի ռազմական կցորդը։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը հաջորդել է Հյուսիսային Կյոնսան նահանգի վարչակազմի՝ Ուլլըն կղզու բնակիչներին տարհանվելու խորհուրդ ուղարկելուց կարճ ժամանակ անց։ Հինգ րոպե անց տագնապը չեղարկվել է, սակայն ուղարկված հաղորդագրության մեջ ինքնաթիռները սխալմամբ ներկայացվել են որպես «ենթադրաբար հյուսիսկորեական»։
AFP գործակալությունը պարզաբանում է, որ երկրի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտին ավելի ընդարձակ է, քան նրա օդային տարածքը։ Դա այն գոտին է, որտեղ հակաօդային պաշտպանության նկատառումներից ելնելով՝ վերահսկվում են տարածքով անցնող ինքնաթիռները։ Լրագրողները հիշեցնում են, որ այս տարվա հունիսին և օգոստոսին Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ինքնաթիռներ նույնպես մուտք են գործել Հարավային Կորեայի KADIZ նույնականացման գոտի։
Ռուսաստանի և Հարավային Կորեայի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Սեուլը միացել է Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններն ավելի են սերտացել։

